copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 18:05 06-08-2022

Բայց ինչո՞ւ պիտի Աղավնոյի ու Բերձորի բնակիչները հեռանան, չէ՞ որ դուք ասում եք, որ Արցախը կարող է ապրել Ադրբեջանի կազմում․ Հայրիկյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Աղավնոյի բոլոր հին բնակիչները մեր տարած մարդիկ են։ Այն, որ ես 30 տարի առաջ եղել եմ այդ տարածաշրջանում բնակավայրեր հիմնադրելու նախաձեռնողներից մեկը, բոլորը գիտեն։ Հետագայում Շահումյանից ու Մարտակերտից փախստականների համար բնակավայրեր հիմնելու գործը պետական աջակցություն ստացավ այնքանով, որքանով այնտեղ արտակարգ դրություն հայտարարվեց, ու ես նշանակվեցի այնտեղի պարետ։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ ընդգծելով, որ բնակավայրը հիմնադրելիս նաև եկեղեցին էին կառուցել պատմական խաչերի հարևանությամբ ու դրա բանալիները հանձնել Արցախի թեմին, իսկ բնակավայրերը կառուցել ու հանձնել էին Արցախի իշխանություններին։

«Որպես այդ գործի նախաձեռնող՝ ես հիմա կարող եմ ցավ ապրել, որպես տեղի ինքնապաշտպանական մարտերում 33 մարդ կորցրած, 100 վիրավորներ ունեցած կազմակերպության ղեկավար՝ ես դառը հիասթափություն եմ ապրում, բայց ավելին անել հիմա չեմ կարող։ Այսօր պետական համակարգում գործում են նրանք, ովքեր լծակներ ունեն գործելու։ Առաջ ես գնում էի Եռաբլուր՝ իմ նվիրյալ ընկերների շիրիմներին այցելության, ու ասում էի, որ թեև դուք երկրային կյանքից ժամանակից շուտ հեռացաք, բայց ձեր գործը կա։ Այդ տարածքները մերն են ու բնակեցված են։ Մենք 37 բնակավայր ու հենակետ ենք ստեղծել, մեր ստեղծածից ավելի քան 15-ը հերթով հանձնվեցին, ոչ թե որովհետև պատերազմ էր ու պարտվեցինք, այլ հանձնվեցին, քանի որ քաղաքական իշխանությունները ազգային արժեհամակարգի հետ, համամարդկային քաղաքակրթական ձեռքբերումների հետ ոչ մի կապ չունեն, առաջնորդվում են հետին նկատառումներով, ներքին վախերով ու իշխանասատկածությամբ»։

Հայրիկյանի դիտարկմամբ՝ մենք այդ կորցրինք, երբ այնտեղ մտան խաղաղապահները։ «Ոչ թե այդտեղից հարավ կամ հյուսիս են խաղաղապահները, այլ հենց այդ տարածքում։ Հետևաբար այդ բնակավայրերի ռազմավարական նշանակության մասին խոսելը ծիծաղելի է»։

Հարցին, թե տեսնո՞ւմ է տարածքները չհանձնելու հնարավորություն, Հայրիկյանը պատասխանեց, որ տարբերակ կա, բայց գործող իշխանությունները դրան ընդունակ չեն։ «Իսկ դուք չհանձելու որևէ քայլ տեսնո՞ւմ եք գործող իշխանությունների կողմից։ Տպավորություն է, որ մենք իշխանություն էինք ընտրել, որպեսզի պարտվեինք, որպեսզի տարածքներ հանձնեինք։ Իշխանությունը նրա համար է, որ անբարենպաստ պայմաններում ելք գտնի, դուք տեսե՞լ եք որևէ բան, որ արտաքին քաղաքական հարաբերություններում գործող իշխանություններն անեն՝ դրական ելքի համար։ Նրանց անելիքը մեկն է․ պետք է նահանջել, պետք է հանձնվել, պետք է տալ, դա ադրբեջանական է։ Կարծես հայերի կողմից չեն ընտրված կամ ընտրված են, որպեսզի ամեն ինչ հերթով տան, տապալեն։

Հասարակ բան ասեմ․ գործող իշխանությունները խոսում են այն մասին, որ Արցախը պետք է ապրի Ադրբեջանի կազմում, բայց հիմա էլ ժամանակ են տալիս Բերձորի ու Աղավնոյի բնակիչներին, որպեսզի նրանք հեռանան։ Բայց ինչի՞ պիտի հեռանան, չէ՞ որ դուք ասում եք, որ կարող են ապրել Ադրբեջանի կազմում, հիմա պետք է դիմել միջազգային հանրությանը, ասել՝ տեղահանություն է կատարվում, ազգային հողի վրա կատարվում է ցեղասպանական ակտ։ Որ ասում եմ՝ կարելի է անել, 1 օրվա կամ 1 ժամվա մեջ չես կարող անել։ Բավական չէ, որ ուժի կիրառմամբ, այսինքն՝ ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ հարցեր լուծեցին, դեռ մի բան էլ Ալիևը, ասելով, որ Ղարաղաղի հարց չկա, Մինսկի խումբը ստեղծողներին ապուշներ է անվանում, քանի որ ուժի միջոցով լուծեց այն հարցը, որը 40-ից ավելի պետություններ կարծում էին, որ այդ հարցը պետք է տևական բանակցություններով լուծվի։

Չունենք իշխանություն, ունենք պորտաբուծների ու պարգևասատկածների հավաքականություն, և երբ ասում եք՝ ինչ անել, պետք է էս լակոտներին հեռացնել, որ գործ անենք, իսկ իրենք գրավել են այդ տեղը ու այդ տեղն օգտագործում են՝ ի վնաս նրանց, ում իբրև պետք է ծառայեին»։

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ազգային կառավարությունում ընդգրկված լինելուն՝ Հայրիկյանն ասաց, որ Հովհաննիսյանը վերջին ընտրություններից հետո երկար ժամանակ անց հանրությանը հուզող հարցերի վերբերյալ հանդես չի եկել, հիմա էլ ամեն ինչ կապում է օրվա իշխանության մեջ փոփոխություն կատարելու գաղափարի հետ։ «Բայց դա ես ժամանակավրեպ մոտեցում եմ համարում, որովհետև օրվա իշխանության փոփոխությունն էլ պետք է ինչ-որ ռազմավարական նպատակների հետ կապվի։ Այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանը տվել է իր կարծիքը, ես էլ իմացել եմ, որ նա այն կարծիքին է, որ պետք է ազգային համաձայնության կառավարությունում Հայրիկյանը իր տեղը պետք է ունենա։ Իմացել եմ, ոչ ավելի, ոչ պակաս։ Այսինքն՝ ո՛չ խանդավառ եմ, ո՛չ էլ տխրել եմ, իր կարծիքն է»։