Երևան +19°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:11 22-04-2022

Փաշինյանը հողերը ծախել է՝ իմ նման լիքը տղաների կյանքն էլ հետը․ զոհվածի մայր մեջբերում է որդու նամակից

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

44-օրյա պատերազմի մասնակից զոհված տղաների ծնողները ապրիլի 26-ին՝ ժամը 14.00-ին, հավաքվելու են Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի մոտ) եւ միասին որոշեն իրենց հետագա անելիքները: Ծնողները իրենց հետ վերցնելու են իրենց զոհված հերոս տղաների լուսանկարները կամ վերնաշապիկի վրա ունենալու են նրանց պատկերները: Հավաքի նախաձեռնողը 44-օրյա պատերազմում զոհված Արման Օհանջանյանի մայրն է։

«Մեր ծնողներից շատերս պատերազմի ավարտից հետո գիտեինք, որ այս ամենի պատասխանատուն Փաշինյանն է։ Իմ տղան հոկտեմբերի ինձ գրել էր․ «Մամ ջան չանհանգստանաս, մի վախեցի, բայց լավ իմացիր՝ Փաշինյանը հողերը ծախել է՝ իմ նման լիքը տղաների կյանքն էլ հետը»։ Այդքան բանից հետո ես երբեք չեմ դադարել մտածել, թե ոնց ինքը այսքան բանից հետո կա, իսկ մեր հերոս տղաները չկան։ Մեզ հերոս պետք չէր, մեզ մեր երեխաներն էին պետք։ Ոչ մի ծնող չի երազում հերոսի մայր դառնալ, մեզ դա տառապանքից և ցավից բացի ոչինչ չի տվել»,- այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց զոհված Արման Օհանջանյանի մայր Ելիզավետա Բուդաղյանը։

«Ես 90-ականներից սկսած եմ այս ամենի միջով անցնում։ Մարտակերտից այստեղ տեղափոխվեցի, եղբայրներս այնտեղ կռվում էին։ Ես մայրիկիս և քրոջս հետ տեղափոխվեցի այստեղ, նրանք վերադարձան, իսկ ես ամուսնացա, մնացի այստեղ։ Իմ Արմանը այստեղ է ծնվել, բայց իմ կապը Արցախի հետ միշտ եղել է։ Արմանիս կապը Արցախի հետ շատ ամուր էր։ Արմանս 9-րդ դասարանը ավարտելուց հետո տեղափոխվեց Արցախ՝ սովորելու։ Արմանս Արցախում ստացավ ռազմական կրթություն, բայց ոտքի հարթաթաթության պատճառով բանակում չծառայեց, բայց կամավոր մեկնեց պատերազմ»,- ասաց զոհվածի մայրը՝ հավելելով՝ «տղաս մի արտահայտություն արեց, որը ես երբեք չեմ մոռանա։ Ես երբ նրան ասացի՝ ինչի՞ ես հիմա գնում, սպասիր՝ կկանչեն, կգնաս։ Արմանս ասաց՝ գնում եմ քանի որ ես արցախցի եմ»,- ասաց տիկին Բուդաղյանը։

«Իմ տղան հոկտեմբերի 20-ին է զոհվել, հետո երբ նրա հեռախոսը ինձ փոխանցեցին, ես այնտեղ գտա 4 ձայնագրություններ, որոնք արվել էին հոկտեմբերի 20-ի առավոտյան, դա այս պահին իմ համար ամենաթանկ բանն է, որտեղ կարողանում եմ Արմանիս ձայնը լսել։ Այդ ձայնագրության մեջ Արմանս շուրջբոլորն է նկարում, ընկերներին է նկարում, վերջում իրեն է նկարում և ասում, որ հաստատ լավ է լինելու։ Արմանիս ասած վերջին միտքից ես հասկանում եմ, որ մեղավորները պետք է պատասխան տան, որ լավ լինի, մենք էլ տառապենք նրա համար, որ մեր երեխաները չկան, ոչ թե նրա համար, որ պատասխանատուները մինչև հիմա կան։

Հիմա Փաշինյանը իր բերանով է ասում, որ այս ամենը կարող էր լինել, բայց առանց զոհերի։ Մենք պետք է ոտքի կանգնենք, որ նա պատասխան տա։ Ինձ թվում է՝ Փաշինյանը, նույնիսկ ինքն է ուզում, որ իրեն հեռացնեն, քանի որ անհնար է սթափ մարդը ելույթ ունենար և նման բան ասեր։ Այս ամենի հետ ոչ մի ծնող իրավունք չունի հարմարվելու։ Ես պայքարելու եմ, և իմ նման ծնողներ շատ կան, ովքեր մտածում են նույն կերպ։ Նրանք էլ են մտածում, որ իրենց երեխաների մահվան համար 1 պատասխանատուն ինքն է»,- ասաց զոհվածի մայրը։