Ինչպես հայտնի է, Կարեն Հեքիմյանը ստանձնել է Պահպանողական կուսակցության նախագահի պարտականությունները: Ավելի վաղ Միքայել Հայրապետյանը հրաժարական էր տվել կուսակցության նախագահի պաշտոնից։
Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայրապետյանի հրաժարականի պատճառներին, Հեքիմյանն ասաց, որ դրան նպաստել էին մի քանի հանգամանքներ։
«Մասնավորապես, 2021 թ-ի խորհրդարանական ընտրություններին Պահպանողական կուսակցությունը մասնակցում էր դաշինքով՝ «Ազատ հայրենիք», բայց կուսակցականների մի մասը՝ օրինակ՝ ես, դեմ էինք, որ կուսակցությունը մասնակցի այդ ընտրություննրին։ Այդուհանդերձ կուսակցությունը գնաց ընտրությունների, սակայն այստեղ մի աննախադեպ բան տեղի ունեցավ․ Միքայել Հայրապետյանը, լինելով դաշինքի առաջին համարը, չմասնակցեց ընտրություններին։ Պատկերացրեք՝ որևէ երկրում ընտրությունների գնացող որևէ ուժի առաջին համարը չմասնակցի քարոզարշավին ու ընտրություններին։ Սա աննախադեպ է ու անբացատրելի։
Երկրորդ հանգամանքը, որ կուսակցականների համար բավական խնդրահարույց է, այն էր, որ լրագրողներից մեկի հարցին, թե ինչու ձեզ պետք է ընտրողները ձայն տան, Միքայել Հայրապետյանը պատասխանեց, թե մենք չենք խնդրում, որ մեզ ձայն տան, մեզ նրանց ձայները պետք չեն։ Սա նույնպես աննախադեպ էր քաղաքական պրակտիկայում։ Այս ամենը իր ազդեցությունը թողեց կուսակցականների դիրքորոշման վրա։
Հաջորդ խնդրահարույց քայլն այն էր, որ Հայրապետյանը ընտրություններից հետո, առանց խորհրդակցելու կուսակցության անդամների հետ, ընդունեց Նիկոլ Փաշինյանի հրավերը և սկսեց մասնակցել արտախորհրդարական ուժերի հետ հանդիպումներին։ Սա վերջին կաթիլը եղավ։ Կուսակցության ներսում կուսակցականների մի հատվածը սկսեց ընդդիմանալ։ Դրան հաջորդեցին մի շարք բացահայտումներ, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին Հայրապետյանը մի հաշվետվություն էր ներկայացրել, որտեղ նշել էր, որ իբր կուսակցությունը գյուղերում ունի տեղական ստորաբաժանումներ, այնինչ ես անձամբ եմ հարցուներ ուղարկել այդ գյուղերի համայնքապետերին ու պարզել, որ ոչ մի կառույց էլ չկա․ դա ուղղակի խաբեություն է։ Այս ամենից հետո կուսակցության ներսում սկսեցին ընդդիմանալ Միքայել Հայրապետյանին ու շատ տրամաբանական էր, որ ինքը ի վերջո հրաժարվեց կուսակցության նախագահությունից»։
Դիտարկմանը, թե Փաշինյանի հետ հանդիպումների մասնակցող կուսակցությունների ղեկավարները սկսեցին ասոցացվել կառավարող ուժի հետ ու Պահպանողական կուսակցությունը բացառություն չէր, ինչպես են փորձելու, այսպես ասած, «նիկոլամետ» լինելու տպավորությունը ջնջել, Հեքիմյանը պատասխանեց, որ Հայրապետյան Միքայելի հրաժարականից անմիջապես հետո կուսակցությունը հայտարարութուն տարածեց, որով հանրությանը տեղեկացրեց, որ դադարեցնում են որևէ մասնակցություն Փաշինյանի կազմակերպած արտախորհրդարանական ընդդիմության հետ հավաքներին։
«Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես ենք ջնջելու հասարակության մեջ ամրապնդված տպավորությունը, գործընթաց է, որը աստիճանաբար կընթանա ու հուսով եմ՝ բարհաջող կավարտվի։ Ամեն դեպքում՝ ես իմ գործունության ընթացքում երբևէ կասկածի առիթ չեմ տվել որպես իշխանամետ եմ կամ արտախորհրդարանական ձևաչափի ջատագով»։
Անդրադառնալով կուսակցության ծրագրերին՝ նա նշեց կուսկացությունն ունի հեռահար նպատակներ, որոնք ձևակերպված են կուսակցության ծրագրում և կանոնադրությունում։
«Ինչ վերաբերում է տեսանելի ապագային, խնդիրը հետևյալն է, ես անձամբ պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի ամրապնդեմ կուսակցական շարքերը, ներգրավեմ նոր և թարմ ռեսուրսներ, խոսքը թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական ռեսուրսների մասին է։ Առաջիկա անելիքները սրանք են»։
Հարցին, թե ինչպես են առանձնանալու ներքաղաքական ներկապնակում, Հեքիմյանն ասաց, որ փորձելու են ուրույն գիծ դրսևորել քաղաքական կյանքում, փորձելու ենք կրետաիվ լուծումներ առաջարկել մարտահրավերներին։
«Ամեն դեպքում՝ Պահպանողական կուսակցությունը ամենահին կուսկցություներից մեկն է, հիմնադրվել է 1991 թ-ի ապրիլից։ Իհարկե, տարբեր ժամանակահատվածներ ենք ունեցել, հանրության մոտ ամեն դեպքում 32 տարվա ընթացքում մեր կուսակցության վերաբերյալ բացասակայն վերբերմունք չի եղել, գուցե ինչ- որ առումով ճանաչելի չի եղել, բայց վատ տպավորոթյուն էլ չի եղել»։