Գյումրու ավագանին կձևավորի հանձնաժողով Ամանորի միջոցառումների կազմակերպման ծախսերն ուսումնասիրելու համար
copy image url

Գյումրու ավագանին կձևավորի հանձնաժողով Ամանորի միջոցառումների կազմակերպման ծախսերն ուսումնասիրելու համար

Ներքին 2 տարի առաջ - 13:29 12-11-2022
Գյումրու ավագանին կձևավորի հանձնաժողով ուսումնասիրելու համար քաղաքում Ամանորի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար նախատեսված ծախսերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավագանու հերթական նիստի ժամանակ առաջադրված նախագիծն Ամանորի ծախսերի մասով ավագանին չընդունեց:

Ավագանու տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ իրենց դեմ քվեարկությունը բացատրեցին նրանով, որ տարիներ շարունակ այդ նպատակով հատկացվող գումարն անփոփոխ է, իսկ միջոցառումների բովանդակությունը՝ նույնը:

Ըստ նախագծի՝ Ամանորի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար նախատեսվում էր հատկացնել 10 միլիոն 150 հազար դրամ գումար, որից 3 մլն դրամը՝ ամանորյա պարկերի ձեռքբերման, 9 հարյուր հազար դրամը՝ ամանորյա տոնավաճառի և տոնական օրերի ընթացիկ միջոցառումների կազմակերպման, 6 հարյուր հազար դրամը՝ կազմակերպչական և հյուրասիրության ծախսերի, 850 հազար դրամը՝ լույսերի վառման միջոցառման համար ձայնային և լուսային տեխնիկայի վարձակալության և գործարկման, 4 մլն 800 հազար դրամը՝ կենտրոնական հրապարակի գլխավոր տոնածառի և դեկորների տեղադրման ու լուսավորման աշխատանքների համար:

«Աշխարհում ամեն ինչ փոխվում է, Գյումրիում Ամանորի համար նախատեսված պարկերը մնում են նույնը»,-նշեց ավագանու անդամ Արման Բաղդասարյանը՝ հավելելով, որ, օրինակ, լույսերի վառման միջոցառման ձայնային և լուսային տեխնիկայի վարձակալության գումարի փոխարեն երեխաների պարկերը կարելի է ավելի նորմալ տրամադրել:

Եղավ առաջարկ բոլոր ուժերի ներկայացուցիչների ներգրավմամբ սեղմ ժամկետում ձևավորել հանձնաժողով՝ ուսումնասիրելու Ամանորի համար նախատեսված ծախսերը: Գյումրու քաղաքապետը մտահոգություն հայտնեց, որ ժամանակը կարճ է, և այդ պարագայում դժվար կլինի ժամանակի մեջ տեղավորվել:

Մեկ այլ մասնագիտական հանձնաժողով կազմելու որոշում էլ կայացվեց դոտացիայի կրճատման հարցով: Համայնքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը տեղեկացրեց, որ 2022 թվականին 40 մլն դրամով, 2023-ին՝ 208 մլն դրամով ՀՀ կառավարությունը կրճատել է համայնքին հատկացվող դոտացիան (Պետական դրամական հատկացում ձեռնարկություններին, հիմնարկություններին՝ վնասները ծածկելու կամ այլ նպատակների համար): Լենա Ջիլավյանը տեղեկացրեց, որ դոտացիայի նվազեցման պատճառն իրենց համար անհասկանալի է։ Համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ավագանուն տեղեկացրեց, որ արդեն նամակ են գրել Կառավարությանը՝ պարզելու, թե ինչով է Կառավարության այս քայլը պայմանավորված։ Լենա Ջիլավյանն ավագանու անդամներին առաջարկեց ուղերձ պատրաստել և ուղարկել ՀՀ կառավարություն։ «Դոտացիան համահարթեցման սկզբունքով են տրամադրում, իսկ մենք արդեն 2023 թվականի բյուջեի նախագիծն ավարտում ենք, և մեր դոտացիան կտրեցին։ Հիմա նորից պետք է բյուջե կազմվի, այդքան գումարի չափով նվազեցվեն ծախսերը, և սա այն դեպքում, երբ որոշում կայացրեցինք հունվարից աշխատավարձի բարձրացում անել։ Ես չգիտեմ՝ ոնց ենք տեղավորվելու։ Մեզ լուրջ քննարկում է պետք»,- նշեց Լենա Ջիլավյանը:

Որոշվեց ավագանու նիստից հետո մասնագիտական խումբ ձևավորել, հարցն արդեն այդ հարթակում քննարկել:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է