Օհանյանը հատուկ նշանակության հողամասերը վաճառել է այլոց և հափշտակել դրանք. Վարդապետյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:49 07-02-2023
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը կապված է Երասխ զորամասի` հատուկ նշանակության հողերի հափշտակության դեպքի հետ։ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացրեց Օհանյանի մեղադրանքի էությունը։

Ըստ դատախազի` 2022 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ քրեական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարը 2005-ի հուլիսի 11-ի թիվ 34 և 35 որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով ՊՆ–ին է տրամադրել Արմաշ համայնքի Երևանյան խճուղի 24/1 հասցեում գտնվող 1.2 հա մակերեոսվ և Երևանյան խճուղի 1/4Գ 0.9 հա մակերեոսով հատուկ նշանակության հողերը։

Դրանցից Երևանյան խճուղի 24/1 հասցեում գտնվող հողատարածքի վրա եղել են Երասխ 1 զորամասի շտաբը, զորանոցը, ճաշարանը, ակումբը։ Մյուսի վրա` Երախս 2 զորամասի շտաբը, ճաշարանը, ծածկերը, պահեստը։

«Նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Սեյրան Օհանյանը 2008-16թթ., զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, իրականացնելով ԶՈՒ անմիջական ղեկավարումը, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։ Նա վերոհիշյալ հատուկ նշանակության հողամասերը շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը` այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք»,–ասաց Վարդապետյանը` ընդգծելով, որ նկարագրված արարքները կատարվել են 2 դրվագով։

Դատախազը նշեց, որ Օհանյանը հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով օտարել դրանք։ Վարդապետյանը նշեց, որ նախկին պաշտպանության նախարարը 2008 թվականի դեկտեմբերի 15-ին ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ պաշտպանության նախարարության անունից, որի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009-ի հունվարի 13-ին «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և ՊՆ զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև առուվաճառքի պայմանագիր է կնքվել։ Համաձայն այդ պայմանագրի, Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 2 մլն 664 000 դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8 մլն 895 600 դրամ արժեքով շինություններն ընդամենը 4 մլն դրամով փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին։ Սակայն պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքն անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու ստորաբաժանումում որպես սեփականություն գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ: Խաչատուրովը 2 անգամ՝ 2009-ի մայիսի 13-ին և 2016-ի օգոստոսի 16-ին, նշված անշարժ գույքը գրավադրել է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում և վերջինից ստացել է խոշոր չափերով գումար` այդ կերպ օրինականացրել է նշված գումարի հանցավոր ծագումը:

Բացի այդ, Սեյրան Օհանյանը հանձնարարել է անհամեմատ էժան գնով օտարել նաև Երևանյան խճուղու 1/4 Գ հասցեում գտնվող շինությունները։ 2009-ի հունվարի 13-ին Արմեն Հակոբյանի ու ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձ Նորայր Կարապետյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Համաձայն պայմանագրի՝ վերոհիշյալ հասցեում գտնվող 1 մլն 998 000 դրամ արժեքով հողը և դրա վրա առկա 5 մլն 583 000 դրամ արժեքով շինություններն ընդամենը 2 մլն 500 000 դրամով վաճառվել է Արմեն Գևորգյանին: Սակայն նշված պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում որպես սեփականություն գրանցվել է Նորայր Կարապետյանի անվամբ։

Այսպիսով, Սեյրան Օհանյանին մեղսագրվում է 2 դրվագ` 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022-ի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 2 դրվագ` 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022-ի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանցավոր արարքների կատարում: Այն է՝ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։

Ամենից շատ դիտված