Ջոն Ստայնբեքի կյանքն ու այցը Հայաստան
copy image url

Ջոն Ստայնբեքի կյանքն ու այցը Հայաստան

Մշակույթ 2 տարի առաջ - 16:47 27-02-2023
Ջոն Ստայնբեքը երեք անգամ այցելել է ԽՍՀՄ։ Ըստ Հովիկ Չարխչյանի «Անժամանակ» գրքի՝ իր երրորդ այցելության ժամանակ՝ 1963-ին, Ստայնբեքը եղել է նաև Հայաստանում, հյուրընկալել Հովհաննես Շիրազին ու Մարտիրոս Սարյանին։ Սարյանը վրձնել է հայտնի գրողի դիմանկարը։
Վերադառնալով Ամերիկա՝ Ստայնբեքը շնորհակալական նամակ է հղել՝ Հայաստանում իրեն ջերմորեն ընդունելու համար, ինչպես նաև հատուկ նամակ է գրել Հովհաննես Շիրազին։



Ջոն Ստայնբեքը (1902-1968) ամերիկյան գրականության հայտնի գրողներից է, Պուլիցերյան և Նոբելյան մրցանակակիր։ Նրա վեպերն ու պատմվածքները 20-րդ դարի գրականության ամենաուշագրավ գործերից են: Բայց այսօր կներկայացնենք հետաքրքիր փաստեր նրա կյանքի, աշխատանքի և ժառանգության մասին:

Ստայնբեքի իրական ազգանունը եղել է «Գրոսշտայնբեք»։ Գերմանիայից Ամերիկա տեղափոխվելուց հետո նրա հայրական պապը ազգանունը փոխել է «Շտայնբեք»։ Հետագայում տեղի է ունեցել նաև արտասանական փոփոխություն։

Նախքան կայացած գրող դառնալը նա եղել է շինարար բանվոր, Նյու Յորքում բնակվելու տարիներին թղթակցել է տեղի թերթերից մեկին: Աշխատել է որպես ֆերմեր, նկարչի աշակերտ, ապա 1928-ին վերադառնալով Կալիֆորնիա՝ Թահո լճում եղել է էքսկուրսավար և պահակ։ Այստեղ էլ ծանոթացել է առաջին կնոջ՝ Քերոլ Հենինգի հետ (ամուսնացած է եղել երեք անգամ)։

Նրա առաջին ստեղծագործությունները հիմնականում անտեսվել են և միայն 1935-ին հաջողություն է գրանցել «Տորտիլյա Ֆլեթ» վեպը, որն օգնել է գրողին դուրս գալ հարաբերական աղքատությունից ու տուն կառուցել Լոս Գատոսում։



Մի հետաքրքիր փաստ Ստայնբեքի մասին՝ նա չէր սիրում գրամեքենա օգտագործել, այլ գրում էր մատիտով՝ օրական օգտագործելով մինչև 60 մատիտ գրիչի կամ գրամեքենայի փոխարեն։ Նրա որդին՝ Թոմասը հիշում է, որ հայրն աշխատանքի անցնելուց առաջ նախօրոք սրում էր 24 մատիտ։ Օրինակ՝ «Եդեմից արևելք» (“East of Eden”) վեպը գրելու համար նա օգտագործել է 300 մատիտ:

Ստայնբեքն այդքան էլ միանշանակ չի ընդունվել իր հայրենի քաղաքում՝ Սալինասում, թեև միշտ հիացել է այդ հովտային քաղաքի գեղեցկությամբ, իսկ տեղացիները իրենց դժգոհությունը արտահայտելու համար 1939-ին այրել են նրա լավագույն վեպը «Ցասման ողկույզները»։ Գրողը նույնիսկ հրաժարվել է, որ տեղի դպրոցն իր անունով կոչեն՝ վախենալով հետագա զարգացումներից, մինչդեռ այսօր նրա մանկության տունը յուրօրինակ ռեստորան ու այցելության վայր է, իսկ Սալինասի ազգային ստայնբեքյան կենտրոնում շուրջ 36 տարի անցկացվում է Ստայնբեքյան եռօրյա փառատոն։



Գրողը շների մեծ սիրահար էր։ Իր ողջ կյանքի ընթացքում նա տարբեր շներ է ունեցել։ Նրանցից մեկը՝ Թոբի անունով իռլանդական սեթերը, կերել է «Մկների և մարդկանց մասին» (“Of Mice and Men”) վեպի նախնական ձեռագրի մի մասը: Հեղինակը ստիպված է եղել բացատրական նամակ գրել իր գործակալին։ Կարելի է ասել՝ շունը դարձել է նրա ամենահայտնի վեպերից մեկի առաջին քննադատը։

1943-ին Ստայնբեքը, որպես պատերազմի թղթակից, մեկնել է Եվրոպա, սակայն մարտերն ու նյութատեխնիկական միջոցները ներկայացնելու փոխարեն, գրել է պատերազմի հետևում կանգնած զինվորների մարդկային պատմությունների մասին:

Ստայնբեքը իր գրքերում փորձում էր ի հայտ բերել աշխարհում իր տեսած բազմաթիվ խորը սոցիալ-տնտեսական թերությունները: Նա աչքի էր ընկնում իր խորաթափանց սոցիալական քննադատությամբ և հասարակ մարդկանց կյանքի ըմբռնմամբ:

Այսօր Ջոն Ստայնբեքի ծննդյան օրն է։

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
11:59  Ըստ ռուս եկեղեցու` մեղավորը կանայք են, ոչ թե գարեջուրն ու հեռուստացույցը
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
08:52 Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում. Ժողովուրդ

Ձեզ գուցե հետաքրքրի