Ջոնիի կերպարում ես իմ անարև մանկությունն էի դրել, իմ որբացած հոգին․ այսօր Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է
copy image url

Ջոնիի կերպարում ես իմ անարև մանկությունն էի դրել, իմ որբացած հոգին․ այսօր Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է

Մշակույթ 2 տարի առաջ - 17:06 19-03-2023
«Իմ ծնունդը ցավոտ պատմություն է, մեր ընտանիքին վիճակված դժբախտության հետևանք: Ես կարող էի չծնվել. ծնվեցի: Իմ աշխարհ գալը լա՞վ էր, թե՞ վատ: Այդ հարցի պատասխանը ես չէ, որ պիտի տամ: Գիտեմ միայն, որ ժողովուրդը ծնունդներով է գոյատևում. ծնունդն է ժողովրդի հավերժության առհավատչյան…»,- իր «Իմ կյանքի հեքիաթը» գրքում գրել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։

Ճիշտ էր մեծանուն դերասանուհին․ այո՛, ծնունդներով է ժողովուրդը հարատևում, իսկ իր ծնունդով՝ թևավորվեց, ոգի առավ։ Վարդուհի Վարդերեսյանի անունը չափազանց սիրելի ու թանկ է հայ ժողովրդի համար:



Այսօր հանճարեղ դերասանուհու՝ հայ թատրոնի Մեծ տիկնոջ՝ Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է։

Ապագա դերասանուհին ծնվել է 1928 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Իր ծնունդի մասին դերասանուհին պատմում է․ «1915-ին ծնվում է եղբայրս՝ Վարդերեսը, գեղեցիկ մի տղա, որին, ավա՜ղ, տեսնել չէի կարող, որի նկարը՝ մեդալիոնի մեջ ամփոփված, այսօր էլ կրում եմ կրծքիս վրա: 1917-ին ծնվում է քույրս՝ Արմենուհին: Ծնողներս՝ արդեն բավական առաջացած տարիքում, բավ են համարում եղածը՝ աղջիկ, տղա, և ապրում են հանգիստ, անխռով կյանքով՝ բախտավոր իրենց զավակներով:

Սակայն ոչ բոլորին է վիճակված երջանիկ լինել ամբողջ կյանքում: Վրա է հասնում մեծ ողբերգությունը մեր ընտանիքին: Եղբայրս հիվանդանում է ոսկրախտով: Ծնողներս վաճառում են իրենց համեստ ունեցվածքը՝ փրկելու եղբորս մահվան ճիրաններից: Անօգուտ: Եղբայրս մահանում է 12 տարեկան հասակում: Եղբորս մահը ցնցում է մորս, խաթարում հոգեկան աշխարհը, բանականությունը, ինչը տարիների հետ մեղմացավ, բայց չանցավ իսպառ: Այնքան մեծ է լինում մորս վիշտը, որ վճռում է լույս աշխարհ բերել մի նոր զավակ, որ փոխարինի կորած զավակին: Մորս մտադրությանն ընդդիմանում է հայրս.

- Աղավնի՛, մենք ծեր ենք արդեն, այդ նոր երեխան որբ պիտի մնա, արի վազն եկուր ադ մտքեն:



Մայրս համառում է, և ծնվում եմ ես, ոչ մորս երազած մանչը, այլ աղջիկ զավակ: Մայրս, իմանալով իմ աղջիկ զավակ լինելը, ապրում է մի նոր վիշտ, և, ինչպես պատմում էին, երկու օր չի նայել երեսիս, հրաժարվել է կրծքով կերակրելուց՝ անիծելով իր բախտը: Ի՞նչ իմանար մայրս, որ հետագայում նրա միակ նեցուկը ես պիտի լինեի:

Ի հիշատակ եղբորս՝ ինձ անվանակոչում են Վարդուհի:

Հորս չեմ տեսել: Ես վեց ամսական եմ եղել, երբ նա վախճանվել է 58 տարեկան հասակում: Այդ օրվանից որբության խարանը դաջվում է ճակատիս, ինչպես հայրս էր գուշակել: Տղայի կարոտը այնքան է լեռնանում մորս սրտում, որ ինձ մինչև վեց տարեկան լինելս՝ մինչ դպրոցական հասակս, տղայի շորերով է մեծացրել, մխիթարվել տղա ունենալու պատրանքով:



Հորս վախճանից հետո մեր ընտանիքը հայտնվում է ծայր թշվառության գրկում... Բուխարեստի ծայրամաս թաղերից մեկում պատսպարված հայ գաղթական մի ընտանիք: Թե ինչպես ենք գոյատևել, Աստծուն է հայտնի»:

Ընտանիքը 1946 թ․ տեղափոխվում է Հայաստան։ Բայց հայրենադարձությունը չթեթևացրեց ծանր կյանքը։ Երիտասարդ աղջիկը գիշերային դպրոց էր հաճախում, իսկ ցերեկները աշխատում էր։ Ահա այստեղ էլ՝ ինքնագործ թատրոնում, խաղացել է իր առաջին դերը՝ Մարգարիտի կերպարը, որը դարձավ այդ կախարդական աշխարհի բանալին, ուր դեռ այնքա՜ն դերեր պիտի կերտվեին․ Ռանևսկայա, Իշխանուհի, Անույշ, Մարիամ, Փեփրոնիա․․․ Իր բոլոր դերերում անկրկնելի էր հայ թատրոնի Մեծ տիկինը, բայց նրա Ջոնին մնաց չգերազանցված․․․



«Չգիտեմ՝ որտեղից և ինչ պարագաներում էր Վ. Աճեմյանին հասել Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» իմաստուն թատերախաղը: Կարծեմ գրողն ինքն էր տվել Աճեմյանին երևանյան իր հերթական այցելության ժամանակ: Կարդացել էր Աճեմյանը թատերախաղը, ոգևորվել, բոցավառվել էր երևակայությունը, տեսել էր ներկայացումը բեմի վրա ու ասել Սարոյանին.

- Մանչուկի դերը դերասանուհի պիտի խաղա:

Իսկ թե որ դերասանուհուն է նկատի ունեցել Վ. Աճեմյանը, ինձ հայտնի լինել չէր կարող:

1959-ի հոկտեմբերին էր. քարտուղարուհին հայտնեց, թե Աճեմյանը ուզում է ինձ տեսնել: Ներկայացա: Սովորական աշխույժն աչքերում՝ դիմեց ինձ.

- Վարդուհի, քեզ համար մի սքանչելի դեր կա:

Այդ ժամանակ պատրաստվում էի լույս աշխարհ բերել երկրորդ զավակիս:

- Բայց պետք է հրաժարվես զավակիցդ:

Աճեմյանի առաջարկը անսպասելի անակնկալ էր ինձ համար: Նույն առաջարկն արել էր ինձ Աբարյանը 1952թ. ինչ-որ դերի առնչությամբ: Ես մերժել էի: Մերժեցի և Աճեմյանին, քանի որ դա հակառակ էր հայ ընտանիքի իմ պատկերացումին:


Վ. Աճեմյանը այդպես էլ չորոնեց նոր դերակատար: Ծալեց պիեսը մի ամբողջ տարի, մինչև կհասներ ժամանակը: 1960թ. նոյեմբերի վերջերին սկսվեցին Վ. Սարոյանի թատերախաղի փորձերը:

Ջոնիի կերպարը առաջին իսկ պահից հրապուրեց, կլանեց ինձ, վերադարձրեց ինձ իմ տխրադալուկ մանկությունը, այն հոգեհարազատ մարդկանց դեմքերը, որոնց շրջանում հասակ էի առել ես: Փորձերի ընթացքում աստիճանաբար տեսա ու ըմբռնեցի, որ Մեք Գրեգորը ամենևին էլ շոտլանդացի չէ, Սասնա կոտորածներից երջանիկ պատահականությամբ փրկված մի մարդ է, որը ծնվել էր շեքսպիրյան ամենամեծ դերասանը դառնալու համար, և կդառնար, եթե հայ ծնված չլիներ: Հասկացա, որ Ջոնիի հայրը՝ Բեն Ալեքսանդրը, անվանափոխ հայ բանաստեղծ է, որը կարող էր դառնալ Վ. Սարոյանի նման աշխարհահռչակ գրող, եթե... Ըմբռնեցի, որ Մարեն հայ ընտանիքն իր ուսերին պահող փխրուն, բայց և դյուցազնական ուժն ունեցող այն առեղծվածային կինն է, որ կարող էր ոսկու փոխարեն Մշո Ճառընտիրը շալակած հայրենիք բերել:



Հաջող, լավ, գերազանց կերպարներ կերտելու բերկրանքը շատ անգամներ եմ ճաշակել, բայց այն հրճվանքը, որ ապրեցի Ջոնիի կերպարի շնորհիվ, բացառիկ էր, շատ քիչ դերերում եմ ճաշակել: Ջոնիի կերպարում ես իմ անարև մանկությունն էի դրել, իմ որբացած հոգին: Ինձ համար Ջոնիի ամեն մի խոսքը, ամեն բառը սոսկ բառ չէր, մի ամբողջ աշխարհ էր, մեր ժողովրդի կենսափիլիսոփայությունը, իմաստությունը:

Ջոնին հաճախ գլուխկոնծի էր տալիս:

- Վարդուհի, տես, հա՜, չգիրանաս, - ասում էր Աճեմյանը:

Ու ես տանը մարզվում էի, գլուխկոնծի էի տալիս մինչ ուժասպառ լինելս: Հանգստանում էի ու նորից անում մարզանքս:

Ջոնիի կերպարի լավագույն հատվածն, իմ ընկալմամբ, խանութպան Կոսակի հետ ունեցածս տեսարանն էր, նրա հետ ունեցածս զրույցը: Այստեղ իմ Ջոնին իսկական դիվանագետ էր: Հիմա՝ տարիներ անց, դժվարանում եմ մտաբերել իմ ստեղծած կերպարի բոլոր մանրամասները, դժվարանում եմ ասել, թե որ խոսքը ինչ գունավորումով էի արտաբերում, բայց մի նախադասություն արտաբերում էի սարսուռով: Այդ նախադասությունն ավարտական վարագույրն իջեցնող խոսքն էր, այն ոսկեզօծ շրջանակը, որն իր մեջ ամփոփում էր ներկայացման ոգին, իմաստը.

- Ես ոչ ոքի անունը չեմ տալիս, պա, բայց ինչ-որ մի տեղ մի բան սխալ է...



Երեսուներեք տարեկան էի, երբ առաջին անգամ Ջոնիի կերպարանքով հայտնվեցի բեմում: Տասնյոթ տարի ապրեցի Ջոնիի հետ կամ նա ինձ հետ հաշտ ու խաղաղ: Երբ հասա հիսունին, զգացի, որ ինչ-որ բան է կատարվում իմ Ջոնիի հետ: Այդ ինչ-որ բանը իմ մեջ չէր, առնչված չէր կենսական ուժերիս նվազման հետ: Սակայն ինչ-որ մի բան անհանգստացնում էր ինձ: Ի՞նչը: Ծերացել էր ներկայացումը, մաշվել: Ու որքան էլ կայտառ լիներ իմ Ջոնին, մաշված ներկայացման մեջ չէր կարող պահել իր նախկին փայլը:

Ու մի օր էլ՝ 1978-ի ամառնամուտին... հրաժեշտ տվի իմ հոգու զավակին, իմ խելոք, փիլիսոփա մանչուկին և ճիշտ վարվեցի:

... Իմ Ջոնին իմ կյանքի հեքիաթի մեջ իրոք հեքիաթ էր և կամ հեքիաթի թերևս ամենագեղեցիկ դրվագը, որի հետ անջնջելի շատ հուշեր են կապված, և որի հասցեին թատերական քննադատական միտքը, հանդիսատեսի հավաքական սիրտը հասցեագրեցին հիացմունքի, գնահատանքի վարար խոսքեր, որ շոյել ու դեռ շոյում են արվեստագետիս ինքնասիրությունը»,- գրել է դերասանուհին։

Օվսաննա Իսրայելյան