Փաշինյանը Թուրքիայի քաղաքացի է․ նա հերքում է Հայոց ցեղասպանությունը․ հոգեբան
copy image url

Փաշինյանը Թուրքիայի քաղաքացի է․ նա հերքում է Հայոց ցեղասպանությունը․ հոգեբան

Ներքին Արտաքին Խոսք 3 ժամ առաջ - 16:30 24-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Մեր իշխանությունները նման բանաձևերը դիտարկում են նույն կերպ, ոնց դիտարկում են Թուրքիայում, որտեղ Հայոց ցեղասպանության մասին խոսելը քրեորեն պատժելի է՝ որպես թուրք ազգի «ինքնության դեմ ոտնձգություն»։ Մոտավորապես նույն ձևակերպումները՝ մի փոքր համեմված հացով, տալիս են այսօրվա դրությամբ մեր երկրի վարչապետն ու արտագործնախարարը և մնացած բաշիբոզուկները, կներեք այսպես արտահայտվելու համար, բայց դա գրական բառ է»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության թեմայով օրինագծերն ու նախաձեռնություններն ընդունում որպես իրենց դեմ ուղղված գործողություններ։

Հիշեցնենք՝ օրերս Ազգային ժողովում իրավիճակը կտրուկ լարվել էր։ Ընդդիմադիրների պնդմամբ՝ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջիններս օրակարգ էին բերել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը, որն իշխանականների կողմից մերժվեց։ Բացի այդ, իշխանական թևի ներկայացուցիչների շրջանում ջղաձգումներ են առաջացնում նաև Հայոց ցեղասպանության կետ կապված մյուս միջոցառումները՝ ավանդական ջահերով երթը և այլն։

Միհրդատ Մադաթյանը վստահ է՝ այսօրվա դրությամբ մենք ունենք թուրքի ինքնությունը պահող, Թուրքիայի մասին հոգացող, ոչ մի կերպ հայի շահը չներկայացնող իշխանություն։ Ըստ նրա՝ հենց սա է պատճառը, որ օրվա իշխանությունները նման նախաձեռնություններն ընդունում են որպես իրենց դեմ ուղղված գործողություն․

«Ես այսօր Նիկոլ Փաշինյանի վերջին 7 տարվա ուղերձները, որոնք արվել են Հայոց ցեղասպանության օրը։ Ի տարբերություն մինչև 2020 թվականը եղած ուղերձների, որտեղ հորջորջվում էր, որ պետք է պատմական անարդարությունը շտկվի և այլն՝ 2020 թվականի պատերազմից հետո թեմատիկան սկսվեց փոխվել, ու Փաշինյանը սկսեց խոսել դրա անիմաստության, իրավիճակը քննարկելու անհրաժեշտության, Անդրանիկ Քոչարյանի խոսքով ասած զոհերին անուն-ազգանունները ճշտելու՝ հեռախոսի համարներով և հասցեներով և այլն։ Այսինքն՝ մենք եկանք, հասանք մի դաշտ, որն ուտոպիական է»։

Հոգեբանը շեշտում է՝ այսօրվա իշխանությունները գերադասում են թուրք ազգի և թուրք քաղաքացու շահը, պահում են դա Հայաստանում, քանի որ Հայոց ցեղասպանության հերքումը Թուրքիայում գործող 301 հոդվածն է,որով Հայոց ցեղասպանության ճանաչումը քրեորեն պատժելի է, դրանով դատապարտվել է Հրանտ Դինքը։ Ըստ նրա՝ եթե Նիկոլ Փաշինյանի համար Թուրքիայի 301-րդ հոդվածն ավելի կարևոր է, քան Հայաստանի Սահմանադրությունը, մեր պապերի վերապրած ցեղասպանությունը, մեր պատմական հիշողությունը, Ծիծեռնակաբերդը, որն անգամ խորհրդային իշխանությունը չի կարողացել նվաստացնել, ապա կարող ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ Թուրքիայի քաղաքացի է, թուրք քաղաքական գործիչ է, այդ երկրի շահերը պահողն է։

