Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:28 22-12-2022

Հայտարարությունները բավարար չեն, անհրաժեշտ են նաև դիվանագիտական ճնշման գործիքներ՝ Ադրբեջանի նկատմամբ․ պատգամավոր

Չափազանց կարևոր է, որ քննարկվել է Լաչինի միջանցքի հարցը` մանավանդ այդպիսի բարձր մակարդակով։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով նախօրեին, հայկական կողմի խնդրանքով անցկացված ՄԱԿ ԱԽ նիստին։

«Հենց այսօր Արցախի ԱԺ նիստում մենք նաև համապատասխան հայտարարություն ընդունեցինք, որտեղ կարևորեցինք այս ամեն ինչը։ Զուգահեռաբար, մեր հայտարարության մեջ շնորհակալություն հայտնեցինք այն երկրներին, որոնք հստակ դիրքորոշում էին հայտնել և դատապարտել էին Ադրբեջանի գործողությունները՝ կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Մենք նաև կոչ ենք արել, որ ՄԱԿ-ն իր համապատասխան սդիտորդական առաքելությունն ուղարկի, որը կգա և տեղում կուսումնասիրի, այսպես կոչված, իբր «բնապահպանների» պահանջն ու գործողությունները»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչ սպասելիքներ պետք է ունենալ ՄԱԿ-ի ԱԽ նիստից, պատգամավորն ասաց, որ այս հարցում որևէ կանխատեսում անելը մի փոքր բարդ կլինի։

«Այդուհանդերձ, կարծում եմ, որ հայտարարությունները չեն կարող բավարար լինել։ Էդտեղ անհրաժեշտ են նաև համապատասխան դիվանագիտական ճնշման գործիքներ, որպեսզի Ադրբեջանը հետամուտ լինի և կատարի իր իսկ ստանձնած պարտավորությունները»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք Հայաստանը հնարավորություն չունե՞ր միջազգային այդ կարևորագույն հարթակում բարձրացնելու այլ կարևոր հարցեր ևս, ասաց․ «Եթե հետադարձ հայացքով ենք նայում և տեսնում ենք, թե միայն Լաչինի միջանցքի հարցով ինչպիսի քննարկում եղավ՝ հասկանում ենք, որ այո՛, հայտարարություններ, իհարկե, եղան և բավականին հասցեական հայտարարություններ, բայց այս պահին մենք դեռևս նույնիսկ անհրաժեշտ գործիքակազմ չենք տեսնում, որպեսզի այդ հայտարարությունների բովանդակությունը կյանքի կոչվի։ Կարծում եմ, որ, իհարկե, կարող էինք նաև այլ խնդիրներ ներառել, նաև Արցախի կարգավիճակի համապարփակ լուծման հարցը, բայց այս պահին Լաչինի միջանցքը շատ հրատապ հարց է։ Այս փուլում պետք է շեշտադրումը դնել և օր առաջ լուծել այս հարցը, որպեսզի հումանիտար աղետի չբախվենք։ Մյուս հարցերը, իհարկե, նույնպես պետք է մնան օրակարգում։ Այդ ուղղությամբ պետք է աշխատել ամենօրյա ռեժիմով»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով ռուս խաղաղապահների հասցեին ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքների ֆոնին, ՄԱԿ ԱԽ նիստին Ռուսաստանի դրսևորած չեզոք դիրքին՝ պատգամավորը հիշեց ևս մեկ դրվագ՝ ՌԴ ներկայացուցչի հայտարարություններից։

«Նույն օրը, երբ Ռուսաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում հայտարարեց, որ ճանապարհը փակ չէ՝ փաստացի փակ է, միայն որոշակի տեղաշարժ կա։ Մինչև այդ հայտարարությունն ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների շարասյան համար որոշ արտոնյալ պայմաններ էր ստեղծում։ Նույն օրը, սակայն, ադրբեջանցիները ցուցադրաբար փակեցին ռուս խաղաղապահների շարասյան ճանապարհը և ստիպեցին, որպեսզի մեքենաները պտտվեն ու վերադառնան։ Կարծում եմ՝ սա Ադրբեջանի կողմից արդեն իսկ 2 տարի վարվող՝ Ռուսաստանին վարկաբեկելու քաղաքականության ևս մեկ դրսևորում է։ Այսպիսով նրանք ցուցադրեցին իրենց արհամարհանքը բոլորին, մյուս կողմից հակասելով նաև իրենց իսկ ներկայացուցչի խոսքերին։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում հայտարարել էր, թե իբր ճանապարհը բաց է հումանիտար բեռների, մեքենաների ու քաղաքացիական անձանց համար»,- ասաց նա։

Անգամ այս պարագայում Ռուսաստանի չեզոք դիրքորոշումն, ըստ պատգամավորի, կարող է պայմանավորված լինել ռուս-ուկրաինական պատերազմով։

«Ռուսաստանը խուսափում է երկրորդ ճակատ ունենալ։ Ադրբեջանը շատ հստակ հասկանում է սա։ Ռուս- ուկրաինական պատերազմի հենց առաջին օրվանից Ռուսաստանի մեջքից հարվածում է։ Եթե հիշենք՝ ի սկզբանե, ռուս- ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ադրբեջանցիներն, այսպես ասած, լայնածավալսադրանքներ սկսեցին՝ Փառուխի դեպքերը, Արցախի գազամատակարարման անջատման դեպքը, պարբերական սադրանքները, կրակահերթեր՝ քաղաքացիական անձանց ուղղությամբ, օգոստոսյան վերջին դեպքերը։ Կարծում եմ, որ սա Ադրբեջանի կողմից վարվող հստակ քաղաքականություն է, որը պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի բարդ հետևանքներով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ հերթական վճռին՝ Բերձորի միջանցքը հումանիտար նպատակներով բացելու վերաբերյալ։

«Բավականին բարդ է կանխատեսել, թե Ադրբեջանն իրեն ինչպես կպահի։ Որովհետև Ադրբեջանն այսօր, փաստացի, աբսուրդային իրավիճակ է ստեղծում փակելով ճանապարհը՝ ամբողջ աշխարհի աչքերի առաջ։ Նրանք շարունակում են պնդել, թե ճանապարհը բաց է։ Հիմա թե ինչպեսպետքէ որոշմանն արձագանքեն՝ դժվար է պատկերացնել։ Կարծում եմ, որ այդուհանդերձ, սա դրական քայլ է։ Չնայած որ միջանկյալ միջոցներ են՝ մտահոգություններ կան, որ ճանապարհը պետք է բացվի հատուկ կարգավիճակ ունեցող մարդկանց համար։ Սա փաստացի Ադրբեջանի պարտավորությունն է, որն այդ երկիրն ստանձնել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Ճանապարհը պետքէ բաց լինի բոոր պարագաներում՝ Արցախի բոլոր բնակիչների համար։ Այս առումով Ադրբեջանն ակնհայտորեն չի ցանկանում կատարել միջազգայնորեն իր ստանձնած պարտավորությունները։ Մյուս կողմից՝ մենք գիտակցում ենք, որ Ադրբեջանն այս քաղաքականությունը շարունակելու է այնքան ժամանակ, ինչքան ունենա էդ հնարավորությունը։ Ադրբեջանի միակ և վերջնական նպատակն Արցախի բնակչության անկումային տրամադրության գեներացնելն ու արդյունքում Արցախը հայաթափելն է»,- ասաց նա։

Արամ Հարությունյանն Ադրբեջանի զսպման ու ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ճանապարհը տեսնում է միջազգային հարթակում հնարավորինս մեծ աղմուկ բարձրացնելու և միջազգային դերակատարների առավել ակտիվ ներգրավմամբ։

«Ադրբեջանն այսօր ունի իր դիրքորոշումը, որն ինքը ցանկացած գնով ուզում է կյանքի կոչել։ Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը։ Նշել ենք, մեր «կարմիր գծերը»՝ և՛ ԱԺ հայտարարությունների տեսքով, և՛ ԱՀ նախագահի հայտարարություններում։ Ես պատկերացնում եմ, որ պետք է միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել այս հարցի վրա, որպեսզի 21-րդ դարում չունենանք նոր ցեղասպանություն»,- ասաց նա։

Այդ ուղղությամբ, ըստ պատգամավորի, թեև քայլեր կատարվում են, բայց դա բավարար չէ՝ հաջողության հասնելու համար։

«Պետք է շատ ավել ակտիվ լինենք յուրաքանչյուրս։ Պատկերացնենք, որ սա մեր ուսերին ընկած պարտավորություն է, որովհետև, փաստացի, այսօր 120․000 մարդ գտնվում է պատանդի կարգավիճակում՝ այդ թվում, 30․000 երեխա։ Կարծում եմ՝ աշխարհում ամեն հայ պետք է հասկանա, որ ինքը ևս այս պրոցեսի մասնակից պետք է դառնա՝ անկախ նրանից՝ որ երկրում է բնակվում և ինչ դիրք է զբաղեցնում։ Պետք է բոլորն աջակցեն մեզ՝ այս խնդիրը շատ ավելի լայն լսարաններում բարձրացնելու, բոլոր հնարավորությունները մաքսիմալ օգտագործելու հարցում։ Հակառակ դեպքում հետևանքները կարող են չափազանց ծանր լինել՝ բոլորիս համար»,- եզրափակեց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան