Արդեն մի շարք բարձր լեռնային շրջաններում ձյուն է եկել, առաջիկայում սպասվում է ջերմաստիճանի անկում։ Հայաստանն Արցախին կապող նոր՝ Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհի շինարարությունը մեկնարկեց օգոստոսին և դեռ շարունակվում է։
Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը
Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով նման եղանակային պայմաններում, ճանապարի շինարարական աշխատանքներից ասաց.
«Հիմա աշխատանքները շարունակվում են, այնպես չէ, որ կանգնել են։ Մի քիչ անձրև է եկել, բայց դեռ աշխատում են, դա շինարարությանը չի խանգարում»։
Հետաքրքրվեցինք Ղուլունցից, պատրա՞ստ են ճանապարամաքրման աշխատանքներին, կարո՞ղ են ամբողջ տարվա ընթացքում ապահովել անխափան կապ Արցախի և Հայաստանի միջև, Ղուլունցը պատասխանեց.
«Ընդհանրապես ճանապարհների մաքրումը համայնքին չի տրված, տրված է ինչ-որ կազմակերպության, ինքն է այդ գործերն անում, այսինքն՝ մրցույթով շահել է, ինքն է անում, այսինքն՝ համայնքը կապ չունի ընդհանրապես ճանապարհային մաքրման աշխատանքների հետ։
Բայց ամեն տարի ինչ-որ պետքն է, անում են։ Եթե Արցախ կապող միակ ճանապարհն է, ոնց կարող է թողել անհետևանք»։
Հետաքրքրվեցինք Ղուլունցից, որ կազմակերպությունն է այդ հատվածում իրականացնում ճանապարամաքրման աշխատանքներ, Ղուլունցն ասաց.
«Ես չեմ կարա, չգիտեմ, անցած տարի գիտեի, բայց այս տարի փոխվել է»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքային նախարարությունից էլ
Oragir.News-ին հայրնեցին, որ այս պահի դրությամբ այնտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դետ եղանակները թույլ են տալիս։ Հստակ որոշված օրակարգ կա, ժամանակացույց կա և այս պահին հենց այդ պլանով գնում ենք առաջ։
Պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում են, եղանակային անբարենպաստ պայմաններում անխափան ապահովել տրանսպրտային երթևեկությունը Հայաստանի և Արցախը միջև եղող միակ ճանապարհով, նախարարությունից պատասխանեցին.
«Բնականաբար, նախապատրաստվում ենք, ինչքան որ եղանակները թույլ կտան՝ կաշխատենք, դրանից հետո, երբ եղանակները անբարենպաստ կլինեն, կիրականացվեն բոլոր անհրաժեշտ աշխատանքները, մինչև նորից կսկսվեն աշխատանքները»։
«Ես այս պահի դրությամբ չեմ կարող ասել՝ ճանապարհը փակ կլինի, թե չէ, ինչ ծավալի ձյուն կգա, դուք երկարաժամկետ պլանների, եղանակային պայմանների մասին եք խոսում, որը այս պահի դրությամբ չեմ կարող ասել։
Կարող է եղանակը այնքան բարենպաստ է լինում, որ ամբողջ խոր աշուն և ձմռան ամիսներին կարողանում ենք այնտեղ աշխատանքներ իրականացնել». հայտնեցին նախարարությունից։
Հարցին, որ հնարավոր է առատ ձյան հետևանքով փակվի Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը, մեր զրուցակիցն ընդգծեց.
«Ես ենթադրություններ չեմ կարող անել տարվա եղանակի ձյան քանակի վերաբերյալ։ Ես չեմ կարող ասել, եթե ձյուն գա ճանապարհը այդ պահի դրությամբ հասանելի կլինի, թե չի լինի, բայց այս պահին ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում և սպասվում է, որ պիտի ճանապարհը սահմանված ծրագրով և օրակարգով լինի»։