copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:23 30-07-2022

La guerre comme à la guerre․ պատերազմում՝ ինչպես պատերազմում

Երրորդ համաշխարհային պատերազմը (ժամանակն այս համոզվածությունս հաստատեց) սկսվել է Երկրորդ աշխարհամարտից անմիջապես հետո, նույնիսկ նրա ավարտից առաջ, երբ ԱՄՆ–ն ատոմային ռումբերը փորձարկեց Հերոսիմայում ու Նագասակիում: Թիրախը բնավ էլ Ճապոնիան չէր, այլ դաշնակիցները. ԽՍՀՄ-ին անհրաժեշտ էր կաշկանդել, Մեծ Բրիտանիայից պետք էր վերջնականորեն խլել աշխարհակալական բոլոր լծակներն ու հնարավորությունները։ Հետո ԱՄՆ-ն լոկալ, տեղային նշանակության պատերազմների հերթափոխ սկսեց աշխարհի բոլոր ծայրերում ու մասերում։

60–70–ականներին բոլոր եվրոպական տերությունները ու հատկապես՝ Մեծ Բրիտանիան, զրկվեցին իրենց բոլոր աֆրիկյան, ասիական, լատինամերիկյան գաղութներից, 80–ականների ավարտին դադարեց վերջին կայսրության՝ ԽՍՀՄ–ի գոյությունը։

ԱՄՆ–ն դարձավ միակ աշխարհակալ ուժը ու աշխարհի տիրակալներն սկսեցին միաբևեռ՝ ԱՄՆակենտրոն աշխարհի կառուցումը։ Այս շինարարության սկիզբը դրվեց դեռ 50–ականներին, երբ ԱՄՆ–ն ամբողջ աշխարհին առաջադրեց որևէ բան անելու միակ, գլոբալ, այլընտրանք չհանդուրժող ու անվիճարկելի մեթոդը՝ ամերիկյան ժողովրդավարությունը։ Նաև բոլոր-բոլորին պարտադրեց իր արտադրած միակ ու անփոխարինելի «շինանյութը»՝ ամերիկյան դոլարը։

Միաբևեռ աշխարհակարգի դեմ առաջինը` դեռ 1959 թ-ին պայքարի ելավ Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլլը՝ «Ֆրանսիան է իր քաղաքականության տերը և ամեն ինչ անում է սեփական նախաձեռնությամբ» նշանաբանով: ԱՄՆ-ի պահանջներին ու պնդումներին հակառակ՝ 1960 թ-ին Ֆրանսիան սկսեց սեփական ատոմային ծրագիրը, 1965 թ-ի փետրվարի 4-ին հայտարարեց միջպետական հաշվարկները ոսկու միասնական ստանդարտով կատարելու և դոլարից հրաժարավելու մասին, նույն տարվա գարնանը պահանջեց, որ ԱՄՆ-ն ոսկով փոխի 1,5 միլիարդ դոլարը, սեպտեմբերի 9-ին հրաժարվեց ՆԱՏՕ-ի հանդեպ բոլոր պարտավորություններից, իսկ հաջորդ տարվա փետրվարի 21-ին դուրս եկավ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքից:

Ժողովրդավարության ու դոլարի համադրմամբ՝ ամերիկյան խափանարար և ուղղակի միջամտության առաջին հետևանքները գեներալ դը Գոլլը առարկայորեն զգաց արդեն դեկտեմբերի 5-ի նախագահական ընտրությունների ընթացքում։ Միայն երկրորդ փուլում նրան հաջողվեց առավելության հասնել 54% արդյունքով: Առաջին անհաջող փորձից հետո ԱՄՆ-ն գործի դրեց «ժողովրդավարական» ողջ զինանոցը, դոլարի ուժով հրահրվեցին երիտասարդական, ուսանողական ու հանրային խռովություններ, դժգոհությունների թիրախ դարձվեցին խոսքի ազատության, ռասսայական հավասարության, սոցիալ-տնտեսական պահանջներ։ Նման շատ ավելի մեղմ պահանջներ ներկայացնողներին ԱՄՆ-ում ուղղակի գնդակահարում էին կամ հանձնում Կու-կլուքս-կլանի հաշվեհարդարին. հետո իրենց զոհերին «ժողովրդավարության նահատակ» էին հռչակում ու հերոսացնում։

