Ֆրանսիայի օրենսդիր մարմինը երևի աշխարհում այն եզակի կառույցներից է, որոնք իրավիճակը շատ սթափ են դատում։ Անգամ առաջարկել են իրենց բանաձևերով իրավիճակի հանգուցալուծման եղանակներ, այդ թվում առաջարկել են գործադիրին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն ու հումանիտար գրասենյակ ունենալ Արցախում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Նաև սրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը երկրի նախագահի մակարդակով արշավ է սկսել Ֆրանսիայի դեմ։ Ադրբեջանը փորձում է անել ամեն ինչ, որ Ֆրանսիան դուրս մղվի հակամարտություն կարգավորման ձևաչափից։ Սա մեզ համար անընդունելի է, բայց Ֆրանսիան ևս պիտի գիտակցի, որ ինքը ևս պատասխանատվություն ունի Արցախի ժողովրդի իրավունքների համար»,- ասաց Ստեփանյանը և ակցիայի մասնակիցների անունից նամակ փոխանցեց դեսպանատանը։