Մշակույթ Ավելին 2 ամիս առաջ - 21:04 07-06-2022

Նկարիչ Գոգենն իր կյանքն ավարտեց հարբեցողության և անառակության մեջ՝ տառապելով ամոթալի հիվանդությամբ…

«Ոչ ոք չի ուզում իմ նկարները, քանի որ դրանք նման չեն մյուս նկարիչների գործերին... Տարօրինակ, խելագար հասարակություն, որը պահանջում է նկարչից մեծագույն ինքնատիպություն և միևնույն ժամանակ չի ընդունում նրան, եթե նրա գործերը նման չեն ուրիշների գործերին»,- գրել է ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենը։

Կյանքի օրոք մերժված, չգնահատված, չարժևորված այս նկարիչն այսօր աշխարհի ամենաթանկ արվեստագետներից է։ 2015 թվականին նրա «Ե՞րբ է հարսանիքը» նկարը վաճառվեց 300 մլն դոլարով։ Եթե ​​1880-ականների կեսերին այս մասին իմանար պաստառներ սոսնձող, ունեզուրկ Պոլ Գոգենը, երևի կծիծաղեր։ Նյարդային կծիծաղեր։ Քանի որ կենդանության օրոք ճակատագիրը նրան չէր խոստանում ո՛չ համբավ, ո՛չ հարստություն, ո՛չ էլ համաշխարհային ճանաչում:

Գոգենը մշտապես օտար ամայի ճամփեքին էր

Հետևելով Պոլ Գոգենի կենսագրությանը՝ թվում է, թե նա թափառել է աշխարհով մեկ։ Նկարիչը ծնվել է Փարիզում 1848 թվականի հունիսի 7-ին։ Սակայն ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ նրա տատիկը՝ Ֆլորա Տրիստանը, Ֆրանսիայից մեկնեց Լատինական Ամերիկա։ Շատ արագ տատիկին հետևեց նաև Գոգենի ընտանիքը` ճամփա ընկնելով դեպի Պերու: Ճանապարհին մահացավ նկարչի հայրը։ Ընտանիքին պահելու հոգսը լուծելու համար 17 տարեկան Պոլն աշխատանքի ընդունվեց առևտրական նավի վրա և սկսեց ճամփորդել...Անընդհատ ճանապարհին լինելը, տեղում չնստելը ոչ այլ ինչ էր, քան փախուստ ֆրանսիական Օռլեանի գորշ առօրյայից, որտեղ ընտանիքը ապրում էր Պերուից վերադառնալուց հետո։ Այսպես Գոգենն իր կյանքի կեսն անցկացրեց ճանապարհներին։

Առևտրական նավից ֆոնդային բորսա

Գոգենի ընտանիքի ընկեր ու խնամակալ Գուստավ Արոզը օգնեց երիտասարդին նոր աշխատանք գտել։ Ապագա նկարիչը առևտրական նավատորմը փոխարինեց ֆոնդային բորսայով։ Այս շրջանը Գոգենի կյանքի ամենաբարեկեցիկ տարիներ էին։ Նա ամուսնացավ դանիացի Մետտե Գադի հետ, ունեցավ հինգ երեխա։ Գոգենը գոհ էր կյանքից։ Կիրակի օրերին, երբ ազատ ժամանակ էր ունենում, նկարում էր։ Սկզբում դա պարզապես հաճելի հոբբի էր։ Իսկ հետո շատ պատահական նա ծանոթացավ իմպրեսիոնիստների հետ, հասկացավ, որ իր իսկական կոչումը նկարիչ լինելն է։ Հենց արվեստի օգնությամբ և շնորհիվ Գոգենը հայտնվեց թշվառության մեջ։

Աղքատություն, որը դարձավ մշտական ուղեկից

Կինը` Մետտան, այդպես էլ չհասկացավ և չընդունեց ամուսնու բորսայի աշխատանքից հեռանալու ու արվեստին նվիրվելու որոշումը։ Նա որոշեց ապրել հայրենի Կոպենհագենում իր չորս երեխաների հետ։ Միայն կրտսեր զավակը մնաց հոր մոտ։ Նրանք Փարիզում հայտնվեցին աղքատության մեջ. ցուցահանդեսները ոչինչ չէին տալիս, նկարները չէին վաճառվում։ Նկարիչը դրանք շատ հաճախ ստիպված էր լինում թողնել իջեւանատերերին՝ հյուրընկալության դիմաց: Իսկ աշխարհի ապագա ամենաթանկ նկարիչը գումար էր հայթայթում՝ Փարիզի փողոցներում պաստառներ սոսնձելով։

Իմպրեսիոնիզմը, որին հետևում էր Գոգենը, արդեն ճգնաժամի մեջ էր, և ստեղծագործական նոր որոնումներով՝ Պոլը մեկնեց Բրետան։ Նա նոր ստեղծագործական ձևեր է փնտրում։ Այստեղ էր, որ ծնվեց նրա արվեստի ուղղությունը` սինթետիզմը. նկարչական պարզեցված ոճ, վառ գույներ, դեկորատիվություն, իրական աշխարհն ու սեփական երևակայությունը համադրելու փորձ։

Թաիթին ու երկրային դրախտը

1880-ականների վերջին և 1890-ականների սկզբին Գոգենը կրկին սկսեց ճամփորդել։ Ասում են, որ նա դրախտ էր փնտրում երկրի վրա, այդ նպատակով այցելեց Մարտինիկ, Մարկեզյան կղզիներ և Թաիթի։ Հենց Թաիթիի հետ է այսօր կապվում նկարչի անունը։

«Նա խավարի հրեշտակի պես ապստամբեց Աստծո դեմ, և Տերը տապալեց նրան, ինչպես Սատանային։ Նկարիչ Գոգենն իր կյանքն ավարտեց հարբեցողության և անառակության մեջ՝ տառապելով ամոթալի հիվանդությամբ…», - այսպես է գրել նկարչի մասին Թաիթիի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:

Գոգենն իսկապես հեռու էր բարոյական կերպար լինելուց. նա եկեղեցի չէր գնում, ապրում էր անչափահաս սիրուհու հետ, հարբած էր միշտ, իսկ կյանքի վերջում տառապում էր սիֆիլիսից։

Թաիթիում ապրելու ընթացքում նա մոտ 100 կտավ ստեղծեց։ Բայց ճանաչում, փառք, հաջողություն, ու հետեւաբար նաև փող այդպես էլ չունեցավ։

Գոգենը մի անգամ էլ փորձեց վերադառնալ Փարիզ, սակայն փարիզյան հասարակությունը կրկին մերժեց նրա արվեստը` համարելով դրանք մանկական գրքերի նկարազարդումներ։ Ու քանի որ Թաիթիում ապրելն ավելի հեշտ էր ու ավելի էժան, Գոգենը նորից վերադարձավ իր՝ այդպես էլ չգտած երկրային դրախտը:

Նա ավելի ու ավելի քիչ էր նկարում։ Ֆիզիկապես ուժեղ լինելով՝ զբաղվում էր պայտեր ծռելով ու հող փորելով։ Այնուհետև Թաիթիում հրատարակեց 20 տպաքանակով մի թերթ, որով տեղի բնակիչներին հորդորում էր թույլ չտալ իրենց երեխաներին սովորել կաթոլիկ դպրոցում...

Մինչ Գոգենը Թաիթիում նման տարօրինակ բաներով էր զբաղված, Փարիզում արդեն սկսել էին հետաքրքրվել նրա նկարներով։ Բայց նա այդպես էլ չիմացավ դրա մասին։

Գոգենը մահացավ 1903 թվականին։ Նկարչի ընկերները չեն բացառել, որ դա սպանություն էր կամ ինքնասպանություն, քանի որ մարմնի մոտ մորֆիով ներարկիչ էին գտել։

Գոգենին թաղեցին, իսկ գույքը վաճառեցին աճուրդով։ Նկարների մի մասը պարզապես դեն նետեցին։ Թաիթիի ժանդարմները գաղափար չունեին, որ Եվրոպան արդեն սկսել է խելակորույս գնել նրա կտավները...

Գոգենի փորագրած ձեռնափայտերն այժմ գտնվում են Նյու Յորքի թանգարաններում: Խրճիթի փայտերը, որոնց վրա նկարիչը ոչ այնքան պարկեշտ փորագրություններ էր արել, այսօր պահվում են Բոստոնի թանգարանում։ Իսկ Գոգենի հրատարակած թերթի յուրաքանչյուր օրինակն այսօր անգին է։

Ֆոտոշարք

Նաիրա Եղիազարյան

արվեստաբան