copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:18 17-10-2022

ՊՆ-ի Նոկիաները միշտ են լսվել․ անվտանգ կապը բազմակողմանի խնդիր է․ Սամվել Մարտիրոսյան

Սեպտեմբերից խոսվում է, որ ադրբեջանցիները լսում են ՊՆ-ի «Նոկիա» հեռախոսները․ սրա մասին Oragir.news-ը մեկնաբանություն խնդրեց մեդիաանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից։

«ՊՆ-ի նոկիաները միշտ են լսվել․ վատ է, որ դուք հիմա եք իմանում այդ մասին։ ՊՆ-ի հասարակ «կոճակով» հեռախոսները ավելի լավ են լսվում, քան սմարթֆոնները։ Իսկ ինչո՞ւ պիտի չլսվեն՝ հասարակ բջջային կապ է»,- ասաց Մարտիրոսյանը։

Կարելի՞ է ասել, որ ավելի անվտանգ կլինի բաժանել սմարթֆոնները, որ շփվեն, օրինակ, վոթսափո՞վ՝ հարցին ի պատասխան նա ասաց․ «Այդպես ասել ևս չի կարելի, եթե կոնկրետ հստակ հայեցակարգ չկա՝ ինչպես պիտի օգտագործեն։ Շատ հստակ պրատակոլներ են գրվում՝ կոնկրետ ինչ հեռախոսներ պիտի լինեն՝ ինչպես օգտագործվեն, երբ»։

Այդ ամենն, անշուշտ կարող է հրապարակվել, բայց, ըստ Մարտիրոսյանի, դա լրատավամիջոցը պիտի չանի։ «Լավ չէ, որ դուք՝ որպես լրագրող, նոր եք իմանում այդ մասին, դուք էլ՝ որպես լրագրող, կարող եք գաղտնալսման զոհ լինել»,- հավելեց նա։

Եթե հիմա չենք կարող այդ խնդրի լուծումն ամբողջ խորությամբ ներկայացնել, ապա ի՞նչ կարելի է խորհուրդ տալ զինծառայողի, կամավորի, որ հեռախոսն անվտանգ կիրառի․ «Հնարավոր չէ երկու բառով ասել, որ դուք էլ կամավորի փոխանցեք․ իր մոտ կեղծ անվտանգոության զգացողություն է լինելու։ Այս հարցի մասին կամ պետք է խոսել լրջորեն, երկար, մանրակրկիտ, կամ կիսատ-պռատը կարող է տալ հակառակ էֆեկտը։ Տեսեք՝ ինչպես այս դեպքում․ մարդիկ կիսատ-պռատ բան են իմացել, և իրենց մոտ տպավորվել է, թե ՊՆ «Նոկիան» անվտանգ է»։

Անվտանգության համար ենթադրվում է, որ բոլորովին ա՞յլ սարքավորումներ պիտի լինեն և աշխատեն ա՞յլ համակարգով։ «Ոչ, այլ համակարգի հարց չկա, սա միայն ճիշտ կիրառման խնդիր է։ Ինչ-որ հատուկ սարքերի հարց չէ»,- պատասխանեց Մարտիրոսյանը։

Կարելի՞ է, ուրեմն, նույն սարքերով ունենալ անվտանգ կապ։ «Միայն կապի խնդիր չէ․ հարց է, որ զինվորներն ինչ ասես չնկարեն-չտարածեն։ Սա, կրկնեմ, շատ բազմակողմանի խնդիր է։ Զինվորն ու սպան այս սարքերը պիտի տարբեր ձևերով կիրառեն»,- նշեց նա։

Մարտիրոսյանը հրաժարվեց ծավալուն հարցազրույցից ևս՝ նշելով, որ այդ զրույցը ժամեր կարող է տևել, և դրա բոլոր բաղադրիչները փոխկապակցված են և էական․ «Սա լրատվամիջոցով արվող բան չէ»։

Ակնարկում եք, որ այս առումով խնդրի լուծման համար անհրաժեշտ է համագործակցել ՊՆ-ի՞ հետ հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանը նշեց, որ ՊՆ-ն պիտի այս դեպքում ինքը նախաձեռնի համագործակցություն՝ նշելով․ «Ես կարծում եմ՝ իրենք էլ այս թեմային տիրապետում են»։

Այսօր ՊՆ մեր զանգերը դեռ անպատասխան են։

Կարմեն Մարտիրոսյան