copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:55 01-02-2023

Դիտորդների տեղակայումը Հայաստանում նշանակում է, որ Հայաստանի սահմանը դառնում է Եվրամիության սահման․ Տիգրան Խզմալյան

«ՀՀ իշխանությունների հանդեպ արտահայտվող պահանջատիրությունը չպետք է քաղաքացիական հասարակությանը շեղի իր իսկ պարտականություններից»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին ու այդ ուղղությամբ ՀՀ իշխանության կողմից տարվող ջանքերին։

«Տեսեք, թե ինչպես է վարվում Ալիևը։ Նա չի հանդգնում շրջափակումն անել պետական մակարդակով։ Հաագայի մեր փաստաբանները դա նշեցին։ Հասկանում ենք, Բաքվի ռեժիմն է բնապահպանների ուղարկել այնտեղ։ Բայց ֆորմալ կերպով դա անում է, այսպես կոչված, քաղաքացիական հասարակությունը։ Ի՞նչ է անում մեր քաղաքացիական հասարակությունը, ի՞նչ է անում մեր քաղաքական դաշտը։ Մենք շարունակում ենք զբաղվել մեր սիրած գործով, մենք իրար ենք «ուտում»։ Այդ նույն օրերին մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ Հայաստանը բռնապետություն և ռուսական խամաճիկ է՝ կարծելով, թե դա մեր օգտին է։ Ո՛չ»,- ասաց նա։

Խզմալյանի համոզմամբ՝ Արցախի պաշտպանությունը պետք է իրականացվի այլ՝ ժողովրդավարական մոտեցմամբ։

«Մենք աշխարհին պետք է ասենք պարզ մի բան․ եթե աշխարհը միջազգային քաղաքական ազատությունների վարկանիշում 26-րդ տեղն էլ տալիս մեզ, իսկ Ադրբեջանին 131-րդը, ապա ինչպե՞ս կարելի է ենթադրել, որ մեր ազգի մի մասը կարող է մնալ աշխարհի ամենամռայլ բռնապետություններից մեկի կլանման սպառնալիքի տակ։ Սա շատ ուժեղ գործոն է, որը պետք է օգտագործել։ Մենք հասկանում ենք, որ ինչ-ինչ պատճառներով կառավարությունը դա դեռևս չի կարողանում անել։ Դա պետք է անի ընդդիմությունը և մենք դա անում ենք՝ որպես Հայաստանի եվրոպական կուսակցություն։ Հենց հիմա Բրյուսելում է գտնվում իմ քաղաքական օգնականը, ով հրավեր է ստացել Եվրոպական Խորհրդարանից և մասնակցում է Ռուսաստան և կայսերական ապագաղութացում խորագիրը կրող լսումներին։ Ես էլ վերադարձել եմ Լիտվայից, որտեղ հանդիպում էինք Բելառուսի ընդդիմության հետ։ Մենք սերտ կապեր ենք հաստատել Ուկրաինայի հետ, Վրաստան ընդդիմադիր կուսակցությունների հետ։ Մենք ստեղծում ենք այն ճակատը, որը մեզ մերձեցնում է Եվրոպային»,- ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ այս ֆոնին արդեն ավելի քան 50 օր շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախը որևէ գործնական օժանդակություն չի ստացել նույն Եվրոպայից՝ Խզմալյանն արձագանքեց՝ հայտնելով, որ այդ օժանդակությունները չտեսնողները տառապում են քաղաքական ու բարոյական հավկուրությամբ։

«Այդ հավկուրությունը յուրահատուկ է մեր հասարակությանը։ Բերեմ պարզ օրինակ։ Մենք բոլորս հիշում ենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ավելի քան 200 հայ զինվոր զոհվեց Սյունիքում։ Բայց մենք չենք ուզում հիշել, որ արդեն մի քանի ամիս է՝ այնտեղ ոչ մի կրակոց չի հնչում, ինչո՞ւ։ Որովհետև այնտեղ կանգնած է 40 եվրոպական դիտորդ։ Իմիջայլոց անզեն։ Իսկ եթե ինչ-որ մեկը կարծում է, թե Ադրբեջանին Իրանն էր պահում 2022 թվականին, ապա թող հիշեն, թե ինչպես էր Իրանը պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին, անգամ անցել էր Արցախի տարածք։ Մոտավորապես երկու գումարտակ՝ Խուդաֆերին ջրամբարի տարածքով։ Նա չի կանգնեցրել ադրբեջանցիներին, որովհետև այդ պատերազմը ոչ հայ-ադրբեջանական էր, ոչ էլ իրանաադրբեջանական։ Դա շատ ավելի մեծ հակադրություն է, և այդ մասին ուղիղ Երևանում ասել է ԱՄՆ 3-րդ պաշտոնյան՝ Նենսի Փելոսին։ Սա պայքար է ժողովրդավարության և բռնապետության միջև։ Եվ այն պահին, երբ այստեղ կանգնեցին սկզբում, իսկ հիմա 100, հետո 200 և ավել դիտորդները՝ նշանակում է, որ Հայաստանի սահմանը դառնում է Եվրոմիության սահման։ Մարդիկ, որոնք դա չեն հասկանում իրավունք չունեն լուրջ դեմքով քաղաքական կարծիքներ հայտնելու»,- ասաց նա։