Ուղիղ եթեր
Սիրիայում հայկական բազմաթիվ ընտանիքներ անապաստան են մնացել․ Սիրիայի հայկական համայնքի ներկայացուցիչ
copy image url

Սիրիայում հայկական բազմաթիվ ընտանիքներ անապաստան են մնացել․ Սիրիայի հայկական համայնքի ներկայացուցիչ

Արտաքին 2 տարի առաջ - 21:00 09-02-2023
Սիրիայում գրանցված ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն անընդհատ ավելանում է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Սիրիայի հայազգի բնակիչ, լրագրող Հովիկ Շեհիրյանը։

«Մյուս կողմից էլ, բարեբախտաբար, բազմաթիվ դեպքեր են եղել ու շարունակում են լինել, երբ մարդիկ ողջ են մնում փլատակներում ու հնարավոր է լինում փրկել նրանց»,-ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ փլատակներից մարդկանց փրկելու գործում մեծ ներդրում են ունեցել նաև Հայաստանից Սիրիա մեկնած մեր փրկարարները։

«Ուրիշ արաբական երկրներից, Իրանից ու այլ երկրներից օգնության հասած մասնագետները ևս շատ մեծ դեր են ունեցել»,- ասաց մեր հայրենակիցը։

Երկրաշարժի տարածքում մինչև այժմ էլ, դեռևս պահպանվում է շենքերի հավելյալ փլուզման վտանգը։ Ըստ Հովիկ Շեհիրյանի` դեռևս պատերազմի տարիներին շենքերն այնտեղ կառուցված են եղել թերություններով ու ապօրինություններով։ Դրանց մի մասն էլ մեծ վնասներ է կրել։

«Դրանք Սիրիայի կառավարությունից դուրս եղած շրջաններն են։ Երեկ արշավ կատարեցի հայկական թաղամասերում։ Այնտեղ նույնիսկ շենքեր կան, որոնք վտանգավոր վիճակում են։ Այդ տներում ապրող ընտանիքներին ասված է, որ հեռանան այդ տներից։ Այդպիսի տներում, անշուշտ, մեծ թվով հայեր են ապրում։ Շենքեր կան, որոնք կառավարությունը ցանկանում է վնասազերծել, որպեսզի այլ հետևանքներ ևս չլինեն»,- ասաց նա։

ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին դեպի Սիրիա օդային ճանապարհը փակ է։ Հովիկ Շեհիրյանի խոսքով՝ սա բավականին բացասական հետևանք է ունենում երկրաշարժից տուժած Սիրայի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու գործում։

«Հայաստանն ու մի քանի այլ երկրներ կարողացան կտրել այս պատժամիջոցների, այսպես ասած, կանոնը։ Սա հիմնականում ամերիկյան կանոն ու ճնշում է։ Հումանիտար օգնություն չուղարկելը եվրոպական երկրներն արդարացրին նրանով, որ չեն ցանկանում պատժամիջոցների ենթարկվել կամ նեղացնել ԱՄՆ-ին։ Հետևաբար, օժանդակությունները չկարողացան հասցնել Սիրիա։ Օրինակ Սաուդյան Արաբիան, Գերմանիան, ԱՄԷ-ն, եվրոպական ու այլ երկրներ, Սիրիայի օդանավային ընկերությունները կարողացան այդ օգնությունները փոխանցել իրենց քաղաքացիական օդանավերով։ Բայց այդ օգնությունը շատ փոքր ծավալի է, քանի որ օդանավերը պատրաստ չեն մեծ ծավալի օգնություն փոխանցել»,- ասաց նա։

Այս պահին, ըստ Հովիկ Շեհիրյանի, Սիրիայի հայ համայնքն աջակցության կարիք ունի։

«Մեր համայնքն, ընդհանուր առմամբ, կարիք ունի փոքրիկների կաթի։ Որոշ չափով նաև ծածկոցների կարիք կա, որպեսզի տաք մնան, չնայած որ համայնքի բոլոր ղեկավարները՝ լինեն կրոնական թե աշխարհական, փորձում են նրանց համար տաքացուցիչներ ապահովել։ Անշուշտ, նաև կարիք կա նաև բնակիչների սննդով ապահովելու։ Անորոշ վիճակ է։ Չգիտենք, թե դեռևս քանի օր պետք է ապաստանեն այլ կառույցներում, չգիտենք այն անձանց, որոնք պետք է վերադառնան իրենց տներ»,- ասաց նա։

