Երևան +18°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:30 28-01-2023

«Բժշկությունն իմ օրինական կինն է, գրականությունը՝ սիրուհիս»

1860 թվականի հունվարի 29-ին ծնվել է ռուս գրող, դրամատուրգ Անտոն Չեխովը։ 25 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում նա գրել է ավելի քան 900 ստեղծագործություններ, որոնք դարձել են համաշխարհային գրականության Ոսկե ֆոնդի մի մասը։

Գրական գործունեությանը զուգահեռ՝ Չեխովը երկար տարիներ զբաղվել է բժշկությամբ. «Բժշկությունն իմ օրինական կինն է, գրականությունը՝ սիրուհիս։ Երբ մեկը ձանձրացնում է` գիշերում եմ մյուսի մոտ», - իրեն բնորոշ թախծոտ հումորով ասել է նա։



Համաշխարհային ճանաչում ունեցող ռուս գրողի կրթությունը բժշկական էր։ Նա Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ է ընդունվել 1879 թվականին և ավարտել 1884-ին։ Եղել է բարեխիղճ ուսանող, աշակերտել է պրոֆեսորներ Գրիգորի Զախարինին, Կլեյնին, Վլադիմիր Սնեգիրյովին, Ալեքսեյ Օստրոումովին, Սկլիֆոսոֆսկուն, այլոց։ Դեռևս ուսանողական տարիներին սկսել է բժիշկի պրակտիկան դոկտոր Պ. Ա. Արխանգելսկու մոտ` Մոսկվայի նահանգի Զվենիգորոդի գավառի Չիկինսկի տեղական բուժարանում։ Ինչպես հետագայում ինքն է վկայում` երբեք չի զղջացել, որ ընտրել է բժշկի մասնագիտությունը։
Բժշկի դիպլոմ ստանալուց հետո Չեխովը փորձել է աշխատել մանկական կլինիկաներից մեկում, սակայն նշանակումը չի ստացվել։ Եվ նա իր բնակարանի դռան վրա ամրացրել է «Բժիշկ Ա. Պ. Չեխով» ցուցատախտակը ու սկսել բուժել մարդկանց իր տանը։

«Բժշկությունը իմ մոտ դանդաղ է քայլում. բուժում եմ և բուժում։ Ամեն օր միայն կառապանին վճարում եմ մեկ ռուբլի։ Ես ծանոթներ շատ ունեմ, քիչ չեն նաև հիվանդները։ Հիվանդների կեսին բուժում եմ անհատույց, մյուս կեսը վճարում է երեքից հինգից ռուբլի», - գրել է Չեխովը իր նամակներում։
Չեխովը հիվանդանոցում մշտական հաստիք չի ունեցել, բայց փոխարինել է արձակուրդում գտնվող տեղական հիվանդանոցի վարիչին, կատարել է տեղական բժիշկի առօրեական աշխատանքները, դատաբժշկական փորձաքննություններ, նաև որպես դատաբժշկական փորձագետ ցուցմունքներ է տվել դատարանում։
Բժիշկի աշխատանքին զուգահեռ զարգանում էր Չեխովի գրական կարիերան։ Շատ հաճախ նա կանգնում էր վերջնական մասնագիտություն ընտրելու խնդրի առջև։ Բժշկությունը խոչընդոտում էր իր գրականությանը, սակայն նաև` անսպառ աղբյուր էր իր սյուժեների համար։



Բժշկության դոկտորի աստիճանի քննություններին նախապատրաստվող Անտոն Չեխովը 1887 թվականին հանում է իր բնակարանի դռան վրա փակցված բժշկի ցուցանակը։ Որոշման պատճառ ու առիթ է դառնում «Մթնշաղներում» ժողովածուի համար Գիտությունների ակադեմիայի Պուշկինյան մրցանակը։ Բժշկական պրակտիկան մղվում է երկրորդ պլան, թեև` մասնավոր բժշկական գործունեությամբ զբաղվել գրողը շարունակում է մինչև 1897 թվականին Յալթա մեկնելը։
Թողնելով ակտիվ բժշկությունը, այնուամենանիվ հոգու խորքում Չեխովը շարունակում է մնալ բժիշկ. «Ես երազում եմ թարախապալարների, այտուցների, կապտուկների, փորլուծությունների, աչքի մեջ ընկած կեղտերի և այլ իրավիճակների մասին։ Ամռանը սովորաբար օրվա կեսը ընդունում էի հյուծվածներին, իսկ քույրս ասիստենտություն էր անում ինձ։ Այդ աշխատանքը զվարճալի էր», - 1888-ին նա գրել է նամակներից մեկում։



