Երևան +21°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:00 09-03-2023

Արդյոք Դատախազությունն ինքն է հովանավորում կոռուպցիան. ինչու կառույցը չի պաշտպանում ՀՀ քաղաքացիներին

Oragir.News-ն օրեր առաջ հրապարակել էր «Հայաստանում Գերմանիայի դեսպանը զբաղված է կոռուպցիայո՞վ․ նոր մանրամասներ վիզաների տրամադրումից» նյութը, որտեղ մեր զրուցակիցն անդրադարձել է էլեկտրոնային համակարգով վիզա ստանալու համար Գերմանիայի դեսպանատանը օր ամրագրելու խնդիրներին։ Քաղաքացիների համար նախորդ տարվա կեսերից համակարգում տեղի ամրագրումը դարձել էր անհնարին՝ քանի որ տեղերի քանակը խիստ սահմանափակ էր, ու համակարգը վայրկյանների ընթացքում փակվում էր։ Մեր զրուցակիցը տեղեկություններ էր հայտնել այն մասին, քաղաքում կան մարդիկ, ովքեր կարողանում են տեղ ամրագրել համակարգում, ու եթե նախկինում օր ամրագրելու արժեքը 20 հազար դրամ էր, հիմա արժեքն ավելի բարձրացել է և հասել է 35-50 հազար դրամի։

«Կարող եմ ենթադրել, որ օրինակ, IT ոլորտի մասնագետ է աշխատում, ես մարդիկ գիտեմ, որ նախկինում ծրագիր էին ներբեռնել, որն ավտոմատ ամեն ինչ լրացնում էր, սրա արդյունքում օրական կարողանում էին 1 տեղ ամրագրել, բայց եթե դեսպանատան մոտ կանգնեք, կտեսնեք, թե օրական քանի մարդ է մտնում, հաստատ ոչ 1-2 կամ 10-20 հոգու մասին է խոսքը։ Ինձ համար էլ է անհասկանալի, թե ինչու է տարիներ շարունակ աշխատած դեսպանատունը ձեռագիրը փոխել, տարիներ առաջ ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, որ սա կարելի է վերածել բիզնեսի կամ առևտրի»,-ասել էր մեր զրուցակիցը։

Նա նաև պատմել էր, որ փետրվարի 23-ից այս խնդիրն էլ ավելի էր խորացել ու չէր բացառել, որ IT ոլորտի մասնագետները նոր ծրագիր են գրել, որով ավտոմատ լրացնում են տեղերը։

Մեկ այլ՝ «Գերմանիայի դեսպանատունն այս գիշեր 70 սլոթ է բացել․ Oragir.News-ի հոդվածի հետքերով» նյութում մենք նաև հայտնել էինք, որ խնդիրն առաջացել էր այն բանից հետո, երբ տուրիստական գործակալություններից մեկի ներկայացուցիչը, ում որդին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ է, ծրագիր է մշակել, որի միջոցով ավտոմատ կարողացել է լրացնել դեսպանատան հայտերը։ Ի դեպ, քանի որ դեսպանատան դիմաց մուտքի հերթերը չեն պակասում, ակնհայտ է, որ դեսպանատուն մուտքի օրերի ամրագրումը բիզնեսի վերածած ու քաղաքացիների համար ամիսներ շարունակ անհարմարություններ ստեղծած քաղաքացու բացահայտելը իրավապահների համար պետք է որ խնդիր չառաջացնի։

Oragir.News-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու համար, թե արդյոք դատախազությունը գործ հարուցել է՝ բացահայտելու համար այդ քաղաքացուն կամ այն անձանց խումբը, որոնք, քաղաքացիների համար անհարմարություն ստեղծելով, ամիսներ շարունակ ապօրինի բիզնեսով են զբաղվել։

Դատախազության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ ծանոթ չեն հրապարակմանը։

Նշենք, որ խնդրին մենք ամիսներ շարունակ անդրադարձել ենք, սակայն այդ հրապարակումները նույնպես վրիպել են Դատախազության ուշադրությունից։ Մինչդեռ, բազմաթիվ են դեպքերը, երբ օրինակ, Նիկոլ Փաշինյանին համացանցում, անգամ սոցիալական ցանցերում գրառումների ներքո՝ մեկնաբանություններում թեթև վիրավորանք էր հասցվում կամ օրինակ, տոնածառը վառելու մասին գրառում անելու համար Դատախազության արձագանքը չէր ուշանում․ անմիջապես վարույթ է հարուցվում ու նախաքննություն սկսվում, իսկ ամիսներ շարունակ առերևույթ կոռուպցիոն հատկանիշներ պարունակող այս դեպքը Դատախազության ուշադրությանը չի արժանանում, չնայած Դատախազության անմիջական պարտավորությունն է հետամուտ լինել նաև նման հրապարակումներին։

Այսպիսով, մեզ հետաքրքրող 2 հարցերից մեկի պատասխանը մենք ունենք․ Դատախազությունն այս դեպքով դեռ գործ չի հարուցել, մեզ հետաքրքրող երկրորդ հարցի պատասխանը, թե արդյո՞ք իրենք են հովանավորում առերևույթ կոռուպցիոն դրսևորումներ ունեցող այս գործընթացներն, հուսով ենք` կիմանանք, երբ Դատախազությունում կծանոթանան մեր նյութի բովանդակությանը։