copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:24 26-10-2022

Ես ճաշակ եմ թելադրում. ապօրինությունների «տիրակալ» կառուցապատողը 80-100 հազար դոլարով ամեն ինչ օրինական է դարձնում

«Տրվում է վարձով կամ վաճառվում է քաղաք»․ կարելի է նման պաստառ պատրաստել արդեն Երևանի համար, քանի որ թույլատրելի բոլոր կարմիր գծերն արդեն վաղուց հատված են։

Oragir.News-ն այս անգամ անդրադարձել է Հուսիկ Միլիտոսյան անունով կառուցապատողին, ով քաղաքապետարանից, բառի բուն իմաստով, թույլտվություն է պոկում՝ ներկայացնելով իքս նախագիծ, փոխարենը ինքնակամ կառուցում է լրիվ այլ նախագիծ ու մի քանի հարկ էլ ավելի, տանում, օրինականացնում է ու անցնում հաջորդ ապօրինի շինությանը։ Մեր տեղեկություններով՝ Մետրոպոլ հյուրանոցի, Գագիկ Ծառուկյանի բոլոր շենքերի գործերում նրա մատը խառն է։

Թե ինչպիսի ապօրինի շինությունյուններ է արել Միլիտոսյանը, ում թուլտվությամբ և ինչպես, պարզելու համար կապ հաստատեցինք «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի հետ, ով իր ֆեսյբուքյան էջում ևս անդրադարձել էր մի թեմայի, որ Կոմիտասի շուկայի հարևանությամբ շինության վերևի հարկում ապօրինի երկու հարկեր են ավելացված։

«Վերջին տարիներին նրա անունն անընդհատ շրջանառվում է և կապվում մի շարք անօրինական շինությունների հետ։ Փաստորեն, Միլիտոսյանը հայտնի է նրանով, որ սկզբում ինքնակամ շինություններ է կառուցում, նույնիսկ փորձում են ավտոտնակների վրա հարկեր սարքել, մի նախագիծ է ներկայացնում, օրինակ՝ երեք հարկանի շենքի համար, հետո դիմում է քաղաքապետարանին ու օրինականացնում այն։ Առաջին անգամը չէ, որ իր անունը լսում եմ ու ոչ լավ ենթատեքստերով, նույնիսկ հիմա շրջանառվում է, որ այժմ Կոմիտասի շուկայի հարևանությամբ գտնվող ապօրինի շինության համար իշխող խմբակցության ավագանու անդամներից են զբաղվում դրանով, ու զբաղվում են իքս գումարի դիմաց, այսինքն՝ ըստ շրջանառվող լուրերի՝ Միլիտոսյանը 80-100 հազար դոլար է խոստացել այն մարդում, ով պատրաստ է դա օրինականացնել։ Ըստ էության, նա ներկայացրել է այլ նախագիծ ու ստացել լրիվ այլ շինություն։ Քաղաքապետարանն այս առումով լուրջ անելիք ունի։ Քաղաքապետարանի տարբեր բաժիններից իմ գրառումից հետո կապվել են ինձ հետ, բայց այնուամենայնիվ, խնդիրն ավելի գլոբալ է, և եթե վերոնշյալ անբարեխիղճ անձը չի քանդի ինքնակամ կառուցած անօրինական կառույցները, ապա հետևանքներն այլ կլինեն։ Եթե Մարությանը քանդում էր մեծ տեխնիկայով անօրինական շինությունները, կարծում եմ՝ որևէ բան չի խանգարում գործող քաղաքային իշխանություններին ուղղակի վերացնել այդ շինությունը։ Քաղաքային իշխանությունները, չեմ կարծում, որ որևէ շահագրգռվածություն ունեն այդ անօրինականությունը պահելու, և ըստ շրջանառվող լուրերի՝ նախկինում քաղաքապետի օգնականը, և դե, տարբեր խոսակցություններ են պտտվում, այսպես ասած՝ իշխանության կողմից հովանավորել են, որ վերոնշյալ անձը իր անօրինական գործունեությունը ծավալել է, որը սկսվել է Մարությանի իշխանության օրոք։ Մի դեպքով չէ Միլիտոսյանը անօրինականություններ ծավալել։ Իր հետ կապված տարբեր վարչությունների հետ խոսել եմ, երկու անգամ տուգանվել է, մեկ անգամ ՊՊ՚Ծ-ի կողմից, ու դեռևս անպատիժ մնացել է, ինքը ոչ մի նորմ չի պահպանել։ Ոչ մի՛․ այն դեպքում, երբ մարդիկ ամիսներով, տարիներով սպասում են շինթույլտվության, վարկերի տակ են ընկնում, ինչ է թե կառուցապատում անեն, իսկ սա բառիս բուն իմաստով լկտի ձևով, ինքնակամ շինություններ է սարքում»։

Իհարկե, մենք կապ հաստատեցինք նաև Հուսիկ Միլիտոսյանի հետ, ով մեզ ետ զրույցում կարողացավ հերքել ամեն բան ու հանգիստ ասել, որ կատարված ապօրինի շինությունների համար ինքն արդեն տուգանվել է.

«Ես ինչ շինություն որ կառուցել եմ, դրանք արել եմ օրենքով, և եթե իրավախախտումներ են եղել, դրանք եղել են օրենքի սահմաններում, և տուգանքները վճարել եմ, ոչ մի հանցագործություն չեմ արել։ Էն, որ հիմա անհեթեթ բաներ են գրում, որ քարեր է թափվում, նման բան չկա։ ժամանակին ես դիմել էի վեց հարկի համար, որ շինթույլտվություն ստանայի, չտվեցին, տվեցին չորս հարկի ու հիմա էլ դիմել եմ, որ օրինականացնեն։ Քաղաքապետարանին ինչ դիմում եմ, ինձ մերժում են, դրա համար որոշում կկայացվի, որ եթե օրինականացնելու են, թող օրինականացնեն, եթե քանդելու են, թող քանդեն։ Հավելյալ երկու հարկի համար ես տուգանվել եմ, տուգանքն էլ վճարելու եմ, օրինականացման համար ինչքան էլ ուզի, կվճարեմ։ Սուտ է ամեն ինչ, պատվեր է։ Երևի իրենց խանգարում է, մի հատ էլ զանգել, ասում էին մարդիկ՝ կարողա՞ վաճառեք, ասացի՝ չէ, չեմ վաճառում։ Շուկայի կողմից է այդ խոսակցությունները։ Ասում եմ, այդ ամենը լրիվ սուտ է»։

Հարցին, որ եթե մտածում է, որ սուտ են տեղեկությունները, ինչ է պատրաստվում անել, պատասխանեց. «Ես ոչ մի նշանակություն չեմ տալիս։ Ինձ զրպարտում են։ Եթե ես հանցագործություն եմ կատարել, պատրաստ եմ, կենթարկվեմ պատասխանատվության»։

Հարցին, թե ինչով է պայմանավորված Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում ապօրինի շինությունների կառուցումը, պատասխանեց.

«Ես ինչ էլ էսքան ժամանակ արել եմ, դրանց համար պատասխան եմ տվել, եղել է վարչական տուգանքներ, որոնք վճարել եմ։ Ես կապ չունեմ ոչ մի բանի հետ, տարբեր վարչական շրջաններում էլ ունեմ շինություններ, բայց դրանք, ախր, լրիվ օրինական են։ Մասիվում, Ավանում էլ շինթույլտվությունները օրինական ձևով գնում են, թող խոսեն-խոսեն, հոգնեն։ Հարյուր հատ դիմում ունեմ քաղաքապետարանին․ կա՛մ մերժում են, կա՛մ անպատասխան թողնում։ Երեքօրյա ժամկետով բան եմ գրել, տասներկու օր ա՝ չեմ կարողանում ստանալ։ Ես դատարան կդիմեմ ու արդար վճռով Կոմիտասի շուկայի հարևանությամբ շինության հարցը կլուծեմ, որ տուգանքներս վճարեմ, օրինականացնեմ։ Օրինականացնելը քիչ գումարներ չի, 15-20 մլն դրամ կարող է լինել»։

Հարցին, թե ինչն է ի վերջո նրան դրդել բացահայտ ապօրինի շինություններ անել քաղաքում, պատասխանեց. «Ես ճաշակ եմ թելադրում, իմ ճաշակով եմ սարքում։ Դիմել են, ասել են՝ քո ճաշակով չի, որ ուշադիր էլ նայեք, այդ շինությունը շատ գեղեցիկ ու սիմետրիկ սարքած է»։

Փաստորեն, սույն անձնավորությունը մտածում է, որ կարող է ապօրինի շինություններ կառուցել, որի համար տուգանվել, տուգանքը վճարել, ու էլի շարունակել անել իր սև գործը։ Այսինքն՝ ենթադրաբար մտածում է, որ կարող է ինչ ուզի, անի ու անպատիժ մնա.... բայց փաստորեն, սխալվում է։