copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:07 26-02-2023

Հաագայի դատարանի որոշումը Բերձորի միջանցքի ազատ երթևեկությունը երաշխավորող երկրորդ փաստաթուղթն է

Հաագայի միջազգային դատարանի կողմից Ադրբեջանին Բերձորի միջանցքը բացել պարտավորեցնող որոշումը միանշանակ դրական եմ գնահատում։ Այս մասին Oragir.News-ի hետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:

«Մեր խմբակցության ղեկավարը խմբակցության անունից շնորհակալություն է հայտնել և՛ Եղիշե Կիրակոսյանի թիմին՝ կատարած աշխատանքի համար և՛ նաև դատարանում արդարացի որոշում կայացնողներին։ Կարծում եմ, որ սա մեզ համար բավականին մեծ հաղթանակ է թե՛ բարոյական, թե՛ դիվանագիտական դաշտում։ Եթե մենք այլ տեսանկյունից նայենք, ապա այս որոշումը, փաստացի մեկ այլ իրավական փաստաթուղթ է, որը որպես միավոր ամրագրում է Լաչինի միջանցքը և Ադրբեջանին պարտավորեցնում է, որպեսզի ապահովվի անխափան երթևեկությունը»։

Ըստ պատգամավորի, ստացվում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից բացի, Հաագայի դատարանի որոշումը ևս երաշխավորում է Բերձորի միջանցքի անխափան երթևեկությունը։
«Այլ հարց է, իհարկե, Ադրբեջանը կկատարի, թե չէ։ Իմ անձնական կարծիքն է՝ ոչ։ Սա, միանշանակ, Ադրբեջանի արտաքին հեղինակությանը ուրջ կվանսի։ Բայց չեմ կարծում, թե այդ երկիրն այս շուրջ 80 օրվա, այսպես ասած, պետական մակարդակով կազմակերպված միջոցառումից այդպես հեշտ հետ կկանգնի»,- ասաց նա։

Այս ֆոնին, այդուհանդերձ, պատգամավորն անդրադարձավ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, որ միջազգային հարթակում տարած իրավական հաղթանակը կապիտալիզացվելու է։
«Շատ կարևոր է, որ այս ուղղությամբ հետևողական աշխատանք տարվի՝ Ադրբեջանին ստիպելու կատարել միջազգային դատարանի որոշումը։ Իհարկե, եթե Ադրբեջանն ընթացակարգով չի կատարում դա, ապա այդ դեպքում ՀՀ պետք է նոր դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին, որպեսզի նրանք կամ առաջարկություն անեն կամ ինչ-որ գործողություններ ձեռնարկեն։ Իհարկե, պրոցեսը բավականին բարդ է ուհստակություն չկա, որպեսզի պարտադիր միջոցներ կիրառվեն, և Ադրբեջանը, բնականաբար, այդ փաստը կօգտագործի»,- ասաց նա։
Այդ փաստն, ըստ մեր զրուցակցի արդեն իսկ բավականին տեսանելի եղավ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, որտեղ նրանք լղոզված ձևով հայտարարել էին, թե իրենց պարտավորեցնում են անել այն, ինչ իրենք այսպես թե այնպես անում են։

«Նրանք այստեղ ևս փորձելու են մանևրել։ Պետք է հետևողականորեն աշխատել։ Սա, միանշանակ, նվաճում է, բայց չեմ կարծում, թե այն նվաճումն է, որն այսօր կամ վաղ կբերի միջանցքի բացմանը»,- տեսակետ հայտնեց Հարությունյանը։
Նա, այդուհանդերձ, մտահոգիչ համարեց դատարանի մեկ այլ որոշմամբ դեպի Արցախ գազամատակարարման ու էլեկտրանատակարարման մասով Հայաստանի՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հայտը։ Որպես այդ որոծման պատճառաբանություն ներկայացված էր ոչ բավարար ապացույցների փաստը։
«Հայաստանի հիմնական պահանջը բավարարվեց։ Այս առումով, իհարկե, մտահոգիչ է, որ չընդունվեց այդ միջնորդությունը։ Որովհետև Ձեր նշած խոչընդոտների առկայության պարագայում, մենք, բնականաբար, չենք կարողանում անհրաժեշտ ապացույցները ձեք բերել ու ներկայացնել։ Այդ տարածք մուտք գործելն արգելված է։ Բայց համացանցում արդեն իսկ տեսահոլովակներ են ի հայտ գալիս, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները վնասում գազատարը։ Հիմա նման օրինակով մենք կարող ենք բավարարվել, որովհետև մեր գործիքակազմը սահմանափակ է»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով, այս առումով, ավելի օբյեկտիվ գործընթաց տեղի կունենար, եթե տեղում միջազգային մոնիթերինգ իրականացվեր՝ անհրաժեշտ ապացույցների ձեռքբերման գործընթացի ապահովման համար։
«Բնականաբար, մենք այստեղ ապրում ենք և գիտենք, որ խնդիրն առկա է։ Շրջափակումից հետո վնասված են և՛ էլեկտրաէներգիա մատակարարող մալուխները, և՛ գազամատակարարումն է պարբերաբար անջատվում ու միացվում։ Սա մենք մեր սեփական մաշկի վրա ենք զգում։ Դրա հետևանքով Արցախի դպրոցների աշխատանքն է տուժում։ Այս բոլոր ապացույցները մենք ներկայացրել ենք, բայց հասկանում ենք, որ ավելին էր պետք ներկայացնել, ինչի հնարավորությունը մենք այս պահին չունենք՝ հասկանալի պատճառներով»,- ասաց նա։
Արամ Հարությունյանի խոսքով՝ ՄԱԿ-ի դատարանում Բերձորիմիջանցքի հացի քննարկումն արդեն իսկ միջազգայնացնում է Արցախյան խնդիրը, և Ալիևի կողմից մշտապես հնչեցվող թեզը, թե սա Ադրբեջանի ներքին գործն է՝ սնանկանում է։ Իր բնորոշմամբ, եթե այդ հարցն իրենց ներքին գործը լիներ, ապա չէր կարող քննարկվել միջազգային հարթակներում։ Այս առումով, Հարությունյանը կարևորում է նման հարցերը հնարավորինս ակտիվորեն միջազգային հարթակներում բարձրացնելու քաղաքականությունը։
«Այստեղ կարևոր նրբություններ կան, որոնք արդեն դիվանագետնեը պետք է օգտագործեն։ Օրինակ՝ որոշման մեջ Լեռնային Ղարաբար եզրույթն է հնչում։ Իսկ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը պարերաբար փորձում է ասել, թե նման վարչատարածքային միավոր գոյություն չունի։ Այսինքն, երևույթը, միանշանակ, հօգուտ մեզ է և պետք է դրանից օգտվել ու դա մաքսիմալ ծառայեցնել մեր շահերին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե Արցախ մտնելու բազմաթիվ ճանապարհ կա՝ Հարությունյանն ասաց, որ դա կարող է թյուրըմբռնման պատճառ դառնալ ու բացասական ազդել մինչև օրս տարվող ամբողջ գործընթացի վրա։
«Եթե անգամ ինչ-որ լծակներ են գտնվում տեղաշարժի համար, դա կաող է ռուս խաղաղապահների միջնորդություն լինի, կամ գուցե Կարմիր Խաչ կամ էլ այլ ելք, ապա դա չի նշանակում, որ ազատ ելք ու մուտք կա։ Կարծում եմ, որ Սամվել Բաբայանի ասածի տրամաբանությունն էլ է նրան տանում, որ ոչ թե ազատ ելք ու մուտք կա, այլ ինչ –որ եղանակներով որևէ ճանապարհ է գտնվել։ Բայց սա պետք է ճիշտ մատուցել, որովետև կարող է նաև թյուրըմբռնում լինի և արտաքին լսարանում դրա հետ կապված խնդիրներ առաջանան՝ կապված բլոկադայի հետ։ Նաև այն մասով, թե ինչպես այս կամ այն մարդը, կամ այլ կամ այն մթերքը հայտնվեցին Արցախում։ Նախկինում էլ շեշտվել է, որ կան ինչ-որ կյանքի ճանապարհներ, բայց դրանք բավականին քիչ են, օրինակ՝ ռուս խաղաղապահները կամ Կարմիր Խաչը։ Նաև, եթե հիշում եք, Մարիա Զախարովան այս ընթացքում հայտարարել էր, որ 2․5 տոննա բեռ է տեղափոխվել Արցախ, իսկ հայկական տելեգրամյան ալիքներից մեկը հաշվարկ էր կատարել, ու պարզել էր, որ դա նույնիսկ մեկ շնչի համար 1 գրամ չի կազմում։ Այսինքն, նույնիսկ Լենինգրադյան բլոկադան ուներ կյանքի ճանապարհ։ Եվ, եթե անգամ մենք ունենք, ինչ-որ շնչելու երակներ՝ չի նշանակում, որ բլոկադան գոյություն չունի կամ մեր կողմից ներկայացված տվյալներն արժանահավատ չեն։ Օրինակ այս ամբողջ բլոկադային ընթացքում ես Արցախից դուրս գալու որևէ հնարավորություն չեմ ունեցել։ Այս իրավիճակում է Արցախում գտնվողների 99 տոկոսը»,- ասաց նա։