Իրանցի մի շարք կրոնական գործիչներ մեկնաբանել են Իրանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի հավակնոտ ծրագրերը։ Այս մասին տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Աստարայի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ Մոհամմադ Ջավադ Բաղերին, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակաիրանական հայտարարություններին, նշել է, որ Ադրբեջանն իրականում Իրանի անջատված մասն է։
«Թուրքիայի նեոօսմանական պատրանքի խաղացողներից մեկը մեր հարևան երկիր Ադրբեջանն է, և նրա հարգարժան նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանն Իրանի անջատված մասն է։ Ադրբեջանի մշակույթը, պատմությունը, քաղաքակրթությունը նույնն է, ինչ մերը, իրականում սա մեր որդին է, և ոչ ոք այդքան չի անհանգստանում որդու համար, որքան հայրը, և երբ որդին անձնատուր է լինում ու սխալվում, ձևացնում է, թե չի նկատում։ Ադրբեջանը վերջին շաբաթներին զարմանալի բան է արել։ Հետաքրքիր է, ինչի՞ վրա են հույսը դնում»,- ասել է Բաղերին։
Վերջինս նշել է, որ այս իրավիճակում ԱՄՆ-ն ու Եվրոպան երես են թեքել Բաքվից, Ֆրանսիան Ադրբեջանի դեմ բանաձևեր է ընդունում, իսկ Թուրքիան լքել է վերջինիս ու կռվում է քրդերի դեմ։ Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանում հույսեր են կապում սիոնիստների հետ (նկատի ունի Իսրայելին-խմբ), ապա մեծ սխալ են թույլ տալիս։
Հոգևորականը ասել է, որ սիոնիստները երբեք չեն աջակցի Ադրբեջանին, քանի որ նրանք մտածում են միայն իրենց շահերի մասին։ «Ադրբեջանը Իրանի անջատվող զավակն է, և եթե պարոն Ալիևը ցանկանում է դուրս գալ այս իրավիճակից, ապա պետք է բարեկամական ձեռք մեկնի Իրանին, հակառակ դեպքում, եթե հույսը դնի ուրիշների վրա, կհայտնվի աղետի առաջ»,- ասել է հոգևորականը։
Բիլեսուվարի ուրբաթօրյա աղոթքի ղեկավար Ջաբար Ազիզն իր հերթին զգուշացրել է, որ Թեհրանը թույլ չի տա, որ Բաքուն անգամ մեկ սանտիմետր փոխի Իրանի սահմանները «Մինչ այժմ մենք լռում էինք, բայց հիմա պարոն Ալիևին զգուշացնում ենք, որ թույլ չենք տա, որ նա այլ երկրների հետ մեկ սանտիմետր անգամ փոխի մեր սահմանները»,- նշել է Ազիզը։
Իրանի Նիր քաղաքի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդը մեկնաբանել է Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերը։ «Կովկասը իսլամի մի մասն է։ Թուրքիայի կառավարությունը ցանկանում է ստեղծել օսմանյան պետություն, բայց թող իմանա, որ ի վերջո կպարտվի՝ հույսը դնելով ամբարտավանների վրա»,- ասել է նա: