Երևան +12°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 12:14 28-03-2023

Ֆրանսիայում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված Դավիթ Անհաղթին

Սույն թվականի մարտի 2 և 3-ին Ֆրանսիայի Ռեն քաղաքի համալսարանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան» երկին։

Այս առիթով զրուցել ենք գիտաժողովի մասնակիցներ՝ թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանի և մշակութաբան, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Արամ Թոփչյանի հետ։

- Օրեր առաջ մասնակցեցիք «Փիլիսոփայության աստվածային խոստումը. Դավիթ Անհաղթի «Սահմանք»-ի հունարեն և հայերեն տարբերակները» խորագրով միջազգային գիտաժողովին։ Մի փոքր կմանրամասնե՞ք գիտաժողովի ուղղվածությունն ու թեմատիկան։

- Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան» և նրա անունով հայտնի մյուս երեք երկերից երկուսը մեզ են հասել հին հունարեն բնագրով և գրաբար թարգմանությամբ․ երրորդը՝ «Արիստոտելի «Առաջին Անալիտիկայի» մեկնությունը», ևս թարգմանված է հին հունարենից, սակայն հին հունարեն բնագիրը չի պահպանվել։

Դավիթն Ալեքսանդրիայի նորպլատոնական փիլիսոփայական դպրոցի ներկայացուցիչներից է։ «Սահմանք»-ը նրա գլխավոր գործն է, որում հեղինակը բացատրում է՝ ինչ է իմաստասիրությունը (փիլիսոփայությունը) և տալիս նրա վեց սահմանում («սահմանք» նշանակում է «սահմանումներ»)։

Նորպլատոնական փիլիսոփայության մասնագետներն ուսումնասիրում են Դավթի երկերը, համեմատում դրանք դպրոցի մյուս ներկայացուցիչների գործերի հետ, ցույց տալիս դրանց բազմաթիվ նմանություններն ու տարբերությունները։ Դավիթն այդ շարքում միակ հեղինակն է, որի երկերը հնում, հավանաբար 6-րդ դարում, թարգմանվել են հայերեն՝ մի կողմից շատ բառացիորեն, մյուս կողմից հին հունարեն բնագրից ուշագրավ շեղումներով։ Ուստի Դավթի անձն ու այդ թարգմանությունները հետաքրքիր են նորպլատոնականությամբ զբաղվող մասնագետներին։ Ինչպես տեղեկացանք, նրանցից ոմանք անգամ գրաբար են սովորել կամ սովորում՝ նյութին ի մոտո տիրապետելու նպատակով։

- Ի՞նչ զեկուցումներ էիք պատրաստել դուք։

- Գոհար Մուրադյանի զեկուցումը վերաբերում էր Դավիթ Անհաղթի «Սահմանք»-ի հայերեն ձեռագրերին (այն հնում բազմիցս ընդօրինակված գործերից է․ միայն Մատենադարանում պահպանվել է 60 ձեռագիր)։ Զեկուցման մեջ անդրադարձ կար նաև Դավթի (ու նրան վերագրված) մյուս երկերին, բացի այդ, փորձ էր արված բացատրելու հին հունարեն և հայերեն «Սահմանք»-ի միջև առկա մի շարք տարբերություններ։

Արամ Թոփչյանն իր զեկուցման մեջ ներկայացրեց հայկական միջավայրում Դավթի մասին ստեղծված լեգենդը (հին հունարեն աղբյուրներում նրա մասին տեղեկություններ չկան, իսկ հայկական աղբյուրներում նա հանդես է գալիս որպես Մովսես Խորենացու քրոջ որդի կամ աշակերտ և Աթենքում փիլիսոփայական, իսկ Կոստանդնուպոլսում աստվածաբանական վեճերում հաղթող, որտեղից էլ՝ նրա Անհաղթ մականունը)։ Այն դեռևս ուսումնասիրության կարիք ունի, պետք է հասկանալ, թե Դավթի մասին պատմության մեջ ինչն է համապատասխանում իրականությանը և որ տարրերն են զուտ լեգենդար։ Թոփչյանը խոսեց նաև «Սահմանք»-ի՝ հայ միջնադարյան հեղինակների մեկնությունների մասին։

- Ծրագրից հասկանալի դարձավ, որ միջազգային գիտական շրջանակներում բավական մեծ է հետաքրքրությունը Դավիթ Անհաղթի նկատմամբ։ Այլազգի մասնագետների զեկուցումներից որո՞նք կառանձնացնեք, և կայի՞ն արդյոք այլ ներկայացուցիչներ Հայաստանից։

- Այո, հետաքրքրությունը Դավիթ Անհաղթի նկատմամբ իրոք մեծ է։ Հայաստանից ներկա էին նաև Մատենադարանի աշխատակիցներ Մանեա-Էռնա Շիրինյանը և Արմինե Մելքոնյանը։ Շիրինյանի զեկուցումն առաջինն էր գիտաժողովում։ Նա ներկայացրեց «Նախաբանի ժանրը հայ միջնադարյան գրականության մեջ» (հիշեցնենք, որ հին հունարեն «Սահմանք»-ի վերնագիրն է՝ Prolegomena․ այն փիլիսոփայության ներածություն/«նախաբան» է)՝ խոսելով այդ ժանրի այլևայլ դրսևորումների մասին և ցույց տալով դրանց ակունքները հին հունական գրականության մեջ, ինչպես նաև զուտ հայկական միջավայրում դրանց զարգացման առանձնահատկությունները։

Արմինե Մելքոնյանի զեկուցումը նվիրված էր մեկ այլ երկի՝ «Ամենայն չար տանջելի» («Ամեն չարիք պատժելի է»), որը նույնպես թարգմանվել է հին հունարենից ու հայերեն ձեռագրերում կցվել «Սահմանք»-ին՝ որպես նրա վերջին գլուխ, և որին նվիրված միջնադարյան մեկնություններ կան (օրինակ՝ 12-րդ դարի ականավոր հեղինակ ու գործիչ Ներսես Շնորհալու մեկնությունը)։

Դավթի «Սահմանք»-ի հին հայերեն թարգմանության այլևայլ խնդիրների էին նվիրված նաև երկու արտասահմանցի հայագետների («Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության» [Association internationale des études Arméniennes] նախագահ Վալենտինա Կալցոլարիի [Ժնևի համալսարան] և Բենեդետտա Կոնտինի [Վիեննայի համալսարան]) զեկուցումները։ Ի դեպ երկուսն էլ, բացի հմուտ հայագետ լինելուց, նաև խոսում են հայերեն։

- Ի՞նչ տվեց այս գիտաժողովը մեզ՝ հայերիս մասնավորապես և Դավիթ Անհաղթի փիլիսոփայության ուսումնասիրության զարգացմանն ընդհանրապես։

- Մենք՝ հայ մասնագետներս, առիթ ունեցանք ավելի լավ պատկերացում կազմելու ուշ անտիկ շրջանի հունական փիլիսոփայության համատեքստում Դավիթ փիլիսոփայի տեղի և դերի մասին, իսկ մեր օտարերկրյա գործընկերները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում Դավթի երկերի հին հայերեն թարգմանությունների և հայկական ավանդության մեջ նրա դերի ու ազդեցության հանդեպ։



Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան