Հայաստանը ծրագրում է տարեկան 162 տոննա խեցգետին արտադրել։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը, որի նպատակն է խեցգետինի արդյունագերծական արտադրության խթանումը` արհեստական պայմաններում բուծման և աճեցման տեխնոլոգիաների ներդրմամբ։
Ծրագրի նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը` նշելով, որ արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացումը թույլ կտա ՀՀ ջրային տարածքներում վերականգնել վերջին տարիներին կտրուկ կրճատված խեցգետնի պոպուլյացիան։
«Կար ժամանակ, երբ Հայաստանում իրականացվում էր տարեկան շուրջ 3000 տոննա խեցգետնի որս, որից շուրջ 2000 տոննան արտահանվում էր։ Սակայն խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը (առավելապես Սևանա լճից) հանգեցրին դրա պաշարների կտրուկ նվազման։ Խեցգետնի բնական պաշարների ցածր մակարդակը ստիպում է քայլեր ձեռնարկել ապրանքային խեցգետնի արտադրության այլընտրանքային ուղիներ գտնելու ուղղությամբ»,- ասաց Տերյանը։
Այս տեսանկյունից, ըստ նրա, արդյունավետ լուծում կարող է հանդիսանալ արհեստական եղանակով խեցգետինների բուծումը, ինչը կարող է զարկ տալ նաև արդյունաբերական խեցգետնաբուծությանը։
Նախագծով առաջարկվում է 2024-2026 թթ․ հանրապետությունում հիմնել 18 խեցգետնաբուծական ժամանակակից համալիր՝ 12 փոքր, 3 միջին և 3 խոշոր։
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2024-ից ձկնաբուծարանները պետք է անցնեն արտադրության փակ ցիկլի. Սա շատ կարևոր է, որովհետև մենք ցավոք, պրոբլեմ ունենք Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մակարդակի հետ, որը մեր ձկնարդյունաբերության հիմնական ռեսուրսն է, որը ցավոք սրրտի, շահագործվել է ու էականորեն մաշվել:
Նրա խոսքով, դրա պատճառներից մեկն այն է, որ ջուրը մենք վերցնում ենք և ձկնաբուծարաններից հետո դրենաժով դրանք հեռացվում են Հայաստանից:
«Երբ մենք փակ ցիկլի վերաբերյալ որոշումը կայացրել ենք, արձանագրել ենք, որ պետք է այդ գործառույթներն ու համակարգը ներդնենք իրատես ժամկետներում՝ իրատեսական քայլերով, որ մեր տնտեսության մեջ կարևոր տեղ զբաղեցնող ձկնարդյունաբերությունը չոչնչացնենք։ Ահա,կարծում եմ այս ծրագիրը գալիս է լրացնելու այդ շղթան», - ասաց նա՝ ընդգծելով, որ այս ծրագրով պետք է քաջալերեն ու աջակցեն խեցգետնաբուծությանը։
«Ձկնարդյունաբերության ոլորտում ևս խնդիրներ ունենք, և ապրանքի որակական հատկանիշների հետ կապված սպառողների շրջանում որոշակի մտահոգություններ են առաջանում: Մենք բոլոր ստանդարտները պետք է ներդնենք»,-ասաց վարչապետը:
Նշենք, որ նախատեսվում է տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50%-ի չափով։ Նախագծի ընդունման դեպքում փոխհատուցվող ընդհանուր գումարը կազմում է 897,0 մլն դրամ, ինչի համար անհրաժեշտ կլինի 2024, 2025 և 2026 թվականների պետական բյուջեից տարեկան հատկացնել 299 մլն դրամ։
Կառավարության հաշվարկով` ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին, ինչը թույլ կտա տարեկան լրացուցիչ ստանալ 1 մլրդ 620 մլն համախառն արտադրանք։