Ներքին 2 տարի առաջ - 13:10 04-05-2024

Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթի զրուցակիցն է նախկին փոխոստիկանապետ, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը։

- Այս օրերին տեսնում ենք, թե ինչպես են Տավուշում ոստիկաններն աննախադեպ ուժ կիրառում՝ դաժանաբար բերման ենթարկելով ճամփա փակած ցուցարարներին, վիրավորելով հոգեւոր հորը։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են ոստիկաններն ուժ գործադրում՝ հրաման են ստանում ուղիղ իրենց վերադասի՞ց, թե՞ դա սեփական նախաձեռնությամբ է։

- Այո, ուրեմն նման հրահանգ են ստանում եւ անում են։ Հրահանգը ստանում է նախ իրենց ղեկավարը, որը փոխանցում է իր ստորադասներին։ Խնդիրն այսպես է դրվում։

- Իշխանությունը մեկ ասում է՝ բարեփոխում ենք ոստիկանությունը, այլեւս ուժի գործադրումը չպետք է դառնա ցույց ցրելու մեխանիզմ, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ուժային կառույցը պետք է նաեւ ուժ գործադրի։ Ցուցարարների նկատմամբ գործադրված ուժն արդյո՞ք համաչափ է, եւ ո՞ր դեպքերում կարող են ուժ կիրառել հանցանք չկատարած մարդկանց նկատմամբ։

- Ես հետեւում եմ իրադարձություններին, միանշանակ՝ համաչափ չեն ոստիկանության գործողությունները։ Այսօր ղեկավարությունն իրենք են, ժամանակը կգա, պատասխան կտան իրենց արածների համար։

- Եթե համադրենք 2018-ի եւ այսօրվա դեպքերը, ցուցարարների վարքագիծը, պահվածքը, ինչպե՞ս կբնորոշեք ներկա իրավիճակը, ոստիկանների պահվածքը։

- 2018-ի հետ համեմատելու չէ։

- Դատարանում Դուք ներկայացնում էինք, թե ինչու եք հատուկ միջոց կիրառել 2018-ին, որի համար քրեական գործ է հարուցվել եւ շուրջ 6 տարի քննվում է։ Ասում էիք՝ փորձել եք պետությունը փրկել, արյունահեղությունն եք կանխել։ ՔՊ-ականներն ասում են՝ թավշյա, ոչ բռնի հեղափոխություն են արել։

- Դուք տեսե՞լ եք, թե ինչ իրավիճակ է եղել՝ Ռադիոտան դեպքերը, Բաղրամյան եւ Արցախի փողոցի դեպքերը։ Փաստեր կան, նկարահանված կադրեր կան։

- Լավ հիշեցրիք Ռադիոտան դեպքը․ մարդիկ այսօր ասում են՝ ցուցարարները ներխուժեցին Ռադիոտուն՝ պետական պահպանության տակ գտնվող օբյեկտ, կոտրեցին պետական գույքը, սակայն դրա համար չպատժվեցին։ Այսօր մի խաղաղ ցուցարար կառավարության շենքի մոտ բղավում է՝ «Նիկոլ դավաճան», անմիջապես ձերբակալում են, բերման ենթարկում, երբեմն էլ կալանքի սանկցիա տալիս։

- Թող այն ժամանակ էլ պատժեին, չպատժեցին, դրա համար այս օրը հասանք։

- Ո՞վ պետք է պատժեր։

- Կային համապատասխան ղեկավարներ։

- Նկատի ունեք Սերժ Սարգսյանին, Վլադիմիր Գասպարյանի՞ն։

- Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի դրա հետ։ Այո, Վլադիմիր Գասպարյանը, նա պետք է ոստիկանության ստորաբաժանումներին հրահանգ տար, որ գործողություն անեին։

- Ինչպե՞ս եղավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած 10 հոգանոց խումբը Գյումրուց եկավ Երեւան, եւ ձնագնդի պես այդ ալիքը մեծացավ։

- Ես չեմ կարող ասել, ո՛չ հակահետախուզությունում եմ աշխատել, ո՛չ ԱԱԾ-ում։

- «Էլեկտրիկ Երեւանի» դեպքում ջրցան մեքենաներով ցույցը ցրեցին, 2018-ին նույնիսկ ջրցաններ չօգտագործվեցին։

- Դա ես չեմ ղեկավարել, Երեւանի վարչությունն է ղեկավարել։

- Այսօր մեղադրում են նախկին իշխանությանը եւ ուժային կառույցներին, որ համապատասխան գործողություններ չեն իրականացրել, եւ դրսից կառավարվող, անգամ՝ պայմանավորված իշխանափոխություն է տեղի ունեցել։

- Դա աբսուրդ է, հիմարություն։ Ես ներկա եմ եղել, ժողովուրդն ուզեց։ Նրանք «առանց Արցախ Հայաստան» էին ուզում, ուզում էին, որ օր օրի տարածքները կորցնենք։

- Դուք 10 տարի եղել եք նաեւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը, որը Տավուշի համար է պատասխանատու։ Ի՞նչ են այսօր անում Տավուշում մեր զինվորականները, արդյո՞ք այդ գործընթացը լեգիտիմ է, սահմանադրական։

- Այո, ես հիմա ավելի շատ բանակի ցավով եմ ապրում։ Ինձ չի էլ հետաքրքրում այսօրվա ոստիկանությունը։ Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում, ես շատ մեծ ցավ եմ ապրում։ Իմ սարքածը քանդում ու հանձնում են։

- Ի՞նչ վիճակում են եղել Տավուշի դիրքերը՝ ստրատեգիական նշանակության առումով։

- Տավուշը դիրքերի ամրության իմաստով ամենակահավորված ու ամուրն է եղել։ Ամեն ձեւով կահավորված է եղել՝ ուժեղ սպառազինությունով։ Թող Հայաստանի տարածքները հետ վերցնեն, հետո այլ գործողություններ անեն։ Թող իր ընկերոջից՝ Ալիեւից հետ ուզի մեր հողերը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով