Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը, որի և Ավետիք Չալաբյանի խոսակցության գաղտնալսման և մոնտաժման հետևանքով մինչ այժմ Ավետիք Չալաբյանը՝ որպես քաղբանտարկյալ, կալանքի տակ է, նշանակվել է Ագրարային համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն։ Այս մասին գրել էր «Երկիր․am»-ը՝ նշելով, որ «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունն ունի 62,7 հա հողատարածք, որից 18 հա խաղողի բերքատու այգի է, 2,8 հա՝ ընդավոր պտղատու այգի, 11 հա՝ առվույտի բազմամյա խոտհարք, իսկ մնացած 27,7 հա՝ անմշակ հողամաս: «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսության կազմում գործում է նաև գինու գործարան:
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Ավետիք Չալաբյանի գաղափարակից ընկեր Էդգար Ղազարյանը կարծում է, որ սա Թոռնիկին «իր մատուցած ծառայությունների» համար փոխհատուցումն է։ Էդգար Ղազարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Թոռնիկին բավականին յուղոտ պաշտոն են տվել, թեև նա, լինելով ՈՒԽ նախագահ, այն զբաղեցնելու իրավունք չունի։
«Հետաքրքիրն այն է, որ ուսանողական խորհրդի նախագահ նա շարունակում է մնալ, այսինքն՝ 2 պաշտոն ունի՝ և՛ վարչական պաշտոն է զբաղեցնում համալսարանում, և՛ ուսանողական խորհրդի նախագահն է։ Այդպիսի բան չի կարող լինել ուղղակի, որովհետև ուսանողական խորհուրդը, ըստ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի, ուսանողական ինքնակառավարման մարմին է, այսինքն՝ պատահական հասարակական կազմակերպություն չէ, որովհետև ուսանողական խորհուրդները իրավունք ունեն ներկայացուցիչներ ունենալ համալսարանի գիտական խորհրդում, կառավարման խորհրդում, ինչպես նաև ֆակուլտետների գիտական խորհրդի կազմում։ Այսինքն՝ համալսարանի ուսանողական խորհուրդը պիտի ինքնավար մարմին լինի, որովհետև կարգավիճակային ֆունկցիաներ է իրականացնում, և չի կարող ուսխորհրդի նախագահը միևնույն ժամանակ վարչական իմաստով ենթարկվել համալսարանի ռեկտորին։ Երկորդը՝ դա համալսարանի սովորական ստորաբաժանում էչ, այսինքն՝ կարիերայի կենտրոն չէ համալսարանի կամ անձանակազմի կառավարման բաժինը, դա մի քանի հեկտար տարածք ունեցող, փաստացի գյուղացիական տնտեսություն է, որտեղ արտադրվում է գյուղատնտեսական արտադրանք, որը նաև վաճառվում է։ Այնտեղ կա գինու գործարան, այնտեղ կան խաղողի այգիներ, այլ պտղատու այգիներ և այլն։ Այսինքն՝ նա, ըստ էության, տնտեսության ղեկավար է, բիզնես է նրան տրված, որը փող աշխատելու մեծ հնարավորություն է իր համար, այսինքն՝ սովորական աշխատանք չեն տվել, իրեն տվել են մեծ գումարներ աշխատելու հնարավորություն, որը եթե բաժանես 1000 դրամի, ապա կարող ես ստանալ, թե քանի գլուխ ուսանող է անում՝ ըստ Թոռնիկի թրաֆիքինգի գնացուցակի՝ տարբեր գործերի մասնակից լինելու համար»,- ասաց Ղազարյանը, ապա մեզ հետ կիսվեց 2 հետաքրքիր նորությամբ․ «Վերջերս Ագրարային համալսարանի լաբորատորիաներից մեկում հրդեհ է բռնկվել՝ բավականին մեծ ծավալի հրդեհ, ու գույք վնասվել, բայց ոչ մի ուսանող չի կամավորագրվել իրենց համալսարանում հրդեհաշիջման աշխատանքները կատարելու համար։ Այսինքն՝ պրն․ Թոռնիկը չի կարողացել կազմակերպել, և ինքն էլ անձամբ չի մասնակցել իրենց համալսարանում հրդեհը հանգցնելու աշխատանքներին։ Հետևաբար հարց է առաջանում, թե իրենք ինչու էին հատկապես ուզում ընդդիմության հանրահավաքներին ուսանողներով մասնակցել, բայց չեն ուզում իրենց համալսարանում հրդեհը մարելու փրկարարական աշխատանքներին։ Բացի այդ, ԿԳՄՍ-ն իր կայքում տեղեկություն է հրապարակել, որ Բելառուսի ագրարային համալսարանը հայտարարում է ընդունելություն, և Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում, որ մարդիկ գնան, սովորեն Բելառուսի ագրարային համալսարանում այն դեպքում, երբ իրենց մոտ ընդունելության 700 տեղ են հայտարարել, 40 հոգի մարդ է ընդունվել, որից 28-ը տնտեսագիտության ֆակուլտետում, բայց իրենք ասում են՝ գնացեք Բելառուսի ագրարային համալսարանում սովորեք։ Հիմա չգիտեմ՝ իմաստը որն է․ գուցե ԿԳՄՍ-ն ուզում է այդ ուսանողներին ազատե՞լ Թոռնիկի ստրկատիրական կարգերից ու թրաֆիքինգից, այսինքն՝ եթե ուզում եք գյուղատնտեսություն սովորել, ես ձեզ կարող եմ հնարավորություն տալ, որ դա առանց Թոռնիկի անենք»,-ասաց Ղազարյանը։
Ղազարյանին հարցրինք՝ այս տեմպերով շարունակելու դեպքում հնարավո՞ր է, որ Թոռնիկ Ալիյանը շուտով ագրարայինի ռեկտոր դառնա․ «Կարող է, մանավանդ որ իշխությունները փոխել են ռեկտորին ներկայացվող պահանջները։ Այսինքն՝ եթե նախկինում ռեկտորը պետք է ունենար դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում, հիմա իջացվել է թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի գիտական կոչում։ Հնարավոր է, որ մի հատ էլ իջեցնեն ու թողնեն, ասենք, «լավ գաղտնալսում»․ եթե որևէ մեկը կարող է անել լավ գաղտնալսում, ուրեմն կարող է դառնալ ռեկտոր»,- պատասխանեց Ղազարյանը։