Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:30 16-03-2023

Ադրբեջանը ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. հանձնարարականներ եմ տվել ԱԳՆ-ին. Փաշինյան

Ի հեճուկս արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին հրապարակված որոշման, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սրա արդյունքում հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված։ Միևնույն ժամանակ, տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրադրությունը ռազմական առումով, սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից։ Սրա վերջին աղաղակող դրսևորումը ԼՂ ոստիկանության երեք աշխատակիցների սպանությունն էր ադրբեջանական դիվերոսիոն խմբի կողմից՝ սույն թվականի մարտի 5-ին», - ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում. «Կարևոր է արձանագրել, որ ՌԴ ՊՆ-ն մարտի 6-ին տարածած հաղորդագրության մեջ հստակ արձանագրել է, որ միջադեպի նախաձեռնողն ադրբեջանական կողմն է։ ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ԼՂ-ի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում դեպքի մանրամասները պարզելու համար։ Այս առումով, կարծում եմ, հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ ԼՂ-ի ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում։ Ինչպես հիշում եք՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր փակված ճանապարհը չէ միայն, այլև՝ 5 կմ լայնության տարածք անվտանգության գոտի, հետևաբար, մարտի 5-ին Ադրբեջանի կողմից իրականացրած սպանությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում է. խախտվել է ոչ միան հրադադարը, ոչ միայն ԼՂ շփման գիծը, այլև՝ Լաչինի միջանցքի 5 կմ-անոց գոտին», - հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, Ադրբեջանի պետական ու մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում, և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա. «Մեր գնահատականը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս արձանագրումը առկա է նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման մեջ․ «Այս իմաստով կարևոր ու անհետաձգելի եմ համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ-ի շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է, այս մասին ԱԳՆ-ին տվել եմ համապատասխան հանձնարարականներ», - նշեց նա։

Վարչապետը հիշեցրեց, որ շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ. «Կարծում եմ՝ փաստահավաք առաքելությունը կարևոր է՝ հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե Հայաստանը ԼՂ-ում բանակ ունի և որ ՀՀ-ից դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ են իրականացվում։ Այս պնդումներն անհիմն են, Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել, հետևաբար, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը նաև այս առումով է դառնում անրաժեշտություն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք