Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:14 06-12-2022

Հայաստան-Ադրբեջան սահմանը կապ չունի ԼՂ հիմնախնդրի հետ․ Մարիա Կարապետյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը ԼՂ խնդրի հետ առնչություն չունի, այդ սահմանը գոյություն ունի և 1991-ից երբ երկու երկրներն անկախացել են, այդ սահմանը Ալմա Աթայի հռչակագրով վերահաստատվել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՀԿ ԽՎ–ում հայկական պատվիրակության անդամների՝ ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

«Դիցուք, երևակայեք՝ Հայաստանը մեկ այլ տարածաշրջանում լիներ, ԼՂ ժողովուրդն այդ գործընթացն անցնելու էր, չէ՞: Հայաստան-Ադրբեջանի միջպետական սահմանը կապ չունի ԼՂ հիմնախնդրի հետ: Հայաստանը տարածքի վիճարկմամբ չէ, որ այս հակամարտության մեջ որևէ դերակատարում է ունեցել 30 տարի շարունակ: Սա տարածքային վեճ չէ, հետևաբար, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, դրա վերահաստատումը, հղումը տարբեր փաստաթղթերի, որով այդ սահմանը վերահաստատվում է, առնչություն չունի ԼՂ խնդրի հետ: Հայաստանը չպետք է ներքաշվի տարածքային վեճի մեջ»,- ասաց նա:

Մարիա Կարապետյանի խոսքով, թե ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, թե 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, վերջինս էլ պաշտպանվել է. «Քանի որ Ադրբեջանի տեսակետն այն է, որ դա տարածքային վեճ է մեր երկու երկրների միջև, Ադրբեջանը հարձակվում է նաև Հայաստանի վրա, բայց դրանից հարցի նկատմամբ մեր վերաբերմունքը չի փոխվում: Մենք հարևան երկրի տարածքի վիճարկմամբ չէ, որ այդ հակամարտության մասին դիրքորոշում ունենք»,- ընդգծեց նա:

Հարցին, թե եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ դեպքում արցախահայությունը ո՞ր երկրի տարածքում է ապրում, և որ տարածքում պետք է ինքնորոշվեն, ՔՊ-ական պատգամավոր Էդվարդ Աղաջանյանը պատասխանեց. «Արցախցիները պետք է ինքնորոշվեն միջազգային իրավունքի դրույթների համաձայն՝ համապատասխան միջազգային իրավունքներից ու օրենքներից ելնելով: Դա իրենց իրավունքն է: Արցախի հարցի էությունը ժողովուրդների, ազգերի ինքնորոշման իրավունքի խնդիր է եղել, կա և շարունակում է մնալ: Մենք երբեք տարածքային վեճի մեջ չենք մտնելու»:

Նշվեց նաև, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը չի նշանակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը չկա. մեկը մյուսի հետ ուղղակի կապված չէ:

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
17:28 «Քննիչ հանձնաժողովի» միջոցով Հայ Եկեղեցու «հարցերը լուծելու» գաղափարը «կրկնակի պղծություն» է. Մելիքյան