copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:19 23-06-2022

Եթե չես ասում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եթե չես ասում, որ կարմիր գիծ է, դա դարձնում ես սակարկման առարկա․ Սուրեն Սարգսյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, անդրադառնալով ընդդիմության թեզին, թե «Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում», ասել է, որ պետք է իրատես լինենք, եթե հայտարարում են, ապա զրկվում են մանևրելու իրավունքից։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, oragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով Խաչատուրյանի այս դիտարկմանը, նշեց, որ ընդհանրապես ցանկացած պետություն և ցանկացած բանակցող կողմ, երբ գնում է բանակցությունների, ունի իր սկզբունքները, իր կարմիր գծերը, ունի այն մոտեցումները, որոնցից երբևէ չի շեղվելու։

«Այսինքն՝ պետք է ունենաս ամենակարևոր և սուրբ կետը, որից այն կողմ չես անցնելու։ Դրա մասին բոլորը պետք է իմանան։ Դու չես կարող սակարկությունների առարկա դարձնել մի բան, որ ամենակարևորն է, ու չասես, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Ես չեմ կարծում, որ դա որևէ փուլում որևէ մեկին բանակցային պրոցեսում տալու է մանևրելու հնարավորություն։ Հակառակը, դու, դրա մասին չխոսելով, դիմացինին հնարավորություն ես տալիս այդ հարցը բարձրացնել ու քննարկման առարկա դարձնել։

Այսինքն՝ եթե դա քո կարմիր գիծը չէ, ուրեմն քննարկման ենթակա հարց է։ Ես կարծում եմ, որ դա անթույլատրելի է։ Կրկնեմ՝ միշտ և ցանկացած բանակցող գնում է բանակցությունների իր կարմիր գծերով»։

Սարգսյանն ընդգծեց, որ երբ նախկինում բանակցություններ էին ընթանում, Ադրբեջանն ասում էր, որ Արցախը չի կարող ունենալ այլ կարգավիճակ, քան Ադրբեջանի կազմում, իսկ հայկական կողմը պնդում էր, որ չի կարող Արցախը ունենենալ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

«Սա նշանակում էր, որ կարմիր գծերը կային, ու 30 տարի բանակցություններ եղել են, ընդ որում՝ բավականին հաջող բանակցություններ են եղել, ու վերջին 30 տարիների ընթացքում բանակցային պրոցեսը չի խարխլվել»։

Դիտարկմանը, թե իշխող վարչակազմը պնդում է, թե իրականում փակ դռների հետևում նախկին բանակցողները բանակցել են հենց Ադրբեջանի կազմում Արցախը թողնելու մասին, ու երեկ Խաչատուրյանը պնդում էր նաև, որ Փաշինյանը խիզախություն է դրսևորել՝ դրա մասին բարձրաձայնելու, քաղաքագետն ասաց, որ պատերազմի ավարտից հետո երեք նախագահներն էլ ունեցել են բանակցային հստակ դիրքավորումներ։ «Մի փոքր գուցե տարբերվել են առաջին նախագահից երկրորդ և երրորդ նախագահների դիրքավորումները, բայց դրանք համահունչ են եղել Հայաստանի շահերին։ Այսինքն՝ այդպես չէ, որ դիրքավորումը թույլացնելով՝ դու հնարավորություն ես ստանում ավելի ճկուն լինելու։ Հակառակը, եթե դու ամենակարևոր սկզբունքից հետ ես կանգնում, նշանակում է՝ դա կարող ես դարձնել սակարկման առարկա, իսկ սակարկման առարայի հետևից մյուս կողմը անպայման գալու է»։

Ամենից շատ դիտված