Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:08 26-11-2022

ՀԱՊԿ-ն այստեղ չի էլ եղել, այստեղ Ռուսաստանն է․ քաղաքագետ

Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ երկու կարծիք կա։ Մի կարծիքի կողմնակիցները հենվում են զուտ հայկական շահերի ճանաչման ու պաշտպանման անհրաժեշտության տեսակետի վրա։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

«Բնականաբար, այս ուղղության մասնագետները, փորձագետները կամ քաղաքական գործիչները սևացնում են Երևանյան գագաթաժողովը՝ ցույց տալով, որ այն, որևէ նշանակություն չունեցավ և ընդհակառակը, մեկ անգամ ևս ապացուցեց, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին պետք չէ։

Դրանք հիմնականում, հակառուսական թեզի ուղղության մարդիկ են, որոնք, կարծես, կանխամտածված չափազանցնում են այն բոլոր բացասական իրողությունները, որ իսկապես կան ՀԱՊԿ-ի ներսում և՛ գործունեության, և՛ որպես կոլեկտիվ անվտանգության մարմինա նկատարության առումով»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ այդ տեսակետն առաջ քաշողների հայտարարություններում ճշմարտություն կա, բայց ըստ նրա, նրանք հաշվի չեն առնում մի շարք հանգամանքներ։ Ըստ նրա՝ երկրորդ թևն՝ իր բնորոշմամբ, ավելի սթափ ու առավել հավասարակշիռ մտածող շրջանակն այդ հարցին նայում է մեկ այլ դիտանկյունից։ «Այդ շրջանակն, ընդունելով ՀԱՊԿ-ի գործունեության և, որպես կառույց, նրա անկատարության իրողությունները, այնուամենայնիվ, չեն գնում դրա չափազանցության ուղղությամբ և իրական գնահատականներ են տալիս և՛ ձեռքբերումների և՛ թերությունների»,- ասաց նա։

Անդրադառնալով Երևանյան ՀԱՊԿ գագաթաժողովից հետո Ալեն Սիմոնյանի արած հայտարարություններին՝ Քեռյանը տեսակետ հայտնեց, որ դրանցում մեծ ճշմարտություն կա։

«Եթե մի պետություն անդամագրվում է կոլեկտիվ անվտանգային մի կառույցի՝ պարզ է, նա տեսնում է իր համար անվտանգային մարտահրավերներ և փնտրում է առավել կոմֆորտ անվտանգային միջավայր, որոնց միջոցով կկարողանա պաշտպանվել վտանգներից ու պառնալիքներից։ Ինչպես՝ այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այդ կառույցի ներսում իրենց անվտանգ ու առավել ապահովված են զգում։ Ճիշտ է, մենք մտել ենք ՀԱՊԿ, որպեսզի որոշակի անվտանգային միջավայրում գտնվենք՝ թուրք- ադրբեջանական սպառնալիքի դեմ»,- ասաց նա։

Այդուհանդերձ, փորձագետը խորհուրդ տվեց այդ ճշմարտությունը դիտարկել նաև այլ դիտանկյունից։ «Մենք մտել ենք ՀԱՊԿ ոչ թե նրա համար, որ մենք այնքան ապուշ ենք, որ հավատում ենք, որ Լուկաշենկոն կամ Տոկաևն իրենց զորքերով պետք է ձի հեծած գան ու այստեղ պաշտպանեն Հայաստանի շահերը։ Դա երբեք չի լինի, որվհետև Բելառուսն այլ տարածաշրջանում ու աշխարհաքաղաքական այլ միջավայրում է գտնվում, Ղազախստանն ու Ղրղզստանն այլ աշխարհաքաղաքական միջավայրում են գտնվում, և նրանք թյուրքալեզու եղբայրական պետություններ են Ադրբեջանի և Թուրքիայի համար, և էլի հազար ու մի պատճառ։ Սա մեզ պետք է բերի հետևության, որ եթե այստեղ հարցը գալիս է պատերազմին և ՀԱՊԿ-ի՝ զինված ուժով մեզ պաշտպանության ուղղությամբ, ՀԱՊԿ-ի անդամ պետությունները մեզ այդ հարցում չեն օգնելու։ Մենք այդ կառույց մտել ենք, որովհետև դա են թելադրում մեր հիմնական ռազմաքաղաքական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները։ Ռուսաստանն է ստեղծել ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն ու ԵԱՏՄ-ն՝ որպես հետխորհրդային տարածությունում իր ազդեցության պահպանման գործիքներ։ Դա է Ռուսասաստանի ռազմավարության հիմական նպատակը՝ վերջին 20-22 տարում»,- ասաց նա։

Իր խոսքով՝ այս դեպքում, Ռուսաստանից օգնությունը վայելելու պայմաններում ՀԱՊԿ-ից հեռանալու տարբերակը չի կարող լինել։ «Չմոռանանք, որ անկախ ամեն ինչից, ու Ռուսաստանի, թեկուզ և որոշակիորեն ադրբեջանաթուրքամետ դիրքորոշումերից՝ այսօր մեք չունենք անվտանգության այլ երաշխավոր։ Այսօր Ղարաբաղը հայկական է մնում էլի ռուսական խաղաղապահ զորքերի շնորհիվ, այսօր հայ-թուրքական սահմանը խաղաղ է, որովհետև այնտեղ ռուսական սահմանապահներն են ծառայում, այսօր Ադրբեջանն ու Թուրքիան չեն կտրում Սյունիքը, որ իրենց համար երևի կես ժամվա գործողություն պետք է լինի՝ էլի ռուսական զսպման գործիքի միջոցով»,- ասաց նա։

Ըստ փորձագետի, ՀԱՊԿ-ի աշխատանքից դժգոհելու պատճառներ թեև իրապես առկա են՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործողությունները սխալ կլինեն։ «Եթե հիմա մենք այդտեղից դուրս գանք, ապա ո՞ր կառույցի մեջ ենք մտնելու։ ՆԱՏՕ-ի մեջ մտնելը կարող է ընդհանրապես աներևակայելի մի ցանկություն լինել, ինչպիսին որ 20 տարի «կաշվից դուրս են գալիս» Ուկրաինան ու Վրաստանը և չեն էլ մոտեցել անդամության թեկնածության։ Այլ անվտանգային կառույց չկա»,- ասաց նա։

Գարիկ Քեռյանը համոզմունք հայտնեց, որ ՀԱՊԿ-ի վրա «ցեխ շպրտողները» դեմ են դուրս գալիս ռուսական ռազմավարական շահերին։ «Այսօր Հայաստանի ո՛չ միայն անվտանգությունը, այլև էներգետիկան, տնտեսությունը, կոմունիկացիաները․․․ ամեն ինչ այսօր կախված է Ռուսաստանից։ Էն մարդկանց, որոնք կոչ են անում ՀԱՊԿ-ից դուրս գալ՝ պետք է ստիպել գազի համար վճարել այն գինը, որը վճարում են եվրոպական պետությունները։ Դրանից հետո նոր կհասկանան, թե որն է ռեալ պոլիտիկը, իսկ որն է, այսպես ասած, կարգախոսային քաղաքականությունը, որը բացի քարոզչական ֆունկցիայից որևէ այլ դեր չի կատարում։ Այդ դոլարավորված, արևմտամետ գործիչները, հատկապես մի քանի քաղաքական, արտախորհրդարանական ուժերը, որոնք բողոքի ակցիաներ կազմակերպեցին Հայաստանում՝ չեն հասկանում, որ այստեղ բացի անվտանգությունից կա նաև տնտեսության և գոյության խնդիր։ Այսօր Հայաստանի հազարավոր ընտանիքներ գոյատևում են Ռուսաստանում աշխատող իրենց ազգականների տրանսֆերների միջոցով։ Այսօր կա ռուսական գազի խնդիր։

Հայաստանի տնտեսության 90% -ը կապված ու կախված է ռուսական էժանգազի մատակարարումների հետ։ Հանեք այդ մատակարարումը, Հայաստանի տնտեսությունն ընդամենն օրերի ընթացքում կփլուզվի։ Դրանից հետո էլ ի՞նչ Հայաստան, ի՞նչ ՀԱՊԿ, ի՞նչ Ղարաբաղ․․․ ոչ մի բան չի մնա»,- ասաց նա։

Այդուհանդերձ, քաղաքագետը համաձայն է այն տեսակետի հետ, որ որոշ դեպքերում պետք է հենց կառույցի առջև բարձրացնել առկա խնդիրների մասին՝ դրանց հնարավոր լուծումներին հասնելու համար։

«Իհարկե, պետք է իրենց երեսին որոշ բաներ ասել, որպեսզի հասկանան, որ Հայաստանը դժգոհ է։ Ես կողմ չեմ խոնարհ հարսի պես գլուխը կախելուն։ Որովհետև վաղը կարող է հարց առաջանալ, օրինակ՝ պաշտպանելու Ղրղզստանը, Տաջիկստանը՝ Աֆղանստանից եկող իսլամիստ-ահաբեկիչներից։ Այդ դեպքում չգան ու փայտով խփեն մեր գլխին, ասեն՝ ՀԱՊԿ-ի անդամ եք, եկեք կռվեք մեզ համար։ Այդ ժամանակ մենք իրենց պետք է պատասխանենք, որ ժամանակին դուք մեզ մենակ եք թողել, ու հիմա Հայաստանը չի կարող իր պարտավորությունները կատարել։

Այդ Առումով Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ճիշտ է։ Բայց, եթե հարցադրումն այսպես ենք անում, որ ՀԱՊԿ-ն այստեղ է, ուզում է գնալ, չի ուզում գնալ, եթե ուզում է գնալ, ապա թող ասի՝ դա էլ ճիշտ չէ։ ՀԱՊԿ-ն այստեղ ո՛չ եղել է, ո՛չ կա, ո՛չ էլ կլինի։ Այստեղ Ռուսաստանն է։ Ռուսաստանն այստեղ ունի երկու ռազմակայան, մեկը Գյումրիում, մյուսը՝ Ղարաբաղում։ Ռուսաստանն ունի սահմանապահ զորքեր, Ռուսաստանն ունի դիտորդներ ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ։ Այդպիսի հազար ու մի բան էլ կարող եմ թվել»,- ասաց նա։

Այս ամենից հետո փորձագետը ցավով արձանագրում է, որ ՀԱՊԿ-ն կիսակառույց է, և այդ կառույցի շուրջ ծավալվող դիսկուրսն իմաստ չունի։ «Ես դա կոչում եմ ՀԱՊԿ-ացավ, որը պատել է մեր ժողովրդին ու հասարակությանը, ամբողջ մեդիադաշտին, և դա նման է «Դոն Կիշոտի Հողմաղացների գլորման» երևույթին։

Երբ զբաղվում ենք մի գործով, որն ընդհանրապես իմաստ չունի։ Պետք է ընդհանրապես արհամարհել։ Մենք պետք է աշխատենք Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն այսօր ունի ազդեցության լծակներ՝ Ադրբեջանի և Թուրքիայի վրա։ Եվ, եթե նա որոշ բաներ չի անում հայկական շահերի օգտին՝ այդտեղ էլ պետք է մեր քաղաքական միտքը խորանա։ Ինչո՞ւ չի անում, ինչպե՞ս համագործակցել, ինչպես շարժվել համահունչ, որտե՞ղ զիջել, որտե՞ղ ձեռք բերել։ Հենց սա էլ կոչվում է դիվանագիտություն և քաղաքական մտքի հասունություն։ Մեզ դա է պակասում»,- ասաց նա։