Բժշկությանը «գոնե մի քիչ վարձահատույց» լինելու նպատակով Չեխովը մեկնում է Սախալին` բանտերի ու բանտային հիվանդանոցների, բարաքների, տեղական մանկաբարձական ծառայության սանիտարական վիճակը ուսումնասիրելու։ Ցնցված իր տեսածից` «Սախալին կղզին» ճամփորդական նոթերում նա վստահորեն հաստատում է. «Բժշկությունը չի կարող ինձ դատապարտել դավաճանության համար։ Ես պատշաճորեն եմ հատուցել գիտնականությանը»։

Բժշկությանը «դավաճանելու» համար բժշկական միջավայրը երբեք չի հանդիմանել Չեխովին։ Ավելին` մշտապես շնորհակալություն են հայտնել գրողին ռուսական գրականության մեջ բժշկական գործիչների իրական կերպարներ ստեղծելու համար։
1890-ական թվականների կեսերին Չեխովը դեռևս մտածում էր համալսարանում սեփական մասնավոր ախտաբանական և բուժական դասընթացների մասին, սակայն ֆակուլտետի դեկանը մերժել է նրա առաջարկը։ 1891-1892 թվականներին գրողը կամավոր մասնակցել է սովի և խոլերայի համաճարակի հետևանքների դեմ պայքարին։



Բժշկության և գրականության ոլորաններում խճճված Չեխովը իր նամակներում ու գրառումներում բազմիցս է անդրադարձել բժշկի մասնագիտությունից հոգնելու, ձանձրանալու ու հեռանալու մասին։ Տարբեր տարիներին և տարբեր նամականերում նա գրել է.
«Օ՜հ, որքան են ինձ ձանձրացրել հիվանդները. հարևան կալվածատերը նյարդային հարված էր ստացել, և ինձ քարշ էին տալիս նրա մոտ մի քնձռոտ սայլակառքով։ Բոլորից շատ ձանձրացնում էին ծծկեր երեխաներով կանայք և դեղափոշիները, որոնք կշռելը ձանձրալի էր»։

«Իմ հոգին հոգնած է։ Տխուր է։ Չպատկանել ինքդ քեզ, մտածել միայն փորլուծության մասին, ցնցվել գիշերը շան հաչոցից կամ դռան թակոցից (արդյո՞ք իմ հետևից չեն եկել), ճամփորդել նողկալի ձիերով, անհայտ ճանապարհներով և կարդալ միայն խոլերայի մասին, սպասել միայն խոլերայի և միևնույն ժամանակ լինել լիովին անտարբեր այդ հիվանդության ու այն մարդկանց նկատմամբ, ում դու ծառայում ես, դա, Տեր իմ, այնպիսի շիլափլավ է, որից դու կարող ես վատ զգալ»։



«Բժիշկ լինելը լավ չէ. և՛ սարսափելի է, և՛ ձանձրալի, և՛ զզվելի»։
«Ես պետք է Ձեզ ասեմ, որ այս ամենը շատ զզվելի է։ Աղջիկը` որդերն ականջների վրա, փորլուծությունները, փսխումները, սիֆիլիսը. թու։ Քաղցր հնչյուններ և պոեզիա` ո՞ւր եք դուք»։
«Ես միայնակ եմ, քանի որ ամբողջ խոլերայինը օտար է իմ հոգուն, իսկ աշխատանքը, որը պահանջում է մշտական շրջագայություններ, բամբասանքներ և մանր հոգսեր, ինձ համար հոգնեցուցիչ են։ Գրելու ժամանակ չկա։ Գրականությունը վաղուց լքված է, ես մուրացիկ եմ և աղքատ, քանի որ նպատակահարմար գտա իմ և իմ անկախության համար հրաժարվել տեղամասային բժշկի վարձատրությունից»։

