Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:20 12-10-2022

Ալավերդիում համայնքապետի ընտրությունն համընկել է ոստիկանության ավանդական դարձած ուժեղացված ծառայության հետ

Այսօր վաղ առավոտից տեղեկություն էր տարածվում այն մասին, որ Ալավերդի քաղաքում ոստիկանության հատուկ ջոկատայինները, ուժեղացրած հսկողություն են իրականացնում։ Տարօրինակ զուգադիպությամբ այսօր Ալավերդիում նաև նորընտիր ավագանու առաջին նիստն է, որի օրակարգում համայնքապետի ընտրությունն է։ Oragir.news-ի հետ զրույցում Ալավերդիի արվեստի դպրոցի տնօրեն Վարուժան Վարդումյանն ասաց, որ առավոտյան իր մեքենան նույնպես կանգնեցրել են։

«Ստուգողները Ալավերդիից չէին, սկզբում չճանաչեցին, հետո մեր էստեղի ոստիկաններն եկան, ասացին՝ գնացեք, չստուգեցին էլ։ Մի քիչ զարմանալի էր, որովհետև Ալավերդին առհասարակ քաղաքական առումով հանգիստ քաղաք է, այստեղ ցնցումներ չի լինում, չեմ էլ կարծում, որ ուժեղացված հսկողության անհրաժեշտություն կար։ Իհարկե, լսել եմ, որ ավագանու անդամների վրա ճնշումներ եղել են։ Բայց այսօր արդեն անակնկալներ հազիվ թե լինեն, քանի որ արդեն կոալիցիա կա կազմած։

Հնարավոր է, դրա համար են ուժեղացրել հսկողությունը, չեմ կարծում՝ ցնցումներ ու բռնություն լինի, կարծում եմ՝ գունագեղության համար են քաղաքում լցված։ Ամեն դեպքում՝ կոալիցիան արդեն կազմված է, չեմ կարծում փակ քվեարկության դեպքում որևէ մեկը սրիկայություն կանի»։

ՀՀ ստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ Լոռու մարզում ոստիկանության վարության սպասարկման ծառայությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում. «Սա հերթական ուժեղացված ծառայությունն է, որ իրականացվում են հերթականությամբ բոլոր մարզերում»։

Դիտարկմանը, թե ինչու են նաև հատուկ ջոկատայիններ ներգրավված՝ Գաբրիելյանը պատասխանեց, որ մարզային վարչության ուժերով է ուժեղացված ծառայություն իրականացվում։

Նշենք, որ Ալավերդիի 49 տոկոս ձայն էր ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը, 47 տոկոսը՝ «Քաղաքացիական պայնագիր» կուսակցությունը։ Արդյունքում, 2 կուսակցությունները հավասար ավագանու անդամներ ունեին, համայնքապետի ընտրության համար որոշիչը ՀԱԿ մեկ անդամի ձայնը պետք է լիներ։

Ինչպես արդեն հայտնի է՝ ՀԱԿ-ը ավելի վաղ կոալիցիա էր կազմել «Ապրելու երկիր» կուսակցության հետ։ Այսօր Ալավերդիում ավագանու նիստն անցավ առանց ՔՊ անդամների, թեև 2 թեկնածու կար, Արեն Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագրից» և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն՝ Արկադի Թամազյանը։

Արկադի Թամազյանն ընտրվեց Ալավերդիի համայնքապետ։