Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը նպաստելու համար։
Այս մասին
Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ, ով շեշտեց, որ Սյունիքում լարվածության մեջ մեղավոր է նաև Ռուսաստանը։
«Սյունիքի մարզի շուրջ առկա են վտանգներ, բայց վտանգի աղբյուրը Ռուսաստանից է գալիս։ Ռուսաստանը Ադրբեջանին անընդհատ հրահրում է Հայաստանի վրա հարձակվել` փորձելով խաղաղարարի դեր ստանձնել»,- նշեց քաղաքագետը։
Արմեն Վարդանյանի կարծիքով` 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի դեմ ծրագրված էր Ռուսաստանի կողմից։ Վարդանյանը հիշեցրեց մի քանի դեպքեր, որոնք, ըստ նրա, ռուսական հակահայ քաղաքականության մասին են։
«Ադրբեջանի հաշվարկն այն էր, որ հարձակվելով Արցախի վրա՝ Հայաստանը կմտնի պատերազմի մեջ, որից հետո Ադրբեջանը հակահարձակման կենթարկի Հայաստանին ու տարածքներ կգրավի՝ ստիպելով Հայաստանին միջանցք տրամադրել Ադրբեջանին, որը պետք է վերահսկեին ռուսական զորքերը։ Սակայն այդ պլանը չիրագործվեց, Փաշինյանը հայտարարեց, որ չի մտնելու պատերազմի մեջ, և նրանց ծրագրերը չիրագործվեցին։ Այդ դեպքերից առաջ 7-8 օր փակ էր Լաչինի միջանցքը, իսկ Պուտինը մի քանի անգամ կոչ էր արել գնալ և ուժով բացել Լաչինի միջանցքը»,- նշեց քաղաքագետը։
Ամփոփելով իր խոսքը՝ Վարդանյանը նշեց՝ քանի որ Փաշինյանը հասկացել էր ռուս-ադրբեջանական խաղը, որոշեց, որ Հայաստանը չի ներքաշվի պատերազմի մեջ։ Ռուսաստանին պետք չէ կոնֆլիկտը լուծել. նրա համար դա կնշանակի կորցնել շատ կարևոր զենք տարածաշրջանում։