copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:15 23-02-2023

ՀՀ-ն կարող է դիմել ՄԱԿ ԱԽ՝ Ադրբեջանին պարտադրելու կատարել Հաագայի դատարանի որոշումը

«Ադրբեջանին Բերձորի միջանցքը բացել պարտավորեցնող՝ Հաագայի դատարանի որոշումը դրական եմ գնահատում։ Հայկական իրավական համայնքի սպասումներն առ այն, որ հայկական կողմի պահանջները որոշակի չափով բավարարվելու են, իսկ ադրբեջանական կողմինը մերժվելու՝ արդարացել են»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

«Մենք նկատառումներ հայտնել ենք նաև միջոցի ձևակերպումների առնչությամբ։ Նաև դատարանը պրակտիկորեն մեծամասամբ նույնությամբ չի վերարտադրում պետությունների կողմից հայցվող անհապաղ միջոցները։ Եվ այստեղ լեզվաբանական և իմաստային փոփոխություններ լինում են։ Այս տեսանկյունից հայկական կողմից պահանջած ճիշտ ու նույնական միջոցը չի ընտրվել, սակայն, ըստ էության, հիմնական պահանջը բավարարված է։ Եվ Ադրբեջանը պարտավոր է իր տիրապետության ներքո գտնվող բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու համար երկկողմանի տեղաշարժ՝ Լաչինի միջանցքով՝ մարդկանց և տրանսպորտային միջոցների համար»,- ասաց նա։

Այս ֆոնին, այդուհանդերձ, Հաագայի դատարանը մերժել է հայկական կողմի ներկայացրած մեկ այլ հայց։ Դատարանը հայտնել էր, որ հայկական կողմը բավարար փաստեր չի ներկայացրել՝ ապացուցելու համար, որ Արցախի գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը դադարեցվել են Ադրբեջանի ներգործության արդյունքում։ Հետաքրքրվում ենք՝ արդյոք այս դեպքում միջազգային հարթակները չէի՞ն կարող միջնորդ ուժեր ներգրավել ապացույցների ձեռքբերման նպատակով՝ հաշվի առնելով, որ հայկական կողմը չի կարող մուտք գործել Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներ։

«Կարող են ներգրավել։ Ընդհանրապես, դա իրավունքի սկզբունք է և կիրառվում է բոլոր դատական ատյաններում։ Մենք ևս բազմիցս դրանից օգտվել ենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։ Եթե ի սկզբանե, փաստարկումների փուլում ներկայացնում ենք փաստարկ այն մասին, որ ապացույցը գտնվում է մյուս կողմի բացառիկ տիրապետության ներքո, ապա խնդրում ենք փոխել ապացուցման բեռի կանոնները։ Մենք այդպիսով ցույց ենք տալիս դատարանին, որ օբյեկտիվորեն զրկված ենք այդ ապացույցը հայթայթելու և դատարանին ներկայացնելու հնարավորությունից, և չկա որևէ երրորդ կամ այլ կողմ, որ հասանելիություն կունենա ապացույցին։ Եթե այդ ապացույցը հիմնավորելու է կողմի մեղավորությունը, ապա նրանք տակտիկական առումով կարող են չներկայացնել։ Բայց առանց այդ ապացույցի արդարադատությունը կտուժի»,- ասաց

Այս պարագայում արդեն, մասնագետի խոսքով, դատարանները փոխում են ապացուցելու բեռը՝ այն թողնելով այն կողմի վրա, ում տիրապետության տակ այն գտնվում է։

«Դա հնարավոր էր նաև ՄԱԿ-ի դատարանում։ Շատ բանավոր լուծումների ժամանակ նմանաբնույթ հարցեր, անկեղծ ասած, չեն բարձրաձայնվել, և կարծում եմ, որ այստեղ խնդիրն ավելի շատ ապացույցներն են և ապացուցման բեռի բաշխումն է։ Բայց հայկական կողմը, կարծում եմ, զրկված չէ հետագայում՝ ապացուցողական բազան հնարավորինս լրացնելուց հետո, նմանատիպ խնդիրներ բարձրաձայնել, եթե ճնշման այս գործիքն Ադրբեջանի կողմից չարաշահվի»,- ասաց նա։

Այդպիսի չարաշահումներ, փորձագետի գնահատմամբ, ոչ միայն կան, այլև հետագայում ավելի են ինտենսիվանալու։

«Ուստի պետք է նախապատրաստվել և ճիշտ պահին խնդրել, որպեսզի դատարանը կրկին ուսումնասիրի և անդրադառնա ապացուցման այդ բեռի բաշխման կանոններին։ Եթե Ադրբեջանը հրաժարվում է իր բացառիկ տիրապետության տակ գտնվող ապացույցը ներկայացնել, ապա դատարանը հակառակ հետևություններ է անում և հաստատված է համարում հայկական կողմի պահանջները»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Հաագայի դատարանի կողմից Հայաստանի նկատմամբ ներկայացված ականների վերաբերյալ միջնորդության մերժմանը։

«Ադրբեջանական պահանջները մերժելու դատարանի որոշումը, կարծում եմ, շատ հիմնավոր էր։ Մենք ի սկզբանե գիտեինք, որ այդ պահանջը շինծու էր, և այն արհեստական հավասարակշռություն ստանալու նպատակ էր հետապնդում։ Ադրբեջանի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով դուրս էին բերվել թեզեր, որի պայմաններում ոչ իրավաչափ արարքներ էին վերագրվում նաև Հայաստանին։ Դրանով Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրության մոտ ձեռք բերել չեզոքություն։ Բայց, ի սկզբանե էլ պարզ էր, որ նույնիսկ եթե ականապատման տեղեկությունը հաստատված լինի, բավարար չէր, որպեսզի մենք հետևություններ անենք ռասսայական խտրականության մասով։ Որևէ բացատրություն չունի, թե երկրի սահմանային անվտանգությունը մեծացնելու նպատակով տարվող միջոցառումներն ինչպես կարող են թիրախավորել կոնկրետ էթնիկ խմբի ու հետապնդել նրանց ոչնչացնելու ու վերացնելու նպատակ։ Դատարանն, ըստ այդմ, իրավացիորեն արձանագրել է, որ ականապատումն առնչություն չունի ռասսայական խտրականության հետ»,-ասաց նա։

Այս առումով, հայ ռազմագերիների գործով զբաղվող իրավաբանը նմանություն է տեսնում ռազմագերիների խնդրի հետ։ Իր խոսքով՝ ժամանակին հայկական կողմը ևս ռազմագերիների չվերադարձնելը կապել էր ռասսայական քաղաքականության հետ, որին համակարծիք չէր եղել դատարանը։

«Եվ այո՛, դատարանը ռազմագերիների ու ռասսայական խտրականության մեջ ուղիղ կապ չէր տեսել։ Յուրաքանչյուր կոնֆլիկտի արդյունք կարող են լինել մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ կապված ռազմագերիների հետ, և դրանք ավելի բնականոն հետևանքներ են, քան հատուկ ծրագրավորված ու պլանավորված քաղաքականություն՝ որոշակի էթնիկ խմբի նկատմամբ։ Այստեղ, կարծում եմ, որ նույնական մոտեցում է ցուցաբերել դատարանը։ Իհարկե, մենք վերապահում ունենք միտումնավոր չհայրենադարձելու ինստիտուտի հետ, որի դեպքում նրանք նպատակայինպահվում են քաղաքական հարցեր լուծելու համար։ Այս դեպքում արդեն կարգավիճակը փոխակերպվում է պատանդի և, կարծում եմ, այլ կոնվենցիաների շրջանակներում կարելի է քայլեր ձեռնարկել»,- ասաց նա։

Իրավաբանի խոսքով՝ դատարանի կայացրած որոման չկատարումն առաջ է բերում պատասխանատվություն։

«Եթե քաղաքական հայտարարությունների պարագայում մենք պարտադրականության տարր չունենք, ապա իրավական դատական ակտերի պարագայում ձեռք ենք բերում դիրքային մեծ առավելություն, որը պետք է գործածել քաղաքական հարթակներում։ Այսինքն, այդ իրավական ակտերի գոյությունը պետք է լրացվի քաղաքական գործողությունների միջոցով, որպեսզի անհրաժեշտ ճնշում գեներացվի միջազգայնորեն և այդ ճնշման ներքո իրավախախտ պետությունն իր գործելակերպը համապատասխանեցնի միջազգային իրավունքի կամ դատական ակտի պահանջներին։ Այս առումով, մենք իրավական հարթությունում Հայաստանի համար ստեղծել ենք առավելություններ։ Հիմա արդեն դիվանագիտական թիմը պետք է կարողանա կապիտալացնել այդ առավելություններն ու ապահով այդ պահանջների կատարումը»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով, այս դեպքում դատարանը ևս որոշ գործիքներ կարող է կիրառել, մասնավորապես պարբերաբար տեղեկություն պահանջելու Ադրբեջանից՝ պարտադիր որոշման կատարման ընթացքի վերաբերյալ։

«Ավելին, դատարանը միջանկյալ կամ ժամանակավոր միջոցների վերաբերյալ որոշումների մասին տեղեկացնում է նաև ՄԱԿ ԱԽ-ին։ Այսինքն, դատարանն ու ԱԽ-ն արդեն իսկ ներգրավվում են գործընթացում։ Բայց, նույն ԱԽ-ում ինչպիսի գործընթացներ կլինեն և ինչ որոշումներ կկայացվեն՝ կախված է ԱԽ-ում տարվող աշխատանքից, որն իր բնույթով արդեն իսկ դիվանագիտական- քաղաքական է»,- ասաց նա։

Ըստ Սիրանուշ Սահակյանի, այսպիսով հնարավորություն է ստեղծվում իրավական ու դիվանագիտական միջոցներով պարտադրելու Ադրբեջանին կատարելու դատարանի որոշումը։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
13:40 Շիրա՛կ, ոտքի՛ կանգնիր. քայլերթ` հանուն հայրենիքի
18:23 «Կեռան թագուհու Ավետարանը»․ տեղի ունեցավ Էմմա Չուգասզյանի գրքի շնորհանդեսը
19:23 Փաշինյանի արտառոց սերը կտարածվի նաև տավուշցիների վրա՝ նրանց էլ ողողելով «40+10» հազարական դրամներով