Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:50 15-11-2022

Ոգևորվել պետք չէ. Մակրոնի մտքերը չեն համընկնում Սենատի որոշումների հետ

«Նախ՝ եկեք նախ և առաջ ողջունենք այդ որոշումը, որովհետև առաջին անգամ չէ, որ Ֆրանսիան հանդես է գալիս այդպիսի դիրքորոշումով, որն ավելի է համապատասխանում թե՛ իրավական բնութագրին, թե՛ իրական վիճակին։ Անշուշտ, մենք պետք է շնորհակալությամբ ընդունենք այսպիսի որոշումը։ Ես հիշեցնեմ, որ ժամանակին ընդունվել է մի որոշում, որով պետք է ճանաչվեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բայց Մակրոնը դեռևս չի՛ ստորագրում այդպիսի որոշում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ 295 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Ֆրանսիայի Սենատը ընդունեց բանաձև, որով պահանջում է ադրբեջանական զինուժն անհապաղ դուրս բերել Հայաստանի օկուպացված տարածքներից՝ ապահովելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կատարումը, և կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։

Ալավերդյանի խոսքով՝ դեռևս պետք չէ այդչափ ոգևորվել. «Ես կցանկանայի, որ հստակեցնեին, որ այդպիսի հարցերում շատ մեծ նշանակություն ունի նախագահի դիրքրոշումը, ոչ թե իր քաղցր խոսքերը, սպասվող այցելությունները և այլն, այլ գործողությունները։ Այստեղ պետք է նշենք, որ նախագահի գործողությունները հետ են ընկնում կամ առնվազն չեն համընկնում Սենատի որոշումների հետ, և երրորդը՝ ինչպես է դա ազդելու կամ չի ազդելու, դա բոլորովին այլ խնդիր է, որովհետև կարելի է ընդունել ՄԱԿ-ի կամ այլ պետության մակարդակաով որոշում, որը պարզապես սիմվոլիկ նշանակություն կունենա։ Դրա համար, կրկնում եմ, շնորհակալական վերաբերմունքը չպետք է հիմնավորված լինի իրական արդյունքներով, այլ բուն փաստով, թե ինչպես կընթանան հետագայում, չեմ կարծում, որ դա շատ ուժեղ հարված կլինի Ադրբեջանի թե՛ տնտեսության, թե՛ քաղաքական իմիջի վրա, բայց ընդհանրապես՝ Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություն, որն ընդուում է այդպիսի որոշում, մեծ նշանակություն ունի քաղաքական առումով»։

Հիշեցնենք, որ ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք, առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, համապատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում, վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ, առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը։

Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։

Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։