Այսօր, հունիսի 23-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մոսկվա։
Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։ Նրա խոսքով՝ այցն ունի ռազմավարական նշանակություն։ Դա ոչ միայն ընդգծում է Իրանի դիվանագիտական ակտիվությունն, այլև ի ցույց է դնում Ռուսաստանի դիրքի կարևորությունը Մերձավոր Արևելքում, հատկապես Իրանի ու Արևմուտքի միջև լարվածության աճի ֆոնին։
Պողոսյանը նշում է, որ Իրանի դեպքում դրսևորվեց ոչ թե մեկուսացման կամ հիբրիդ պատերազմի սցենար, ինչպես Սիրիայի, Իրաքի կամ Լիբիայի դեպքում, այլ հակառակ գործընթաց.
«Իրանը ցուցադրեց պրոակտիվ դիվանագիտական պահվածք՝ շփվելով տարածաշրջանային ու արտատարածաշրջանային բոլոր հնարավոր գործընկերների հետ։ Իրանը խաղաց տեղեկատվական դաշտում և ձևավորեց միջազգային ընկալումների դրական փոփոխություն»։
Նրա գնահատմամբ՝ Իրանի հաջորդ քայլը լինելու է դաշնակիցների աջակցությունը ոչ միայն խոսքով, այլ նաև առարկայորեն։ Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսված բանակցությունները պետք է դիտարկել այդ համատեքստում։
«Ռուսաստանը, լինելով տարածաշրջանի առանցքային խաղացողներից մեկը, չի կարող չարձագանքել Իրանի դիրքերի թուլացման վտանգին։ Անվտանգության վակուումը լցվում է ինչ-որ ուժով։ Եվ եթե դա լինի արևմտյան ազդեցություն՝ օրինակ ԱՄՆ-ն, ապա այն ուղղակի սպառնալիք կլինի ՌԴ շահերին»,- ընդգծում է քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ մոսկովյան հանդիպումները կարող են ապահովել Իրանի համար նաև նյութական աջակցություն՝ սպառազինություն, սննդամթերք, անհրաժեշտ այլ պաշարներ։ Ըստ Պողոսյանի՝ կան տեղեկություններ, որ Չինաստանն արդեն մատակարարել է ռազմական ինքնաթիռներ Իրանին, սակայն այս մասին պաշտոնական հաստատում չկա։
Անդրադառնալով Իրանի՝ ռուսական ակտիվ ռազմական կամ հրապարակային աջակցությունից դեռ զերծ մնալուն, քաղաքագետը պարզաբանում է. «Կան գործընթացներ, որոնք ընթանում են բացահայտ, և կան, որոնք կուլիսային են։ ՌԴ-ի համար այս պահին ձեռնտու է աշխատել առավել վերահսկելի և ստվերային գործիքակազմով, չհասցնելով իրավիճակը թեժացման անդառնալի կետի։ Կան սահմաններ, որոնք չպետք է անցնեն, որ Իրանը դիվանագիտական ճանապարհով դուրս գալու հնարավորություն ունենա՝ առանց լայնածավալ պատերազմի»։
Քաղաքագետի կարծիքով՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերից է բխում, որ Իրանում տեղի ունենա ռեժիմի փոփոխություն. «Դիտարկվում է նախկին շահի որդու վերադարձը, ինչը կբերի Իրանի աշխարհիկացմանը և նոր աշխարհաքաղաքական եռյակի ձևավորմանը՝ ԱՄՆ–Իսրայել–Իրան»։
Սա է, ըստ քաղաքագետի, Ռուսաստանի հիմնական վախը. այդ եռյակի ձևավորումը լիարժեք փոխում է ուժային հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։ Այս պատճառով Մոսկվան չափազանց զգուշավոր է, բայց խորապես շահագրգռված Իրանի տարածքային ամբողջականության, կայունության և հակաարևմտյան դիրքերի պահպանման հարցում։
«Այս պահին բոլոր կողմերի շահերից է բխում հակամարտության դիվանագիտական հանգուցալուծումը։ Նույնիսկ Իսրայելը, ըստ որոշ հաղորդումների, պատրաստ է բանակցությունների, եթե Իրանը նման ցանկություն հայտնի։ ԱՄՆ-ն հարվածից հետո շեշտեց, որ այն մեկանգամյա գործողություն էր՝ հստակ ազդակ տալով, որ իրենք չեն ձգտում լայնամասշտաբ պատերազմի։ Բայց եթե Իրանը հարվածի ԱՄՆ-ի շահերին կամ բազաներին Մերձավոր Արևելքում, ապա պատասխանն այլ կլինի»,- եզրափակեց Արա Պողոսյանը։
Ըստ նրա՝ այժմ խնդիրն՝ առանց ռազմական սցենարի լուծելու իրական հնարավորություն կա։ Արևմուտքը դիտարկում է երկսյուն մոտեցում՝ կա՛մ Իրանը վերադարձնել բանակցային սեղան, կա՛մ հասնել ռեժիմի փոփոխության՝ փոխելով խաղի ամբողջ տրամաբանությունը։ Այդ իսկ պատճառով, Իրանի ԱԳ նախարարի այցը Մոսկվա դիտարկվում է որպես առավել լայն գործընթացի՝ «քաղաքական մոբիլիզացիայի» տրամաբանական շարունակություն։