Սամվել Կարապետյանի աջակիցների երթը, ՔՊ-ի սուտը, դատախազն ընդդիմադիրների հետևից է եկել. Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 5 ժամ առաջ - 20:23 04-07-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 4-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Ռուսաստանաբնակ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը Վերաքննիչը թողել է անփոփոխ: Այս մասին
հայտնում են դատական դեպարտամենտից: Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել էր՝ այն բանից հետո, երբ նա հրապարակային աջակցություն էր հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Այսօր ի աջակցություն Սամվել Կարապետյանի Երևանում երթ կանցկացվի։ Այս մասին հայտարարություն է տարածել բարերարի պաշտպանության խորհուրդը: «Հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, հավաքվում ենք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու), որտեղից երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը»։ Իշխանական լրատվամիջոցները անհայտ աղբյուրներին հղումով պնդում են, որ երթի կազմակերպիչները սպիպում են Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին,ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մասնակցել երթին։ Oragir.News-ի հետ զրույցում Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանը կտրականապես հերքել է այս լուրերը, դրանք սուտ որակելով։

Ազգային ժողովն այսօր քննարկում է գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրերը: Առաջինը քննարկվեց ընդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը: Մինչ Աննա Վարդապետյանը կներկայացներ միջնորդագիրը, «Հայաստան» խմբակցությունից հայտարարեցին, որ չեն մասնակցելու քննարկմանը, քանի որ նիստին ներկա չէ ինքը՝ Օհանյանը: Հետո ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս հայտարարեց, որ իրենք էլ այս հարցի քննարկմանը չեն մասնակցի: Գլխավոր դատախազը միջնորդագիրը ներկայացնելուց հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Հարցեր նրան ուղղում էին իշխանականները: Գլխավոր դատախազը պնդում է, որ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում՝ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը և առանց կառուցապատման իրավունքի դրա վրա առանձնատուն կառուցել, ապա հայտարարագրում թաքցրել այդ սեփականությունը: Արծվիկ Մինասյանն էլ, ըստ Դատախազության, լինելով բնապահպանության նախարար, չի կատարել ծառայողական պարտականությունները, թաքցրել է Օհանյանին վերագրվող ենթադրյալ ապօրինությունները՝ դրանով պետությանը էական վնաս պատճառելով: Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան գրառմամբ պնդում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը խորհրդարանում քննարկվում է ԱԺ Կանոնակարգի խախտմամբ, քանի որ Աննա Վարդապետյանը միջնորդագիրը ներկայացրել է առողջական խնդրի պատճառով իր հարգելի բացակայության պայմաններում։

Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, նրան կալանավորելու համաձայնություն ստանալու համար: «Հայաստան» խմբակցության պատգամավորին մեղադրանք են առաջադրելու ահաբեկչություն նախապատրաստելու ու իշխանությունը յուրացնելու հոդվածներով: Ըստ Գլխավոր դատախազության միջնորդագրի՝ պատգամավորը Բագրատ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանն ու հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն: Ընդդիմադիր պատգամավորը Բագրատ Սրբազանի շարժման ակտիվ մասնակիցներից է: Ըստ միջնորդության՝ պատգամավորը համախոհների միջոցով հավաքագրել է հարվածային խմբերում ընդգրկվող 2000-ից ավելի մարդկանց: Գլխավոր դատախազի միջնոդագրում սղագրել են Բագրատ Սրբազանի, պատգամավոր Արթուր Սարգսյանի ու համախոհների հետ զրույցների գաղտնալսումները, որոնց ընթացքում պատգամավորը խոսում է իրենց պայքարին մարդկանց մասնակցությունն ապահովելու մասին: Ըստ սղագրության՝ կարևորում է, որ խմբերում լինեն գործողությունների պատրաստ մարդիկ: Նշվում են ճանապարհները փակելու, երթևեկությունը կաթվածահար անելու մասին: Շենքեր մտնելու մասին էլ են խոսում, բայց սղագրությունները կիսատ են ու հստակ չէ՝ ինչ շենքերի մասին «Սրբազանն իմ եղբայրն է, ես առանց թաքցնելու ասեմ, որ էս մեկ տարվա ընթացքում 24 ժամ իր հետ եմ եղել պայքարի ամբողջ ընթացքում: Մեր պայքարը, որը մայիսի 9-ին տեսել եք փողոցում, սահմանադրական կարգով օրենքով այս իշխանությանը հեռացնել ու ունենալ հայրենիք, արժանապատվություն», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
12:15 Զորակոչիկների ազատման և անօրինական միգրացիայի գործն ուղարկվեց դատարան
07:24 Տրանսպորտի համար չվճարելու պատիժը շատ խիստ է լինելու. Ժողովուրդ
12:09 Արգելում եմ մոտենալ իմ փաստաբաններին և հարց տալ․ Վարդան Ղուկասյանի ձայնային ուղերձը՝ կալանավայրից
18:16 Մարդ պտի հոգով չար լինի, որ չգնահատի վարչապետի էրածը. գյումրեցիները` Փաշինյանի մասին
14:58 Շիրակի մարզի պետական աշխատողները աշխատանքային ժամին մասնակցում են «Կրթվելը ներաձև է» շարժմանը
16:50 Երկու քարի արանքում. եկեղեցուն զոռով ներքաշում են քաղաքականություն
14:40 Կրթելու են նաև ԵՊՀ-ում. Աննա Հակոբյանը ռեկտորի հետ հուշագիր է ստորագրել