copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:04 31-08-2022

Գորբաչովը և Հայաստանը

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Նախօրեին Մոսկվայում 91 տարեկան հասակում մահացել է ԽՄԿԿ Կենտկոմի վերջին գլխավոր քարտուղար և ԽՍՀՄ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը։

Հայերի ու ոչ միայն հայերի վերաբերմունքը Գորբաչովի հանդեպ երբեք միանշանակ չի եղել։ Գորբաչովին վերագրում էին ԽՍՀՄ-ը փլուզման տանելը, մինչդեռ ԽՍՀՄ ղեկավարությունը Գորբաչովի գլխավորությամբ սկսել էր, այսպես կոչված, «վերակառուցման գործընթացը», որի նպատակը խորհրդային ամբողջատիրական համակարգը «նորոգելն» էր, երկիրը քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս բերումը, սակայն ձեռնարկված քայլերն այլևս անզոր էին կասեցնել երկրի տնտեսական և քաղաքական ճգնաժամը, որը գնալով խորանում էր։

Հայաստանում Գորբաչովին մեղադրում են Ղարաբաղի հարցում Բաքվի տեսակետը պաշտպանելու, Սումգայիթում հայերի ջարդերը չկանխելու և մեղավորներին չպատժելու համար։

Գորբաչովի առաջին ու միակ այցը Հայաստան, 1988-ի դեկտեմբերին՝ Սպիտակի երկրաշարժից հետո էր։ Նա, ընդհատելով իր պաշտոնական այցը ԱՄՆ, կնոջ հետ ժամանեց Երևան և անմիջապես մեկնեց Գյումրի, տեղում ծանոթացավ փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։ Մի կողմից՝ այն ժամանակ մարդիկ գնահատեցին երկրի առաջին դեմքի անհապաղ այցը Հայաստան, սակայն մյուս կողմից էլ՝ մարդկանց նյարդայնացնում էր Գորբաչովի արձագանքը Ղարաբաղյան շարժմանը։ Այս այցի մասին պատմելիս «Շարժում 88-ի Գյումրիի» ղեկավարներից Վլադիմիր Հարությունյանը պիտի վերհիշեր, որ Գյումրիում Գորբաչովին ցնցել էր երկրաշարժի տեսարանը, սակայն ավելի շատ նա ցնցվել էր, երբ չնայած փլատակներին, ավերածություններին ու զոհերին՝ մարդիկ, իրեն տեսնելով, սկսել էին բղավել «Ղարաբաղ, Ղարաբաղ»։

Մինչ այդ՝ փետրվարի 26-ին, Գորբաչովը Կրեմլում ընդունել էր Զորի Բալայանին և Սիլվա Կապուտիկյանին: Այս հանդիպման մասին իրենց հուշերում և գրքերում գրել են զրույցի բոլոր մասնակիցները, սակայն ամեն մեկը ներկայացրել է զրույցի իր տարբերակը: Կապուտիկյանը մասնավորապես գրում էր, որ Գորբաչովի հետ մեկ ժամից ավելի տևած խոսակցությունն ընթացել է «ոչ պաշտոնական, կարելի է ասել՝ մտերմիկ մթնոլորտում»:

Բալայանի և Կապուտիկյանի վերադարձին անհամբեր սպասում էին Երևանում, հանդիպումից հետո նրանք Երևանում ասացին, որ Գորբաչովը խոստումներ է տվել, և մեկ ամսով պետք է դադարեցնել հանրահավաքները: Հրապարակը դատարկվեց, սակայն փետրվարի 27-ին սկսվեցին սումգայիթյան ջարդերը: Ավելի ուշ՝ 2021 թ-ին, Գորբաչովը «Հասկանալ վերակառուցումը, պաշտպանել նոր մտածողությունը» հոդվածում, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պարզ լուծում չուներ ԽՍՀՄ ժամանակ և չունի հիմա։

«Պետք է խոստովանել, որ սկզբից մենք թերագնահատեցինք խնդրի մասշտաբներն ու սրությունը։ Բայց երբ խնդիրը ծագեց, մենք չէինք կարող գործել ճնշման և արգելքների նախկին մեթոդներով։ Մենք կարծում էինք, որ պետք է այլ ճանապարհով գնալ, որոնել մտածված և ծանրակշիռ մոտեցումներ, գործել համոզման մեթոդներով։ Սրանից էինք ելնում, երբ 1988-ի սկզբին սրվեց Լեռնային Ղարաբաղի հարցը։ Հակամարտության արմատները վաղեմի են, խնդիրը պարզ լուծում չուներ այն ժամանակ և չունի հիմա, թեև ինձ փորձում էին համոզել, որ լուծման կարելի է հասնել սահմանների վերաձևման միջոցով։ Երկրի ղեկավարությունը միակարծիք էր՝ դա անթույլատրելի է»,-ասվում է Գորբաչովի հոդվածում։

Ձեզ գուցե հետաքրքրի