copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:49 04-01-2023

Ընդդիմության վարկանիշային կորուստների ու իշխող ուժի անդամների կոմպրոմատային պատերազմների մասին․ 2022-ի ներքաղաքական անցուդարձն ամփոփ

Oragir.News-ը ներքաղաքական տարին ամփոփել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

Ընդդիմության համար ռեբրենդինգն անհրաժեշտություն է։

2022 թ-ի ներքաղաքական կյանքում առանցքային իրադարձությունը մայիսից մեկնարկած «Դիմադրության» շարժման սկսած պայքարն էր։ Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ դժվար է ասել, թե ընդդիմությունն ինչ էր պլանավորել և ինչ է ակնկալում այդ շարժումից, բայց ստացվեց ոչ այնքան հաջող գործընթաց՝ բազմաթիվ սխալների պատճառով և, որպես արդյունք՝ նախ ընդդիմությունը վարկանիշային կորուստ ունեցավ, երկրորդ՝ փաստվեց մի շատ կարևոր հանգամանք, որ հասարակությունը չունի այն պոտենցիալը, որ կարողանա ինքնուրույն, իր մեջ ուժ գտնելով փողոցի շարժման միջոցով իշխանափոխություն իրականացնել։

Հասարակությունը միայն կարող է լավագույն դեպքում իշխանափոխության գործում մասովկայի դեր կատարել, այսինքն, չլինել սուբյեկտ, այլ օբյեկտ և դետալներից մեկը, բայց ոչ շարժիչ ուժը։ «Շարժումը ցույց տվեց, որ քաղաքական ուժերը քաղաքական ծրագրեր իրականացնելիս լուրջ չեն նախապատրաստվում, և շատ դեպքերում իմիջիայլոց վերաբերմունք ունեն ներքաղաքական գործընթացներին, ինչն անթույլատրելի է, քանի որ եթե ուզում ես որևէ գործողություն անել, ապա, միանշանակ, պետք է շատ լուրջ վերաբերմունք դրսևորել դրա նկատմամբ։

Շարժումը ցույց տվեց նաև, որ, այո, հասարակության մոտ կա մի ընտրազանգված, որ դժգոհ է, բայց այդ ընտրազանգվածի ծավալն այդքան էլ մեծ չէ։ Մոտավորապես, 50 հազարի մասին է խոսքը։ Սա, իհարկե, նորմալ է, եթե քաղաքական գործընթաց ես ուզում իրականացնել, իշխանափոխություն ես ուզում կատարել։ Այդ 50 հազարը մասովկայի համար հարմար թվաքանակ է, բայց սա այն թվաքանակը չէ, որ հնարավոր լինի իրենց վրա հենվելով իշխանափոխություն անել»։

Քաղաքագետն ընդգծեց, որ ակնհայտ է, որ քաղաքական ուժերն իրենց սխալներից դասեր չեն քաղում, դա ակնհայտ էր աշնանը, երբ նույնպես փորձ կատարվեց 1-2 միջոցառում իրականացնել, որոնց ընթացքում տեսանք, որ կատարվում են նույն սխսլները, ինչ «Դիմադրության» շարժման ժամանակ։

Բադալյանը նաև առանձնացրեց խորհրդարանական ընդդիմության ներսում կատարված գործընթացները, որոնց արդյունքում «Պատիվ ունեմ»-ից դուրս եկավ «Հայրենիք» կուսակցությունը՝ դադարեցնելով համագործակցությունը ՀՀԿ-ի հետ, իսկ «Հայաստան» դաշինքից «Վերածնվող Հայաստանի» պատգամավորները վայր դրեցին մանդատները։ «Փաստացի գոյություն չունեցող այս երկու կուսակցությունները ինքնուրույն փորձելու են իրենց քաղաքական գիծն առաջ տանել։ Մենք տեսնում ենք նաև, որ ընդդիմությունը, որը պնդում էր, թե իր օրակարգով է վերադառնալու Ազգային ժողով՝ աշնանը վերադարձավ, ինչպես իրենք են ասում՝ իրենց օրակարգով, բայց մենք տեսանք, որ իրենց օրակարգն այնքան միկրոսկոպիկ է, որ չի երևում կամ առհասարակ բացակայում է։

Այս տարվա գործընթացներից ընդդիմությունը շատ լուրջ եզրակացություններ պետք է կատարի և եթե ուզում է հաջողություններ գրանցել, ապա կամ պետք է ռեբրենդինգի ենթարկվի, կամ անգամ քանդվի ու զրոյից կառուցվեի»։

Կառավարման անձնիշխան համակարգն ամրապնվում է։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ իշխանությունը շարունակվում է անձնիշխան համակարգի կառուցման գործընթացը, սա նշանակում է, որ իշխանության ողջ համակարգը՝ գործադիր, օրենսդիր, դատական, ոստիկանական, ՏԻՄ մարմիններ, ամբողջովին կառուցվում են մեկ մարդու քաղաքական նպատակները սպասարկելու համար և բոլորը գիտեն, թե կոնկրետ ով է այդ մեկ մարդը։ «Ըստ էության՝ այդ համակարգն ամրապնդվում է, քանի որ ընդդիմության՝ դրա դեմ փաստացի պայքարը ձախողվում է։

Այսինքն, համակարգն ինքնին թույլ է, բայց քանի որ ընդդիմությունը թույլ է՝ ստացվում է, որ համակարգն ուժեղանում է, գործում ու ամրապնդվում է։ Մենք նաև տեսնում ենք, որ այն գաղափարները, հանուն որոնց 2018 թ-ին տեղի ունեցավ իշխանափոխություն` թափանցիկ ընտրություններ, արդարություն, անգամ այդ կուսակցության մեջ չեն գործում, կուսակցության վարչության ընտրությունները ցույց տվեցին, որ այդտեղ շատ լավ տարածված Է ընտրանկարչությունը, որի արդյունքում մի պատկեր ստացվեց, ապա վերահաշվարկ տեղի ունեցավ ու բոլորովին այլ պատկեր ունեցանք»։

Նա ընդգծեց, որ անձնիշխան համակարգն իր էությամբ ոչնչով չի տարբերվում օլիգարխիկ համակարգի էությունից։ Այսինքն, շատ արագ կառավարման համակարգը գալիս է նույն իրավիճակին, ինչ եղել է մինչև 2018 թ-ը, այսինքն, կառավարման համակարգերը նույնականանում են։ «Ճիշտ է, արտաքին դիզայնն ուրիշ է, բայց էություննը նույն է։

Հատկանշական է նաև, որ այս տարի մենք տեսանք իշխանության մեջ գտնվող անձանց բացահայտ կոմպրոմատային պատերազմները»։

ՏԻՄ ընտրություններ կամ «տեղական ֆեոդալիզմի» ծաղկունքը։

Բադալյանի խոսքերով՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում գործում էր նույն մեխանիզմը, ինչ ՀՀԿ-ի ժամանակ էր․ այսինքն, քանի որ վարչապետը ՔՊ-ական է, համայնքներում, եթե որևէ մեկն ուզում է պաշտոն զբաղեցնել՝ դառնում է ՔՊ անդամ։ «Ընդ որում՝ այդ նույն մարդիկ նախկինում ՕԵԿ-ական էին, հետո բարգավաճ էին կամ հանրապետական, իսկ հիմա ՔՊ-ական են։ Եթե վաղը վարչապետը լինի մարքսիստական կուսակցության անդամ, հավատացեք, ՏԻՄ ընտրություններին շատերը կգնան հենց որպես մարքսիստներ։ Սրա օրինակները բազմաթիվ էին։

Միաժամանակ, ակնհայտ է, որ այնտեղ, որտեղ ՔՊ-ն չի հաղթել, փորձում է իր հսկողության տակ վերցնել կառավարման համակարգը։ Այսինքն, եթե նախկինում պարտադիր է, որ անգամ ամենահեռավոր գյուղի մշակույթի տան պահակը ՀՀԿ-ական լինի, հիմա նույն սկզբունքով՝ այդ պահակը պետք է ՔՊ-ական լինի։ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին մի երևույթ ևս․ Հայաստանում գլուխ է բարձրացնում «տեղական ֆեոդալիզմը», այսինքն, մարդիկ տեղական մակարդակով կուսակցություններ են ստեղծում կամ քաղաքական միավորումներ, որոնք հաղթում են համայնքային ընտրություններում։

Այսինքն, քաղաքական ուժերը փոխանակ միավորվեն և ամրապնդվեն՝ ավելի են մասնատվում, ըստ մարզերի։ Արդյունքում հաղթում է մարզային քաղաքական սեպարատիզմը։ Այսինքն, ՏԻՄ ընտրություններում բազմաթիվ տեղերում հաղթանակ տարան ուժեր, որոնք անհատներ էին, կամ ինչպես նախկինում էին ասում ՝ թաղային հեղինակություններ։ Հիմա նրանք մարզային հեղինակություններ են, որոնք իրենց շուրջն հավաքում են մարդկանց ու հաղթում»։

Նա ընդգծեց, որ ՏԻՄ ընտրություններում նոր կուսակցություններից քիչ թե շատ աչքի ընկան «Ապրելու երկիրը», որը թեև որպես ընդդիմություն էր հանդես գալիս, բայց այն արմատական ընդդիմություն չէր։ «Մարդիկ ընտրում էին չափավոր ընդդիմադիր կառույց, քանի որ իշխանության հետ ասոցացվելու ցանկություն չունեին, իսկ արմատական ընդդիմություն լինելը խնդրահարույց էր, կսրող էիր հայտնվել բանտում»։

Անմրցունակ հասարակություն, ջախջախված կուսակցություններ։

Անդրադառնալով հարցին, թե քաղաքական ուժերն ինչպես են մտնում 2023 թ-ն՝ Բադալյանն ասաց, որ թե ՔՊ-ն, թե ՀՀԿ-ն և Դաշնակցությունը փաստորեն ջախջախված ուժերով են մտնում 2023 թ-ն։ «Որևէ մեկն այդ կուսակցություններից չունի զարգացում , որովհետև առաջինը ընտրակեղծարարությամբ է վարչություն ընտրում, մյուս երկուսը՝ պարտություններով։

«Դիմադրության» շարժումը չկարողացավ որևէ հաջողություն ունենալ, ավելին՝ խորհրդարանական ընդդիմությունից մեկը քվեարկեց իշխանությունների կողմից ԲԴԽ անդամ առաջադրված թեկնածուի օգտին»։

Նրա դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ Հայաստանում այլևս ընտրություններով իշխանություն անհնար է փոխել, արտաքին քաղաքական գործընթացներն այլևս 100 տոկոսով ազդում են Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա, իսկ դա նշանակում է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների ավարտից շատ բան կախված կլինի, այն շատ մեծ ազդեցություն կունենա Հայաստանում քաղաքական գործընթացների վրա։ «Ակնհայտ է, որ այժմ աշխարհաքաղաքական բևեռներից շատ մեծ ճնշում կա Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա։

Այսինքն, օրինակ, դրսից կարող են այստեղ կուսակցություն ստեղծել, մեկ ամիս հետո նշանակել արտահերթ ընտրություններ, որի արդյունքում նորաստեղծ կուսակցությունը կարող է հաղթանակել։ Հետևաբար, զարգացումներն անկանխատեսելի կարող են լինել։

Փաստ է, որ Հայաստանի հասարակությունն այլևս մրցունակ չէ և արտաքին ուժերն ինչ ստեղծեն՝ դա էլ կաշխատի»։

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
15:42 Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