Սակայն բժշկության մասին տհաճությամբ արտահայտվող Չեխովը նույնիսկ գրական ճանաչման տարիներին չի կարողացել լիովին հրաժարվել բժշկությունից։ Նա աշխատակցել է «Վիրահատական տարեգիր» և «Վիրահատություն» բժշկական ամսագրերին, հոդվածներ գրել «Բժիշկ» թերթի համար։ 1895 թվականին Պոկրովսկ գյուղի տեղական հոգեբուժական հիվանդանոցում մասնակցել է Մոսկվայի տեղական բժիշկների համագումարին։ Որոշակի ժամանակահատվածում Չեխովը սկսել է հետաքրքրվել հոգեբուժությամբ։ Պատահական չեն նրա գրականության մեջ հայտնվել «Հիվանդասենյակ N6» «Նոպա» և «Սև վանականը» գրական երկերը, որոնք կարող էր գրել միայն բժշկական մտածողությամբ գրողը։ Այս շրջանում նա վստահեցնում է, որ կարող էր դառնալ հոգեբույժ, եթե գրող չդառնար։



Գրականության մեջ բժիշկների, բուժակների, նյարդաբանների ու հիվանդների անկրկնելի ու լավագույն կերպարները ծնվել են բժիշկ Չեխովի երևակայության շնորհիվ։ Հետաքրքիրն այն է, որ նա բժիշկներին հիմնականում պատկերել է հեգնական, երգիծական, սարկաստիկ, երբեմն նույնիսկ ծաղրանկարային ոճով։ Միևնույն ժամանակ, սակայն, հենց Չեխովի շնորհիվ է համաշխարհային գրականության մեջ ստեղծվել մտավորական-բժշկի, մարդասեր-բժշկի և անձնվեր մարդու գրական նախատիպն ու կերպարը։
Ի դեպ, հենց բժիշկի մասնագիտությունն էր պատճառը, որ Չեխովն իր ողջ կյանքում անընդհատ զբաղվել է բարեգործությամբ։ Մելիխովոյում, որտեղ նա իր համար կալվածք էր գնել, նաև բուժկետ էր հիմնել, որտեղ ամեն օր առավոտյան ժամը հինգից սկսած ընդունել է հիվանդներին և դեղորայք է մատակարարել նրանց։ Նա մշտապես միջոցներ է հայթայթել կարիքավորների համար, կառուցել է դպրոցներ։
Այս ամենը տեսնելով` 1899 թվականին Նիկոլայ II ցարը հրամանագիր ստորագրեց, որով գրողին շնորհեց Ժառանգական ազնվականի կոչում և Սուրբ Ստանիսլավ երրորդ աստիճանի շքանշան` «գերազանց ջանասիրության և հատուկ աշխատանքի համար»։ Չեխովը քմծիծաղելով հրաժարվել է արքայական մեծահոգությունից։ Բարձրագույն հրամանագիրը մնացել է առանց ուշադրության և հետևանքների։ Նույն կերպ Չեխովն անիմաստ է համարել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի կոչումը, որին նա արժանացել էր 1900 թվականին, իսկ 1902-ին, երբ Նիկոլայ II-ի հրամանով չեղյալ համարվեց Մաքսիմ Գորկու պատվավոր ակադեմիկոս ընտրվելը, Չեխովն ի նշան բողոքի` հրաժարվեց այդ պատվավոր ու բարձր կոչումից ևս։

Նաիրա Եղիազարյան


Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
10:20 «Նիկո՛լ, ս.» պահանջով դուրս գանք փողոց. Վարդան Ղուկասյանի կոչը ընդդիմադիրներին
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը

Ձեզ գուցե հետաքրքրի