Երևան +10°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 19:44 01-04-2023

Հայագիտությունը սրանց խրտնեցնում է. Սրապիոնյան

Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը:

Գրականագետ Սերժ Սրապիոնյանն Oragir.News-ի հետ զրույցում՝ խոսելով այն մասին, որ հումանիտար գիտություններն ու հայագիտությունը չեն ներառվել որոշման մեջ, ասաց. «Առաջին իսկ օրից այս մարդիկ Խաչակրաց արշավանք են ձեռնարկել հենց հայագիտության դեմ, հայագիտությունը սրանց խրտնեցնում է, ինչո՞ւ։ Դա գաղափար է, ազգային, հայկական, ձևավորվում է հենց հայագիտական առարկաների միջոցով, դա հայ գրականությունն է, հայոց լեզուն է, հայ մշակույթի պատմությունը, իրենք հնարավորին ամեն ինչ արեցին, որ դա իբրև մտածելակերպ հանեն»,- ասաց Սրապիոնյանը։

Գրականագետն ընդգծեց, որ ծրագրերից հանվում են այն դեպքերն ու հեղինակները, որոնք հայրենասիրության էին մղում մարդկանց։ «Այն հեղինակները, որոնց ստեղծագործությունը բացառապես վերաբերում է հային և Հայաստանին հանել են, ես բոլորովին չեմ զարմանում, ես հիմա այս մարդկանց ուսումնական գործընթացներին վերաբերող քայլերին նույնիսկ չեմ էլ հետևում, որովհետև իմ համար պարզ է, որ կատարված ցանկացած նոր քայլ, նոր հարված է կրթական համակարգին ամբողջության մեջ, հայագիտությանը մասնավորապես, և սա, ըստ էության, ոչ թե ապացուցման կարիք ունի, այլ ակսիոմատիկ ճշմարտություն է»,- ասաց գրականագետը և ավելացրեց, որ սա եղել է իրենց իշխանության գալու առաջին իսկ օրից։

«Սկսած առաջին օրից, երբ սրանք, ոչ բարով, թառեցին հայոց իշխանական աթոռներին, հենց առաջին արշավանքը սկսեցին այդ արժեքների դեմ՝ գումարած հայոց եկողեցին»,- ասաց նա։

Ըստ գրականագետի՝ ներկայիս իշխանության քայլերը մշակվում է մեր թշնամական պետութուններում։ «Որևէ լավ բան սպասել այս մարդկանցից չի կարելի, քանի որ նրանց ամբողջ գործնեությունը մշակվում, ծրագրավորվում, վերածվում է ճանապարհային քարտեզի մեր ամենաոխերին, թշնամական երկրներում, ովքեր ոչ միայն մեր երկիրն են ատում, այլ նաև մեզ և այն բանի համար, որ մենք հայ ենք և մեր ամեն ինչը հայկական է։

Մենք խոսում ենք բարձր արժեքներից, այդ բարձր արժեքը հենց հայրենի հողն է, որ այս մարդիկ ուղղակիորեն տալիս են և հետո հայտարարում, որ դա բանավոր պայմանավորվածության արդյունք է, դեռ գրավորն էլ չգիտենք»,- ասաց գրականագետը։

Զուգահեռներ տանելով ներկաների և նախկին իշխանությունների միջև՝ Սրապիոնյանն ասաց․ «Հիմա անընդհատ դժգոհում են, որ նախկինները այս արին, այն արին, բայց նախկինների ժամանակ օրենքով ընդունված էր հայագիտության ճյուղն՝ իբրև առաջնակարգ ճյուղ կրթական համակարգում։ Բացում էին հայագիտական կենտրոններ, խրախուսվում էին հայագիտական ուսումնասիրությունները, ամբողջ Հայաստանով մեկ հնագիտական հետազոտություններ էին կատարվում, Արցախում հնագիտական հետազոտություններ էին կատարվում։

Այս բոլորը դադարեցվեցին, այդ տեղերը, որտեղ պեղումներ էին կատարվում՝ տրվեցին մեր ոխերիմ թշնամուն ի առ ոչնչացումն, ոչ մի լավ բան չի կարելի սպասել այս մարդկանցից, որովհետև ես երբեմն մեղավոր մտքեր էլ եմ ունենում, մտածում եմ՝ եթե Հայաստանը իր անկախությունը կորցներ, մեր ամենաոխերիմ թշնամիները դառնային Հայաստանում տիրապետող, գուցե ավելի մեղմ մոտենային այն ամենին, ինչ հայկական է, քան սրանք»,- ասաց նա։

«Սրանք ֆաշիստական ատելություն ունեն հայի և հայկականի նկատմամբ, հենց իրենք արտասանում են հայրենիք բառը, իմացեք՝ հայրենիքը գնալու է մի ուրիշ՝ ավելի հզոր ցնցման կամ փորձության»,- ասաց գրականագետը։

Ըստ Սրապիոնյանի այս մարդիկ, ամբողջ կրթական համակարգը ոչնչացնելով, հաստատակամ առաջ են գնում։ «Տեսեք՝ ինչ է կատարվում․ բուհում բերել դրել են մի սայլվորի, որին Խորհրդային ժամանակներում նույնիսկ չէին վստահի մի հատ կոլխոզի այգու պահակություն, դարձրել են ռեկտոր և մարդ հայտարարում է, որ գիտական խորհրդի որոշումը իր համար ոչինչ է, դեկաններ ինքը պետք է նշանակի, ամբիոնի վարիչների հաստիքները ամբողջությամբ կրճատվում են և նաև հայտարարվում է, որ քառորդ կամ կես աշխատանքային դրույք ունեցող բոլոր դասախոսներին պետք է ազատեն աշխատանքից, որովհետև նրանք այն դասախոսներն էին, որ այս մարդկանց քաղաքականությանը դեմ են արտահայտվել, և նրանց աշխատանքային ծավալը կրճատել են՝ հասցնելով կես կամ քառորդ դրույքի, հիմա էլ մարդիկ որոշում են կայացնում այդ մարդկանց ազատելու։

Նրանց նույնիսկ չի հետաքրքրում՝ այդ դասախոսները մասնագետներ են, թե ոչ, դրանց փոխարինող մասնագետներ կճարեն, թե ոչ։ Որովհետև մասնագիտացնելը, մասնավորապես հայագիտական ասպարեզում, իրենց խրտնեցնում է։ Սա ամբողջ պատկերն է»։