Oragir.News-ի հարցին՝ կարո՞ղ ենք պնդել, որ օրվա իշխանությունն իրեն ցեղասպանության մեղսակից է զգում՝ Արցախում տեղի ունեցածի կապակցությամբ, և հենց դրա համար է նման կերպ արձագանքում՝ Միհրդատ Մադաթյանը պատասխանեց՝ համոզված չէ, որ իշխանությունը զղջացել է Արցախում տեղի ունեցած ցեղասպանության համար։ «Ես չեմ տեսել ոչ մի զղջում, որ այդ մեղսակցությունը ընդունեմ։ Եթե ես ասեմ, որ մեղսակից են, դա կնշանակի, որ ես արդարացնում եմ էսօրվա իշխանություններին՝ համարելով, որ իրենք սխալվել էին, հիմա էլ գիտակցել են իրենց սխալը։ Իրենք համարում են, որ 2020 թվականին իրենք ճիշտ սպանդ են իրականացրել, այո՛, դա եղել է սպանդ, իրենք առ այսօր համարում են, որ շատ ճիշտ է եղել, որ իրենք կողքից նայել են՝ ոնց է Արցախում արցախցին կոտորվել, հետո էլ Սուքիասյան Խաչատուրի նմաններն ու Ալեն Սիմոնյանի նմանները ամենաբարձր ամբիոններից հայտարարել են՝ «թող կռվեին» ու նման իրավիճակներ։ Համաձայն եմ, որ իրենք մեղակից են ցեղասպանությանը, բայց իրենց կողմից ապաշխարհանք՝ ես չեմ նկատել»,- կարծում է նա։

Միհրդատ Մադաթյանը շեշտում է՝ ընդհակառակը՝ իշխանությունների գործողություններում տեսնում է հպարտություն։ «Եթե ապաշխարհանք լիներ, ես Ձեզ հետ կհամաձայնեի, կասեի ապաշխարհել են, ցավագին են ընդունում, որովհետև ցեղասպանությանը կպնելով իրենք մեղքն իրենց վրա էլ են վերցնում, բայց դա բոլորովին էդպես չի։ Իրենց սկզբունքն ավելի ճղճիմ է․ «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքն է։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ երբ մի տեղ ընդունում են ցեղասպանությունը մենք ուրախանում ենք, բայց դա տարածաշրջանում լարվածություն է առաջացնում։ Սրանք ինձ խորքային վիրավորած նախադասություններ են, որոնք հիմա ես անգիրի նման հիշում եմ։ Այսինքն՝ տարածաշրջանում ունենալ կոշիկի, հացի, պանրի առևտուրը Նիկոլ Փաշինյանի համար շատ կարևոր է, քան 1․5 մլն հայերը, որոնք զոհվել են Մեծ եղեռնի ժամանակ՝ ազգային պատկանելիության հիմքով։ Կամ էլ նրա նախորդ ասածը, որ մենք դեռ պետք է քննարկենք հիմքերը, թե ինչի են կոտորվել այդ մարդիկ։ Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանը դարձել է այն պերսոնան, ով պետք է քննարկի մի բան, ինչը 100 անգամ քննարկվել է պատմաբանների, եղեռնագետների, ինստիտուտների կողմից, Լեմկինի կողմից»,- շեշտեց նա։

Մեր զրուցակիցն իր խոսքն այսպես ամփոփեց․ «Ուստի եկեք հենց այս ռակուրսով ու այս սուրբ օրով չպղծենք մեր օրը՝ այդ անուն-ազգանունն արտաբերելով և ընդհանրապես այդ իշխանություններին հիշելով։ Իսկ վկայությունը, որ Նիկոլ Փաշինյանն իր արտահայտությունների մեջ լեգիտիմ չէ, դա այն ծաղիկների քանակն է ու մարդկանց հոսքը, որն այսօր՝ այս ժամերին, բարձրանում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր»։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված