Ներքին 35 րոպե առաջ - 11:00 15-11-2026

ԵՊՀ-ի հարակից ֆինանսատնտեսական շարժերը ևս` կոռուպցիոն ռիսկերով լի

Ուսումնական հաստատությունների հասույթը, բացի ուսման վարձերից, գոյանում է նաև սեփական հյուրանոցային և հանրակացարանային ծառայություններից։

Այդ առումով Երևանի պետական համալսարանը համեմատության մեջ ունի գերիշխող դիրք` շնորհիվ իր «Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայի», որը իր տեղանքով և չափերով չի զիջում բարձրակարգ հյուրանոցային համալիրներին և ընդհանուր կարգով ապահովում է ցանկացած դիմողի կացարանը` լինի ուսանող, թե օտարերկրացի զբոսաշրջիկ։



Նույնպիսի գործառույթ ունի նաև ԵՊՀ` Երևանում գտնվող 125 համար ունեցող հանրակացարանը։ Այս երկու կառույցները գործում են գրեթե ողջ տարի, սակայն նրանց արտացոլած հասույթը` դրամական մուտքերը, ամենևին համահունչ չեն իրենց առկա պոտենցիալին (տեղանք, գներ, համարների քանակ)։

Հարցի վերջնական հասցեատերը հավանաբար ՊԵԿ֊ն է կամ առնվազն Հաշվեքննիչ պալատը։ Մենք միայն փաստենք, որ վերոնշյալ համալիրները (ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա, ԵՊՀ հանրակացարան) ողջ 2025 թվականի ընթացքում հայտարարագրել են 294.5 միլիոն դրամ, միջին օրական հաշվարկով 800 հազար դրամ, այլ կերպ ասած՝ այս կառույցները ողջ տարին «կիսադատարկ են»։

Հ.Գ.: Հավելենք, որ ռեկտորի հրամանով հաստատված գնացուցակներից մի քանիսի համաձայն՝ 3 հատ 2500 դրամը հավասար է 6000 դրամի, ինչը, հուսանք, վրիպակի արդյունք է։

Ամենից շատ դիտված