Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:08 04-11-2022

Սա է թուլացած Արայիկի նկատմամբ այլ շրջանակների ցանկությունը՝ նվազեցնել նախագահական լիազորությունները․ Ալեքսանդր Քանանյան

Արցախի Ազգային ժողովը նախօրեին երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծին:

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ երբ 2000-ականների սկզբին առնչվում և շփվում էր Արցախի այն ժամանակվա պետական այրերի հետ, հատկապես, Արցախի ազատագրական շարժման ակունքներում որոշակիորեն կանգնած անձանց հետ՝ նրանք միշտ և հպարտությամբ հայտարարում էին, որ Արցախը չունի սահմանադրություն, որպեսզի դրանով ավելի մեծ անջրպետ Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև չգոյանա։

«Սա գիտակցված որոշում էր։ Սակայն Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը 2006 թ-ին իր իշխանությունը երկարաձգելու և երրորդ ժամկետով ընտրվելու նպատակով որշում է կայացրել ստեղծել Արցախի Սահմանադրությունը, որի միակ նպատակը եղել է իր կառավարման երրորդ ժամկետը։

Սակայն Սերժ Սարգսյանն այլ կերպ էր որոշել, հայտնի է, որ Սերժ Սարգսյանն արգելել էր Արկադի Ղուկասյանի երրորդ ժամկետի համար արաջադրվել և Արցախի երրորդ նախագահ ընտրվեց Բակո Սահակյանը»։

Քանանյանը պատմեց նաև, որ հետագայում, արդեն, Բակո Սահակյանն իր հերթին 2017 թ-ին արդեն 4,5 ժամկետով իր իշխանությունը երկարաձգելու համար Արցախում կատարեց Սահմանադրության վերափոխում՝ կիսանախագահական կաղապարից այն բերելով խիստ կենտրոնաձիգ նախագահական կազապարի։

«Արցախում կրկին փոխվեց Սահմանադրությունը, որի շնորհիվ 2 սահմանադրությունների միջև արանքում հայտնված 3 տարին իր ժամկետից դուրս և առանց ժողովրդի կողմից ընտրված լինելու Սահակյանը շարունակել է պաշտոնավարել։

Ապա 2018 թ-ին տեղի ունեցան հայաստանյան հայտնի իրադարձությունները, որից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը չցանկացավ, որ Բակո Սահակյանն ընտրվի ևս երկու նախագահական ժամկետներով։ Արդյունքում, Բակո Սահակյանը չվայելեց իր իսկ կատարած Սահմանադրական բարեփոխումները։

Փաշինյանը խախտելով ժողովրդավարության բոլոր նորմերը՝ լկտի և բացահայտ աջակցությամբ տեղի ունեցած ընտրություններում սատարեց քրեական օլիգարխ և քաղաքական խեղկատակ Արայիկ Հարությունյանի նախագահացումը Արցախում, ընդ որում՝ Հարությունյանը նույնպես շատ մեծ պատասխանատվության բաժին ունի Արցախում պատերազմի աղետալի ելքերի համար և կիսում է Նիկոլ Փաշինյանի հետ նոյեմբերի 9-ի խայտառակ, հայաստանակործան դավաճանագիրն ստորագրելու պատասխանատվությունը»։

Քանանյանն ընդգծեց, որ այս անգամ կատարած փոփոխությունների նպատակը հետևյալն է․ քանի որ Բակո Սահակյանի՝ նախագահին բացարձակ իշխանությունը վերապահող Սահմանադրությունը չափազանց մեծ լիազորություններ էր կենտրոնացնում Արայիկ Հարույթյունյանի ձեռքում, իսկ պատերազմից հետո Արցախի պատառիկում Արայիկ Հարությունյանը թեև շարունակում է զբաղեցնել նախագահի պաշտոնը, բայց նա արդեն չունի անհրաժեշտ քաղաքական կշիռ, որպեսզի վայելի բացարձակ և միահեծան նախագահական կաղապարով իշխանությունը։ «Անհրաժեշտ է վերաբաշխել, այդ թվում՝ պաշտոնական լիազորությունները, որպեսզի նախագահական լիազորությունները պակասեն։ Այսինքն, այս է թուլացած Արայիկի նկատմամբ այլ շրջանակների ցանկությունը՝ նվազեցնել նախագահական լիազորությունները, սեփական լիազորությունները մեծացնելու նպատակով, այստեղ որևէ այլ՝ պետականամետ նպատակ գոյություն չունի։

Արցախի սահմանադրությունների անընդհատ փոփոխությունն ու ընդունումն ամենասկզբից էլ խիստ արատավոր, անձնակենտրոն համապետական և հակասահմանադրական շահերը պաշտպանող նպատակների համար են ստեղծված, սա լայն իմաստով խոշոր ամոթի էջ է հայոց պատմության և հատկապես Արցախի պատմության վրա, որովհետև այս Սահմանադրությունները ոչ թե ամրապնդել են գոյություն չունեցող Արցախի կեղծ անկախությունը, այլ միայն քայքայել են ներսից պետական համակարգը՝ հանգեցնելով խիստ կործանարար արդյունքի։

Ես համարում եմ սահմանադրական այս փոփոխությունները կատարելապես ժամանակավրեպ, ի սկզբանե անիմաստ և այդ իսկ պաշտաժոռվ առնվազն անհասկանալի և անօգտակար ձեռնածություն»։

Ձեզ գուցե հետաքրքրի