Սիրիայում գրանցված երկրաշարժի զոհերի թվում երկու հայ կա։ Երկուսն էլ` նույն ընտանիքի անդամներ։

«Այս ընտանիքն էր։ Սա միակ հայ ընտանիքն է, որը վնասվեց շատ վատ ձևով։ Քարի տակից նրանց կարողացան հանել։ Մայրն ու որդին մահացան, երեկ նրանց հուղարկավորությունն էր։ Իսկ դուստրն ու ամուսինը մինչև հիմա հիվանդանոցում են։ Բարեբախտաբար, այլ ընտանիք չունենք։ Բայց ընդհանուր քրիստոնյա համայնքը բավականին տուժեց։ Այդ նույն շենքում ապրող կրոնականներ կային, որոնք նույնպես մահացան»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է անօթևան մնացած անձանց՝ նրանց թիվն այս պահին դեռևս ճշտված չէ։

«Մենք Հալեպի մեջ 3 համայնք ունենք՝ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական։ Ներկայում նրանք ապաստանում են դպրոցներում ու եկեղեցիներում։ Կարծում եմ, որ երկրաշարժի հետևանքները շատ ավելի կազդեն մարդկանց կյանքի վրա, քան երկրաշարժն ինքնին։ Կրոնական կողմերն են, որ ցանկագրում են վնասներն ու կարիքների մասին տեղեկություններ հավաքում։ Բոլոր առաջնորդարաններն արդեն իսկ սկսել են այդ գործընթացը։ Երբ որ կառավարական մարմինները գան ու տեսնենք, որ որևէ տանը հնարավոր է ապրել, ապա կարող են այդ տունը վերանորոգել, որ մարդիկ կարողանան շարունակել ապրել այնտեղ։ Եթե ոչ՝ իրենց ապրելու այլ տեղ պետք է ապահովեն»,- ասաց նա։

Հովիկ Շեհիրյանի խոսքով՝ մինչև վերջին ժամերն էլ Սիրիայի տարբեր հատվածներում թեթևակի հետցնցումներ գրանցվում են։ Հաշվի առնելով, արդեն իսկ վնասված շենքերի վիճակն ու հավելյալ փլուզումների վտանգը, հայկական համայնքի ներկայացուցիչները դեռևս որոշակի ժամանակ կշարունակեն մնալ ապաստարաններում։

«Ամենափոքր համայնքն էլ, որ փոքր սրահ ունի, այնտեղ կարող է 400 անձ գտնվել։ Ես երեկ ներկա էի հայկական երկու միություններում։ Դրանցից մեկն ուներ պատսպարված 500 անձ, մյուսը՝ 400։ Մանավանդ Նոր Գյուղ շրջանը, որ հայկական է, պատերազմի ընթացքում շատ տուժեց։ Հետևաբար, մարդիկ, մանավանդ երեկոներն ապաստանում են դպրոցներում՝ հաշվի առնելով նաև պատերազմի հետևանքով վնասված շենքերի փլուզման՝ դեռևս առկա վտանգը»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

19:00 Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են
21:15 Աննան Դուբայներում միլիոններ ա ծախսում, իսկ մեզ Նիկոլն ասում ա՝ եկամուտդ որտե՞ղից ա. լոռեցի
20:40 Ինչ գուզեն, թող ըսեն. սոխ եմ կերել, որ սիրտս մրմռա. Սարատակի նախկին գյուղապետը՝ քրգործի մասին
12:03 Ամերիկացի տղամարդը 20 տարի միտումնավոր ենթարկել է իրեն աշխարհի ամենամահացու օձերի խայթոցներին. BBC
11:13 Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև՝ Հայաստանին նսեմացրին․ Ոսկան Սարգսյան
21:25 Լավ չեն ապրի, Նիկոլից կդժգոհեն, դժգոհելու տեղն աշխատեք. սարատակցի
16:56 Եռատոնի օրը կարող էիր մեզ խնայել․ Հասմիկ Պապյանը քննադատել է Ջուլիանային ադրբեջանցու հետ երգելու համար
22:16 Պայթյուն՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայում. կա տուժած
22:00 Խոշտանգել և նվաստացրել են Լիլիթ Աղեկյանին. փաստաբան
13:26 «Մարտի 1»-ի համար պատասխան տվողը Փաշինյանը պիտի լինի, բայց վրեն չի վերցնում. հարցում