Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
copy image url

Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի

Ներքին Միտք 11 ամիս առաջ - 14:00 04-05-2024
ՀՀ տոնացույց խցկված, այսպես կոչված, «Քաղաքացու օրը» Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում դասախոսություններ էր կարդում պետության, իշխանության, ժողովրդավարության, սուվերենության, տարածքային ամբողջականության․․․․ և է՛լ ինչերի մասին չէր նա խոսում։

Ու այդ ցանկում նա արեց մի հիշարժան տարակուսանք, եթե կարելի է այսպես արտահայտվել։ Փաշինյանը խոսեց արտագաղթից, որն ահագնացող տեմպեր է ձեռք բերել «սիրո, հանդուրժողականության» հեղափոխությունից հետո։ «Մենք անընդհատ ասում ենք՝ արտագաղթի դեմ պայքարենք․․․ Ասում ենք՝ տնտեսական վիճակը լավ լինի․․․ Է, տեսնում ենք՝ տնտեսական վիճակը լավ ա, էլի արտագաղթ կա։ Ասում ենք՝ ժողովրդի իշխանություն լինի, երևի չի լինի (նկատի ունի արտագաղթը – հեղ․)․․․ Տեսնում ենք՝ ժողովրդի իշխանություն կա, էլի արտագաղթ կա։ Ուրեմն՝ ուրիշ պատճառներ կան էդտեղ», դեմքին խորիմաստ արտահայտություն տալով՝ «իտոգի է գալիս» ՀՀ վարչապետի պաշտոնից կախված այս մարդը՝ ըստ երևույթին մտածելով, թե ինչ-որ բացահայտում է արել։

Պատճառները, ինչ խոսք, շատ են։ Ինչ է, Փաշինյանը կարո՞ղ է պնդել, թե իր ղեկավարած երկրում, օրինակ, կոռուպցիա չկա։ Թե՝ նա կարող է խոսել անվտա՞նգ Հայաստանի մասին։ Իսկ գուցե վեր կենա ու հայտարարի՝ ով հայ ժողովուրդ, քո երկիրը, ճիշտ է, զերծ չմնաց կոռուպցիայից, անվտանգ էլ չի, և ես խոստովանում եմ, որ անձնական մեղավորություն ունեմ այս վիճակի նկատմամբ․ եթե կարող եք՝ թույլ տվեք հրաժարական տամ ու հեռանամ։
Թեև, սա արդեն գիտական ֆանտաստիկայի ժանրից է։

Բոլորդ դեպքերում Փաշինյանն անկեղծ համոզված է, որ արտագաղթի, կառավարման, պաշտպանության, անվտանգության, և մնուս բոլոր խնդիրներում ինքը մեղք չունի։ Անձնական ապահովության համար նա կարող է զոհել իր մերձավոր շրջապատին․ օրինակ, ինչպես 2020թ․ նոյեմբերի 10-ի գիշերը գազազած ամբոխին «նվիրեց» Արարատ Միրզոյանին, այն դեպքում՝ երբ ինքը նույն րոպեներին ինչ-որ նկուղից հարբած «լայվեր» էր անում․․․ Բայց դե թող դրա մասին Արարատը մտածի, իսկ ինքն օրեր, ամիսներ անց, երբ իրեն ապահով կզգա, նոր միայն կհոխորտա, որ հետամուտ կլինի իր նախարարին «սպանելու փորձը» կազմակերպողներին պատժելու գործին։

Այ, թե ով է հեղինակել «Քաղաքացու» օրը և իրեն թույլ է տալիս երկիրը մասնատելուց և կտոր-կտոր թշնամուն հանձնելուց առաջ կամ հետո չքմեղանալ, թե իրականում արտագաղթի «ուրիշ» պատճառներ կան․․․

Ո՛րն ասես, ո՛րը թողնես․․․ Այս անձն այնքան է իջեցրել երկրի իմունիտետի աստիճանը, որ նրանից հետո եկած իշխանությունը պիտի մի քանի տարի ատամները սեղմած և գայթակղիչ կոռուպցիան մի կողմ դրած՝ զբաղվի քարը քարի վրա դնելով։ Սա դառը կատակ է, իհարկե․ ոչ մի իշխանություն չի հրաժարվի անաշխատ վիթխարի փողեր գրպանելուց, պարզապես ժողովուրդը պետք է հասկանա, որ այլևս նիկոլացավով տառապելու շռայլություն չի կարող իրեն թույլ տալ ու պետք է աչքերը չորս արած՝ հետևի, որ նոր իշխանությունն իրեն նիկոլակերպ չպահի։

Գուցե, վերջապես, դրանով պետականակիր ազգ կդառնանք։

Տիգրան Աթանեսյան