Բերձորի և Աղավնոյի բնակչությանը մինչև օգոստոսի 25-ը՝ 20 օր, ժամանակ է տրվել բնակավայրերը ազատելու համար։ Այս մասին տեղեկությունը Oragir.news-ի հետ զրույցում հաստատեց Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը՝ ասելով, որ տեղեկությունը իրենց փոխանցվել է Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանի միջոցով․ «Կա նման տեղեկություն, այսօր Աղավնոյում էլ, Բերձորում էլ, բնակչության հետ հանդիպման ժամանակ էլ է դա բարձրաձայնվել, ընդհանուր ներկայացվել է իրավիճակը, իրողությունը՝ այս պահի դրությամբ գոյություն ունեցող։ Այո՛, հայտնողը տարածքային կառավարման նախարարն է եղել, մեզ հետ միասին բնակիչների հետ հանդիպման ժամանակ 2 բնակավայրերում էլ ընդհանուր ներկայացրել է իրավիճակը, ինչ այս պահին կա»,- պատասխանեց Ալեքսանյանը։
Հարցրինք՝ այդ նորությունը ինչպես ընդունվեց բնակչության կողմից․ «Այդ նորությունը, որպես այդպիսին, նորություն չէր, եթե ընդհանուր վերցնենք։ Ժամկետի մասն էր նորություն, որովհետև այդ ժամկետը որևէ մեկս չէինք պատկերացնում։ Բայց եթե հիմա չէ, ապա ինչ-որ ժամանակ անց էր լինելու, դա արդեն իսկ կար, արդեն իսկ քննարկվում էր, կար միջանցքի այլընտրանքային ճանապարհի շինարարությունը և այլն։
Ընդհանուր առմամբ բնակչության կողմից էլ հաշտ չընդունվեց՝ հաշվի առնելով այդ պահին մարդկանց հոգեվիճակը, էմոցիոնալ ֆոնը, ընդհանուր առմամբ էս պահին գոնե այդքանը։ Մարդը ամեն դեպքում պետք է յուրովի որոշում կայացնի իր վաղվա օրվա համար, թե ինչ է ուզում անել, և դա անելուց հետո ինքը ինչ կունենա, ինչ չի ունենա։ Այս պահին գոնե այսքանը, ցանկացած որոշում․․․, որևէ մեկը այդ որոշման վրա ազդել կամ ինչ-որ բան անել չի կարող, որոշումը պետք է հարգվի որպես տվյալ անձի որոշում»,- պատասխանեց քաղաքապետը։