Երևան +11°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:38 21-12-2022

Մանկամտություն ու ժողովրդին զբաղեցնող խաղեր. ինչպես Լեզվի կոմիտեն դարձավ մեռելածին երևույթ

Լեզվի կոմիտեն ամփոփել է հայերենի 2022 թվականի «Տարվա բառն» ընտրելու քվեարկությունը։ Ընտրության համար առաջարկել էին 12 բառ (այբբենական կարգով), որոնցից Լեզվի կոմիտեի առցանց հետևորդները քվեարկությամբ որոշել են «Տարվա բառը»։ Հաղթել է ԳԻՏԱՐԲՈՒՔ բառը (այս բառի օգտին քվեարկել է մասնակիցների 30%-ը)։ Գիտարբուքը միջոցառում է, որի շրջանակում մարդիկ հավաքվում են՝ «գիտությամբ արբենալու համար», այլ կերպ ասած` հրավիրվում են գիտնականներ, և սրճարանում, ազատ ու անկաշկանդ միջավայրում անցկացվում են գիտական քննարկումներ, խոսվում է գիտության մասին։ Բառը նորակազմ է, բառարանային գրանցում չունի։

Հասարակական-քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն Oragir.News-ի հետ զրույցում նախ փորձեց պարզել բառի ստուգաբանությունը, ապա ասաց. «Գինարբուք բառ կա, բայց գիտարբուքը ո՞րն է, գուցե գիտությամբ արբենա՞լ։ Առահարակ ինչ-որ բանով արբենալն արդեն ինքնին վտանգավոր է։ Բառի օգտին քվեարկողների հոգեկերտվածքի մասին արդեն ամեն բան ակնհայտ է»,- ասաց Դիլբարյանը՝ նշելով, որ քանի դեռ Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհը փակ է, այլ բաների մասին ենք շարունակաբար մտածում, ինչը, մեղմ ասած, ցավալի է։

Բանասեր, ԵՊՀ դոցենտ Սերժ Սրապիոնյանն Oragir.News-ի հետ զրւյցում նշեց, որ անգամ չգիտեր, որ Լեզվի կոմիտե կա, այն էլ՝ Դավիթ Գյուրջինյանի նախագահությամբ. «Լեզվի պետական կոմիտեն մեռելածին երևույթ դարձրեցին՝ հատուկ նպատակով նշանակելով իրենց հատուկ գործակատարին և բարեհաջող ու սահուն կերպով մոռացնել տվեց ինքն այդ կոմիտեի գոյության մասին։ Ի՞նչ է արել Լեզվի պետական կոմիտեն։ Տարվա վերջ է, հաշվետվություն են տալիս․ ցանկացած իրեն հարգող հիմնարկ այդ հաշվետվությամբ ներկայացնում է տարվա մեջ իր կատարած գործերը՝ մամուլում աչքովս ընկել էր այսպիսի մի բան. առավել սխալ գրվող քանի բայ կա, երկրորդ ու երրորդ դասարանի երեխաների դասուսուցման մակարդակով ինչ-որ բան են գցում համացանց ու դրանով իրենց աշխատանքը համարում են կատարված, աներևակայելի աշխատավարձ ու պարգևատրումներ են ստանում, և նպատակը միայն դա է։ Այդ հիմնարկին ու դրա ղեկավարությանը ոչ մի կերպ չեմ վստահում, որովհետև բառի ուղիղ իմաստով՝ ձրիակերներ են, և լեզվի ավերածությունները, որ կատարվում է ամբողջ լեզվական դաշտում՝ խոսակցականից սկսած, վերջացրած գրավոր խոսքով, երբ ա-երի հեղեղը բարձել են մեր գլխին, երբ լեզուն՝ Տերյանի ու Թումանյանի հայոց լեզուն, որը երաժշտության է նմանվում, դարձրել են հայհոյանքի, Լեզվի պետական կոմիտեն որևէ արձագանք չունի՞, որևէ արձագանք չկա՞ քարոզչության մեջ, որը կատարվում է մեր հիմնարկ-ձեռնարկությունների, մեր խանութների, խանութներում՝ պաստառների, ցուցանակների վրա՝ անգլերեն տառերով, նույն ձևով մանկական խաղեր են խաղում ու վիճակագրություն կազմում։ Նախ՝ դա վիճակագրություն չէ, որովհետև եթե այն արվում է, ապա արվում է մասնագետների շրջանում․ ովքեր են այդ մասնագետները, ովքեր նրանց եզրույթն ու մոգոնած տերմինը դրել են առաջին տեղում, իսկ բանակաշինություն բառը՝ երկրորդ տեղում, այստեղ մի ակնհայտ միտում կա, ուրեմն հայտարարել են, դրանով էլի ուշադրություն են շեղում իրենց անգործունյա գործունեությունից և ուզում են ասել, որ մի բան են անում, որի տակ թաքնված է նորից լեզվի ավերակման նպատակը, որ լեզուն ավերակում են հենց իրենք՝ կոմիտե կոչվածներն ու ղեկավար հատվածը, հիմա էլ խաղ են գտել, խաղ են խաղացնում, ու բնականաբար, միամիտ մարդիկ կլինեն, ովքեր այդ գիտարբուքը կընդունեն, իբրև թե հարուստ գիտությամբ բառ են մոգոնել, մի քանի միամիտներ էլ բառը կընդունեն, վաղը-մյուս օրն էլ՝ սրանք երաժշտություն կհորինեն, կասեն տեսեք՝ մենք նոր բան ենք հորինել՝ «դըմփ դըմփ հու»։ Ի՞նչ հեքիաթ են պատմում, նոր բառ են մոգոնում, իբրև հները շատ են կիրառում, հիմա էլ նորորն են ստեղծում, նորերով ուզում են ինչ-որ մեկին զարմացնել։ Մանկամիտ՝ բառի ուղիղ իմաստով, և ուզում են դրանով փաթաթել մեր ժողովրդի վզին, որովհետև մասնագետներն էլ հարմար կերպով լռում են ամբիոնների հետևում թաքնված։ Դավիթ Գյուրջինյանը պետք է հայտարարվեր լեզվաբան․ ուրիշ ի՞նչ։ Նա պետք է հիմա կարողանա մի հոդաբաշխ նախադասությամբ բացատրել, թե որն է Լեզվի պետական կոմիտեի առաքելությունը, ի՞նչ պետք է անի պետական կոմիտեն, կհասկանայինք, որ ինչ-որ բանով զբաղված են, բայց ոչ մի բան էլ չեն անում։ Եւ եկել, փորձում են իրենց մանկական խաղերով զբաղեցնել հասարակությանը։ Այդտեղ լուրջ բան չկա»։

Ձեզ գուցե հետաքրքրի