copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 14:38 24-11-2022

Նախագծի հետկանչը ժամանակի անիմաստ վատնում է․ Դավիթ Գալստյան


Արայիկ Հարությունյանի որոշումն ժամանակի անիմաստ վատնում է․ դա այս պահին շատ թանկ հաճույք է․ այսպես որոշումը գնահատեց Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը Oragir.News-ի հարցերին ի պատասխան։

Նա հիշեցրեց, որ Արայիկ Հարությունյանը Արցախի Ազգային ժողովում հաստատել է, որ դա իր նախաձեռնությունն է։ «Արայիկ Հարությունյանը, չգիտես ինչու, հիմնավորելով նախագծի հետկանչը անվտանգային խնդիրներով՝ առաջարկեց Սահմանադրության մեջ մեկ կետի փոփոխություն անել, որը հանրության կողմից և մեր [ընդդիմության – խմբ․] կողմից չողջունվեց։ Ըստ Արայիկ Հարությունյանի՝ հասկանալով, որ հանրության մեջ դժգոհություններ կան, նա որոշել է հետ գնալ հայեցակարգային հանձնաժողովում քննարկված այդ տարբերակով, ներկայացնել այդ փոփոխությունները։ Ոչ թե մեկ կետ փոխեն և թույլ տան Ազգային ժողովը կատարի փոփոխություններ, այլ այն փոփոխությունները, որ նախատեսվում էին անել [ԱԺ-ի միջոցով], անել հանրաքվեի միջոցով»,- ասաց Գալստյանը՝ հիշեցնելով, որ փոփոխությունների նախագիծը ներառում է Ազգային ժողովից նախագահական ինստիտուտի տարանջատում, ֆորսմաժորային իրավիճակներում Ազգային ժողովի աշխատանքի վերակազմակերպում և այլ շատ կարևոր կետեր։

Ըստ Գալստյանի՝ հենց այս հարցերն են, որ անվտանգային են և շտապ լուծում են պահանջում, մինչդեռ այս որոշմամբ հետաձգվում է փոփոխության ընդունումը։ «Մենք դժգոհ ենք, որ այս տարբերակով եկել է Ազգային ժողով, հիմա գնալու է նույն տարբերակով, իսկ դա ժամանակի կորուստ է։ Մենք ասում ենք՝ ճիշտն ի սկզբանե ներկայացնելն էր այն տարբերակը, որ քաղաքական ուժերի կողմից ներգրավվածությամբ հայեցակարգային հանձնաժողովը առաջարկել է, մասնագիտական խումբն էլ վերջնական տարբերակին է բերել, շատուշատ աշխատանքներ է կատարել, և արդեն իսկ ներկայացված էր Ազգային ժողով։ Մեր դժգոհությունն այն է, որ սա ժամանակի անիմաստ վատնում է, որը շատ թանկ հաճույք է։ Այսօր Արցախն օր առաջ, րոպե առաջ պիտի կատարի Սահմանադրական փոփոխություններ, որպեսզի կարողանանք առաջ շարժվել, թե չէ այս Սահմանադրությունը մեզ ցույց տվեց, որ նման ճգնաժամային իրավիճակներում այն չի գործում, իսկ մենք դեռ ճգնաժամը չենք հաղթահարել»։

Խորացրեց արդյոք երեկվա ՀԱՊԿ նիստն այս ճգնաժամը՝ հարցին ի պատասխան Գալստյանը նշեց, որ բաց աղբյուրներից ստացած ինֆորմացիան իրեն հնարավորություն չի տալիս դրական կամ բացասական արձագանք ունենալ։ «Մեր կայուն ծանր վիճակը դեռ շարունակվում է։ Գուցե եղել են փակ հանդիպումներ, որոնց մասին ինֆորմացիան կբացահայտվի առաջիկայում, ու կկարողանանք արդեն գնահատական տալ, բայց այս պահին միայն կարող եմ ասել՝ մեր վիճակը կայուն ծանր է»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:

Կարմեն Մարտիրոսյան