Երևան +23°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 11:37 28-02-2023

Գրականությունը ոչ թե զենքն է, այլ փամփուշտը

Զրուցել ենք գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ։

- Տպավորություն է ստեղծվել, թե Չարենցը Ձեր կուռքն է, բայց հարցազրույցներից մեկում Դուք ժխտեցիք դա։ Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն են Ձեր և Չարենցի հարաբերությունները։ Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել Չարենցի հետ որպես կերպար հարաբերվելիս։

- Ես կուռքեր չունեմ: Ես ունեմ նախընտրելի կերպարներ: Որքան նրանք բարդ են, գայթակղությունն այնքան մեծ է: Այս իմաստով Չարենցի հետ հարաբերվելը մեծ փորձություն է: Նա ընդարձակում է ընկալման սահմանները և ձեռնոց է նետում քո հմտություններին: Լինել նրա ազդեցության գոտում և մնալ անաչառ, ընկղմվել խորության մեջ, բայց չդառնալ ջրահեղձ, տեսնել ու համոզվել, այլ ոչ թե հավատալ կուրորեն. ահա սա է Չարենցի հետ մտերմության գինը:

- «Չարենց և Արմենուհի» փաստագրական վեպի վրա աշխատելիս բռնկվեց 44-օրյա պատերազմը։ Ի՞նչ ազդեցություն ունեցավ դա Ձեզ վրա։ Դուք գրում էիք 1920-ին Կարսը կորցնելու մասին և հանկարծ մեր օրերում կորցրեցինք Շուշին։

- Ցանկացած անդրադարձ պատմությանը արվում է հենց այդ նպատակով՝ գտնել զուգահեռներ, ցուցադրել կրկնությունը, հասկանալ օրինաչափությունը ոչ թե հանուն անցյալի, այլ ներկայի համար: Գրականությունը չի կարող լինել կողմնացույց, բայց կարող է դառնալ խոշորացույց նրանց համար, ովքեր պատրաստ են այսօրվա խնդիրները դիտարկել լայն տեսադաշտով:



- Պատերազմը մտավ գրականություն։ Պե՞տք էր արդյոք սպասել, որ որոշակի ժամանակ անցնի և հեռավորությունից սթափ արտացոլումներ տեսնեինք գրականության մեջ, թե՞ ամեն դեպքում հատկապես պոեզիայում այդ պահի հույզն է կարևորը։

- Հույզն ու գրականությունն անբաժանելի են: Բայց հուզականության ավելորդ չափաբաժինը ինչպես կյանքում, այնպես էլ արվեստում միշտ չէ, որ աշխատում է հօգուտ գնահատելի արդյունքների: Յուրաքանչյուր լավ գրող գիտի, թե ինչ բան է չափի զգացումը: Իսկ հատկապես պատերազմական թեմատիկան պահանջում է ծայրահեղ զգուշություն և նրբանկատություն, մի բան, որն այսօր ոչ բոլորին է հաջողվում: Հիմա շատ գրքեր են տպագրվում, որոնցում էմոցիաները պարզապես կլանում են միտք ու դատողություն: Այլ խոսքերով ասած՝ դրանց հեղինակները փորձում են խաղալ մարդկանց նուրբ լարերի հետ՝ տագնապի, ցավի ու արցունքոտ տեսարանների առատության մեջ գծելով իրենց մտադրության իրագործման ուղին: Սակայն դրանց ներգործությունը թույլ է և անցողիկ, որովհետև գրականությունը ոչ թե զենքն է, այլ փամփուշտը: Թիրախը խոցելու համար դիպուկ կրակոց է պետք:

- Այսօրվա սերունդը հիմնականում կարդում է մոտիվացիոն գրքեր, բիզնես գրքեր, ֆանտաստիկա։ Գեղարվեստական գործերը համեմատաբար զիջում են։ Ինչ կարդալը երբեմն ավելի կարևոր չէ՞, քան ուղղակի կարդալը և ինչպե՞ս ձևավորել լավ գիրք կարդալու մշակույթ։

- Թեմայի և նյութի ընտրությունն անկառավարելի են: Յուրաքանչյուր ընթերցող ինքն է որոշում, թե ինչ կարդալ, և եթե գեղարվեստական գրականությունը առաջնային չէ, դա դեռ չի նշանակում, որ մեղավորն ընթերցողն է: Այս պարագայում վիճակագրությունը լավ օգնական չէ: Կարելի է նաև քիչ կարդալ, սակայն գրքերի ճիշտ ընտրությամբ փոխլրացվում է տարբերությունը: Լավ գրքերը նրանք չեն, որոնք հաճելի ժամանց են ապահովում, այլ նրանք, որոնք խթանում եմ մտքի ու գործունեության ստեղծագործական ունակությունները:

- Ո՞վ է հաջորդ գրողը, որ հայտնվելու է Ձեր մանրադիտակի տակ, թե՞ ընթերցողին Չարենցի մասին դեռ նոր բացահայտումներ են սպասվում։

- Այն, ինչի վրա աշխատում եմ ներկա պահին, կապ չունի որևէ նշանավոր անձի կենսագրության հետ: Փաստագրական գրականությունը չի կարելի ստեղծել պլանավորմամբ կամ հերթագրմամբ: Դա պիտի լինի ինքնաբուխ ու անհրաժեշտությամբ թելադրված: Այս պահին այլ մտքեր ու ասելիքներ կան: Փորձում եմ դրանք ի մի բերել նոր ձևի ու հնչեղության մեջ:

- Ի՞նչ գիրք եք կարդում հիմա և ո՞րն է Ձեր սեղանի անբաժան գիրքը։

- Այս պահին կարդում եմ Կազուո Իշիգուրոյի «Օրվա մնացորդը»: Սեղանի գիրք չունեմ և երբեք չեմ ունեցել: Իմ սեղանից անբաժան կարող են լինել միայն թուղթն ու գրիչը:

Արմինե Մուրադյան