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ուղղորդված ու հետևողական ջանքերի արդյունքում 1968 թ-ի մայիսի 2-ին Ֆրանսիայում պայթեց ուսանողական խռովությունը, որի կենցաղային պահանջները մեկ օր անց մոռացվեցին, երբ արդեն խռովարարներին էին միացել արհմիությունները, միլիոնավոր բանվորներ գործադուլ էին հայտարարել, երկրի տնտեսությունը կաթվածահար էր: Անգամ այս պայմաններում հունիսի 23-30-ի արտահերթ պառլամենտական ընտություններում նախագահի կուսակցությունն ստացավ ձայների 73,8 %-ը, իսկ գեներալ դը Գոլը՝ աննախադեպ վստահության քվե: Երբ դը Գոլը ապրիլի 27-ի համաժողովրդական հանրաքվեին ներկայացրեց իր բարեփոխական ծրագիրը, հերթական պարտությունից խուսափելու համար ԱՄՆ-ն դոլարի ուժով ոտքի հանեց իր նոր հավաքագրած ակտիվիստների «հինգերորդ շարասյունը», գործադրեց քարոզչական բոլոր հնարքները: Ամերիկյան ժողովրդավարության ու դոլարի ալյանսը երրորդ փորձից հետո հաղթեց և ապրիլի 28-ին նախագահ դը Գոլը հրաժարական տվեց, նոր իշխանություններին որակելով՝ «Ֆրանսիայի հզորության գերեզմանափոր»: Մեկ տարի անց գեներալ Շառլ դը Գոլը հանկարծամահ եղավ: Գրեթե նույն մանրամասնեով այս պատմության տարբերակները մինչ այսօր կրկնվում է բոլոր այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ն ցանկանում է իշխանափոխություն կատարել՝ ԽՍՀՄ, Հարավսլավիա, Աֆղանստան, Իրաք, Լիբիա, Թունիս, Եգիպտոս, Սիրիա, Իրան, Վրաստան, Մոլդովա, Ղրղզստան, Ուկրաինա, Ղազախստան, Ռուսաստանի Դաշնություն...: Օգտագործվում է ցանկացած առիթ, իսկ եթե առիթներ չկան, դրանք ստեղծվում ու հրահրվում են: Եվրոպական տնտեսական միության մեջ մտնելու պարտադրանքը մերժելուց և Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո մեր երկրում նախ այս սցենարի մի քանի դրվագներ տեղի ունեցան, հետո կարվեց գլխավորը։ Պառակտիչ ակցիաներ սադրեցին ազատամարտիկների ու երկրապահների շարքերում, շահարկեցին Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը և անգամ ՀՀ-ԼՂՀ միասնությունը, աննախադեպ ակտիվացան Արևմուտքում ուսուցում ու ստաժավորում անցած տեղական տարատեսակ ու գրանտասուն բնապահպանները, իրավապաշտպանները, անգաղափար ակտիվիստները, աղանդավորները, անսեռ ու սեռական փոքրամասնություններն ու լուսանցքայինները, դեսպանություններին առընթեր բազմացող ու քաղաքական հավակնություններ ունեցող բոլոր-բոլորը։

Առաջացրած այս իրավիճակում Արևմուտքը Հայաստանում նախաձեռնեց թուրքական հեղաշրջման առաջին` մարտիմեկյան արյունոտ փորձը, որը ձախողվեց միայն օրվա իշխանության վճռականության շնորհիվ։ Հետո ձեռնարկեց ՊՊԾ գունդը գրավելու զինված ահաբեկչության ու Սարի թաղի ապստամբության միջոցով հեղաշրջում անելու երկրորդ փորձը, որը թեև ձախողվեց, բայց բացահայտեց օրվա իշխանության երերուն կեցվածքը, իրերն իրենց անուններով կոչելու վճռականության պակասը, թուրքի վարձած թշնամուն քրեական հանցագործ համարելով գոհանալու անհեռատեսությունը։ Երրորդ փորձը թավշյա հեղաշրջումն էր, որի միջոցով` առանց որևէ դիմադրության հանդիպելու և օրվա իշխանության ու քաղաքական դաշտի մյուս խաղացողների համակողմանի աջակցության, արևմուտքը թրքական դրածոյին նշանակեց մեր երկրի ղեկավար։ Հիմա մենք ունենք ժողովրդի իշխանությունը զավթած թրքահպատակ ռեժիմ և թրքական հարաճուն հեգեմոնիային գործնականում չխոչընդոտող ու էական ոչինչ չհակադրող քաղաքական դաշտ, որում կազմավորված «հինգերորդ շարասյունը» ազգային ու պետական վտանգ է այսօր տակավին շարունակվող ու իր եզրափակիչ փուլը մտնող Երրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում: Հայաստանի գերեզմանափորները հայտնի են, բայց արդեն չկան նրանց մատնանշողները։