Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:26 13-10-2022

Այս մարդիկ ուզում են, որ հայ ժողովուրդը նորից 90-95 տոկոսով վերածվի անգրագետ մի զանգվածի․ Սերժ Սրապիոնյան

«Երեք տարի առաջ ինձ հայտնի էր, որ բուհական համակարգը քայքայելու լուրջ ծրագրեր ունեն այս մարդիկ»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ խոսելով շրջանառվող նախագծի մասին, համաձայն որի՝ երեք բուհեր պետք է միավորվեն։

Խոսելով կառավարության վարած քաղաքականությունից, անդրադառնալով կրթական համակարգում ավելի վաղ տեղի ունեցած փոփոխություններին՝ Սրապիոնյանը ասաց. «Հիմա ինչ է նշանակում միավորել, որտեղի՞ց են առաջացել այդ բուհերը․ առաջացել են Պետական համալսարանից։ Համալսարանի ստեղծողներն ինչի՞ց էին սկսել․ գաղափար սերմանելու մտահոգությամբ, հետո տնտեսություն զարգացավ, երկիր զարգացավ, անհրաժեշտ եղավ բժշկական համալսարան, մանկավարժական համալսարան, լեզուների ուսումնասիրության անհրաժեշտություն, հիմա իրենք ինչի՞ դեմ են կռվում։ Դուք հիշեք իրենց առաջին քայլերը․ բերին դրեցին դդմազգիներից մեկին կրթության նախարար, որը յուրօրինակ մոլուցքով պայքարում էր հայոց լեզվի և նրա տարածվածության դեմ։ Հայոց լեզուն նաև գաղափար է, մտածողություն է, ազգ ձևավորելու ամենահիմնական լծակն է, նոր հետո պատմությունը՝ ինքն իրեն ճանաչելու համար։ Հենց այդ երկու առարկաների դեմ էլ նրանք մինչև իշխանության լծակներին տիրապետելը քայքայելու մեծ դպրոց էին անցել թուրքերի հետ։ Նրանց մշակած ծրագրերը բերին հրամցրեցին որպես նորույթ։ Հիմա ո՞րն էր պատվարը այդ արժեքների պահպանման․ բարձրագույն կրթությունը, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ դպրոցում կան բազմաթիվ թերացումներ, սկսեցին դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին փոխել, բերեցին իրենց համար պատեհապաշտ մարդկանց դրեցին, նույնը սկսեցին բուհերում, հիմա բուհերում պարզ չէր, որ եթե մնային նախկին ռեկտորները՝ նրանք, ովքեր կրթական համակարգի նկատմամբ խիստ մտահոգ էին, կխանգարեին։ Այդ բուհերի ռեկտորներին էլ իրենց նույն մոգոնած օրենքով փոխեցին, դրեցին իրենց կամակատարներին, ովքեր կարող էին ամբիոններից, հարթակներից խոսել և փորձել հիմնավորել այս անհեթհեթ, ապուշ ծրագիրը»։

Խոսելով բուհերի միավորման հետևանքով բուհական համակարգում առաջացող իրավիճակից՝ Սրապիոնյանը ասաց. «Այդ բուհերի միավորված համակարգը չի աշխատի, շենքերը որպես հարստություն, որպես նյութական շահագրգռություն կմնան իրենց տիրապետության տակ, վաղը, մյուս օրը, ինչպես Անասնաբուծական համալսարանի շենքը հայտարարեցին, որ վաճառում են, կամ Գյուղակադեմիայի շենքը, վաղը կհայտարարեն վաճառք, կվաճառեն։ Դուք տեսեք՝ այդ շենքերը որտեղ են տեղավորված, ամեն ինչ պարզ է դառնում։ Այդ շենքերը կվաճառեն, կկրճատեն ամբողջ պրոֆեսորադասախոսական կազմը, միավորված համալսարաններում արեհեստավարժ մասնագետներին կնետեն փողոց և սիրողական մակարդակով բուհական համակարգ կունենանք։ Սա է այս մարդկանց ձգտումը, որի թելադրանքը գալիս է իրենց տերերից։ Այդ տերերը մեզ կպած են, մեկը Ադրբեջանում է տեղադրված, մեկը՝ Թուրքիայում։ Մենք ստիպված ենք լինելու մեր երեխաներին դարին համարժեք կրթություն տալու համար Հայաստանից հանել դուրս։ Սա էլ հղի է ուրիշ վտանգներով․ այդ երեխան գնում է, ձեռք է բերում ուրիշ մշակութային և ազգային արժեքներ, նույնիսկ ապազգային արժեքներ, և մենք կորցնում ենք մեր սերունդը, այսինքն՝ վերջնահաշվարկում սերունդը տապալելու, վերացնելու, ոչնչացնելու անշեղ ծրագիր են իրագործում մարդիկ»։

«Բուհերի միավորում տերմինի տակ թաքցված է հակազգային գործունեություն, ազգը կործանելու գործունեություն։ 19-րդ դարում սով, համաճարակ, զոհեր, գաղթականներ և այլն, եվրոպաներում կրթություն ստացած և եվրոպական արժեքները իմացող մարդիկ համալսարան բացեցին, հո հիմարությունի՞ց չէր դա, հիմա այս մարդիկ վերադառնում են, այսպես կոչված, ի շրջանս յուր, որպեսզի հայ ժողովուրդը նորից 90-95 տոկոսով վերածվի անգրագետ մի զանգվածի, և թող ների ինձ հայ ժողովուրդը, ոչխարի նման ուր ուզեն, այնտեղ քշեն»,- ասաց Սրապիոնյանը։

Խոսելով միավորման հետագա շարունակականությունից՝ Սրապիոնյանը ասաց. «Քանի որ ամենահամեղ պատառը Համալսարանն էր, ես կարծում էի, որ Համալսարանից կսկսեին, բայց հավանաբար այս ընդվզումները մի քիչ զգուշացրին իրենց, և իրենք սկսեցին Բրյուսովից՝ համեմատաբար ավելի փոքր միավոր, համեմատաբար ավելի եվրոպական հովերով տարված միջավայր, որտեղ, մտածեցին, ավելի հեշտ կլինի, և գնացին Բրյուսով։ Կսկսեն հերթով գալ և մենք կունենանք մեկ՝ հեռավոր կերպով անգամ բուհ չհիշեցնող կառույց, որը կկոչվի բուհական կրթություն»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի