copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:45 23-06-2022

Շատ լավ կլիներ,որ լեզվի կոմիտեն հնարխաղային մեթոդներ առաջարկելու փոխարեն հետևեր, որ մեր մայրենին չաղավաղվեր․ Նարինե Դիլբարյան

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Լեզվի կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր մի հայտարարություն, որում ասվում էր. «Հատուկ հանդերձանքով և հարմարանքներով ջրի մեջ սուզվող՝ ջրի խորքն իջնող մարզիկին կամ այնտեղ աշխատող մարդուն հայերեն անվանելու մի քանի տարբերակ կա։ Անգլերեն-հայերեն բառարաններում «դայվեր» (diver) բառի դիմաց գրված են հայերեն հետևյալ համարժեքները՝ սուզակ, սուզորդ, ջրասուզակ, ջրասույզ։ Որպես «դայվեր» բառի հայերեն համարժեք՝ Ա. Հայրապետյանի «Օտար բառերի բառարանում» տրված է սուզալողորդ բառը։ Ցանկալի է, որ հայերեն մեկ համարժեք գործածվի»,-ասված էր տարածված հայտարարության մեջ, որին հաջորդում էր գրություն՝ ուղղված հասարակությանը, որում ասվում էր, թե որ տարբերակն է նախընտրելի։

Այս թեմայի շուրջ Օragir.news-ը զրուցեց ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր Յուրի Ավետիսյանի հետ, որը չցանկացավ մանրամասն անդրադարձ կատարել գրառմանը և ասաց. «Ես չեմ ուզում խոսել այդ թեմայի շուրջ, գնացեք, ձեր շատ սիրելի Գյուրջինյան Դավիթից հարցրեք, հայերենը կործանվել , չգիտեմ ուր է գնացել, հազար ու մի կանոնակարգման հարցեր կան, դուք բերել, մի հատ մասնավոր հարց ուզում եք քննարկել։ Գնացեք, Գյուրջինյանին ասեք՝ ի՞նչ եք անում հայերենը նորմավորելու համար՝ սկսած արտասանությունից մինչև շարահյուսական կառույց, ի՞նչ քայլ եք անում․ չէ՞ որ 30-40 տարի աշխատանք էր արվում, հիմա ի՞նչ եք անում։ 32 թ․-ից կոմիտեն գործում է, աշխատանք էր իրականացնում, եկել եք հիմա, մի հատ բառի գործածությունից եք հարցնում։ Լուրջ, ֆունդամենտալ հարցեր կան, գրական հայերենի նորմավորման հետ կապված շատ լուրջ համակարգային հարցեր կան, իսկ դուք հիմա վերցրել եք մի բառ։ Խորացեք, տեսեք՝ ինչ պետք է անեն, հետո գնացեք միկրոֆոնը դեմ տվեք այդ մարդկանց, հարցրեք՝ էս ինչ եք անում։ Այն ժամանակ նոր ես կգամ, կխոսեմ, երբ որ համակարգային հարցեր քննարկեք»։

Այս թեմայի շուրջ Օragir.news-ը զրուցեց նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի հետ։

«Օտար բոլոր բառերի համարժեքները հայերենը լիակատար հնարավորություն ունի հայացնելու և առաջարկելու իր տարբերակը»,- ասաց Նարինեն Դիլբարյանը։

Անդրադառնալով Լեզվի կոմիտեի տարածած հայտարարությանը և տարբերակների առաջարկմանը՝ Դիլբարյանն ասաց․ «Որպես ինչ-որ սոցիալական փորձ, որ մարդիկ կարդան, ծանոթանան բառերին, դա ընդունելի եմ համարում, բայց որպես լեզվաբան՝ ես կարող եմ ասել, որ նման քվեարկությունների միջոցով, ցավոք սրտի, մենք չենք կարող այդ հայերեն բառերը դնել շրջանառության մեջ։ Հայերեն բառերի այդ շրջանառության համար պետք են ոչ թե սոցիալական ցանցերի շահագրգիռ անձանց քվեարկություններ, այլ պետք է այդ բառերի գործածությունը պաշտոնական ատյաններում, ԶԼՄ-ներում և տարբեր հարթակներում։ Այսինքն՝ համապատասխան ԱԻՆ պաշտոնյաները, որոնք խիստ առնչվում են, օրինակ, «ջրասուզակ» բառի հետ, այդ բառը սկսեն օգտագործել, ընդ որում, միշտ պետք է օգտագործել այն բառը, որը արդեն ունի որոշակի նախապատմություն մամուլի միջոցներում, արտաբերվում է մասնագետների շուրթերից։ Ես միշտ վստահում եմ մասնագետների կարծիքին, եթե նրանք դա օգտագործում են, և եթե բառը արդեն փորձ ունի օգտագործված լինելու, կարիք չկա առաջարկել այլ տարբերակ և դրանով խճողել։ Իհարկե, բացարձակ միատարրության չենք կարող հասնել, բայց պետք է հասկանանք, որ երևույթները անպայման պետք է միանշանակ լինեն, բոլորս մեկն ենք ընտրում»։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Լեզվի կոմիտեն ավելի կարևոր գործեր ու ծրագրեր կարող է իրականացնել, քան ինչ-որ կոնկրետ բառընտրություն, Դիլբարյանն ասաց․ «Լեզվի կոմիտեն և՛ իրենց կանոնադրական հնարավորություններով, և՛ գործուն իրավակիրառմամբ բավական խեղճ է, այսինքն՝ ինքը իրականում չի կարողանում հետևել հայերենի լեզվական կանոնների պահպանմանը և այդ կանոնի թելադրմանը։

Մի օրինակ բերեմ․ Լեզվի կոմիտեն տարածում է հորդորակներ։ Հորդորել բայը հայերենում հինավուրց բայ է և նշանակում է խնդրել, չնայած իմ հայացքները ժողովրդավար են, բայց լեզվական նորմը չի ենթադրում իրական ժողովրդավար մոտեցումներ, և շատ լավ կլիներ, որ Լեզվի պետական կոմիտեն ոչ միայն այդպիսի ինչ-որ տեղ հնարխաղային մեթոդներ առաջարկեր ինչ-որ բառ ամրակայելու կամ այն փոխարկելու, այլ իսկապես հետևեր, որ մեր մայրենին չաղավաղվի պետական պաշտոնական փաստաթղթերում, օրենքներում, պաշտոնյաների և իրավասու անձանց խոսքերում և մնացած հարթակներում։ Բացի դրանից՝ մենք կունենայինք կոմիտեի այնպիսի մարմին, որը կարող էր այդ երկվությունները, երկասացությունները վերացնել։ Ես, օրինակ, հիմա հիշում եմ՝ մի պահ ձևավորվեց վարչապետին կից լեզվի բարձրագույն խորհուրդ, իսկ այն հինավուրց ժամանակներում կար այդ տերմինաբանության, եզրույթների հետ կապված կոմիտե, որն ամեն անգամ տեղեկագրեր էր տպագրում, որտեղ ամրակայում էր նորմը, ոչ թե առաջարկում էր քվեարկել դրա օգտին, որովհետև հորդորելը կարող է՝ ազնիվ նախաձեռնությու է, բայց պետական քաղաքականության մեջ բոլորովին ազնիվ նորմ չէ»,- ասաց Դիլբարյանը։