Երևան +14°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:48 27-04-2023

2018-ից ունենք փակ-գաղտնի իշխանություն․ «Դատալեքսը» փաստացի այլևս չի գործում

Երեկվանից «Դատալեքս» տեղեկատվական համակարգն աշխատում է նոր ձևաչափով։ Դատական գործեր որոնելիս՝ տեղեկատվությունը ստանալու համար անհրաժեշտ է մուտքագրել առաջարկվող կոդը։ Պահպանողական կուսակցության ղեկավար Կարեն Հեքիմյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ սա անընդունելի է այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են փաստաբանությամբ, իրավաբանությամբ, լրագրությամբ կամ էլ գործեր ունի դատարաններում։

«Նախկինում շատ հանգիստ մտնում էինք համակարգ ու ցանկացած տեղեկատվություն, որն անհատական տվյալներ չէր պարունակում, կարողանում էինք ստանալ։ Մինչդեռ, երեկ մտնում էինք «Դատալեքս», կոդ է ուզում, սա ժամանակի կորսուստ է։ Բացի այդ՝ «Դատալեքսում» կա 2 բաժին, «Հակիրճ գործ» և «Դատական գործ»։

«Հակիրճ գործում» ոչինչ չի երևում, միայն երևում է, որ ինչ-որ մեկը մեկ ուրիշի հետ դատվում է, նաև երևում է այն հանգամանքերը, թե ինչու են դատվում, թե երբ է դատական նիստը սկսվել կամ ինչ միջանկյալ դատական ակտեր կան, ոչինչ չի երևում։ Այսինքն, «Դատական գործ» բաժինը փակվել է, կա միայն «Հակիրճ նկարագրություն» բաժինը։

Կարծում եմ՝ սա հրապարակայնության, մարդու իրավունքների հետ կապված կոպիտ խախտում է։ Գիտեք, եթե ինչ որ կերպ դեռ ընկալելի է, երբ տեղեկությունը օտար մարդու մասին է, բայց իրավիճակը նույնն է, երբ փորձում ես փնտրել գործեր, որոնցում ներգրավված ես որպես մասնակից՝ հայցվոր կամ պահանջող կողմ, անընդունելի է։

Ես իմ գործը առանց սահմանափակման նայելու հնարավորություն անգամ չունեմ»։

Նա ընդգծեց, որ քանի որ այս իշխանությունների նպատակների մասին կռահելը բավական անհասկանալի է, այս փոփոխության նպատակն էլ դժվար է հասկանալ։

«Երբեմն ես մտածում եմ, որ այս իշխանությունները մտադրված են այն ամեն ինչն անում, նորմալ է՝ փակել ու ավերել։ Նպատակները հասկանալը բավական բարդ է, ինչ-որ մեկի գլխում մի միտք է ծագել, թե եթե կարելի է փակել, ինչո՞ւ բաց թողնել։

Այս իշխանությունները ցանկացած բաց տեղեկատվություն փակելու ու սահմանափակելու միտում ունեն, կարճ ասած՝ 2018 թ-ից ձեռք ենք բերել «փակ-գաղտնի» իշխանություն»։