Երևան +20°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 12:20 29-07-2022

Տիկին Հովսեփյանն ուղղակի պարտավոր է ինձնից արդյունավետ աշխատել․ Ռուբեն Վարդազարյան

Իրավական հանրությունը շարունակում է քննարկել օրերս կայացած Դատավորների ընդհանուր ժողովը, որի արդյունքներով ԲԴԽ անդամ է ընտրվել դատավոր Նաիրա Հովսեփյանը։ Դատավորների ժողովի եւ դրան հաջորդած գործընթացների մասին Oragir.news-ը զրուցել է Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախկին նախագահ եւ նախկին անդամ Ռուբեն Վարդազարյանի հետ։


-Պարոն Վարդազարյան, Դատավորների ժողովը արդեն եղելություն է, Ձեր փոխարեն ընտրվել է ԲԴԽ անդամ։ Ինչպե՞ս եք վերաբերում այս փաստին, արդյոք որեւէ նեղացվածություն, հիասթափություն չկա՞ ձեր գործընկերներից։

-Նախեւառաջ, սրտանց շնորհավորում եմ տիկին Հովսեփյանին ԲԴԽ անդամ ընտրվելու կապակցությամբ։ Վստահ եմ՝ նրան կհաջողվի արդարացնել իրեն ձայն տված անձանց ակնկալիքները։ Երկրորդ՝ շնորհավորում եմ դատական իշխանությանը, որ ի վերջո հաջողվեց հրավիրել ընդհանուր ժողով արձակուրդային այս շրջանում։ Անդրադառնալով Ձեր հարցին՝ ասեմ, որ որեւէ նեղացվածություն, հիասթափություն չունեմ, բազմիցս բարձրաձայնել եմ իմ պայքարելու ունակությունը, կարողությունը, հետեւաբար՝ նման պայմաններում ընդհանուր համակարգից չունեմ նեղացվածություն։

-Պարոն Վարդազարյան, հայտարարում եք, որ Ձեր պայքարը չի ավարտվել, բայց Ձեր գործընկերները Ձեր փոխարեն մարդ են գործուղում ԲԴԽ այն պաշտոնին, որի համար դեռ պայքարում եք, որից Ձեզ հեռացնելու որոշումը վիճարկում եք, նկատի ունեմ՝ որպես անդամ լիազորությունները դադարեցնելու որոշումը կարգապահական վարույթի հիմքով։

-Ես ցավում եմ, որ Ձեզ պես արհեստավարժ լրագրողը դիտարկում է իմ պայքարը պաշտոնի համար։ Իմ պայքարը պաշտոնի համար չէ, ես ցանկանում եմ իրագործել կամ իրականություն դարձնել այն մանկական, պատանեկան երազանքը՝ ունենալ ազատ, անկախ, անաչառ դատական համակարգ, որը զերծ կլինի ցանկացած տիպի քաղաքական ազդեցություններից։

-Պարոն Վարդազարյան, Դուք վաղուց արդեն մանկական, պատանեկան հասակից դուրս եք եկել, ինչպես հայտնի սիթքոմում են ասում՝ «մեծ մարդ եք, հլը հեքիաթների՞ եք հավատում»։ Մի՞թե հեղափոխությունից եւ հատկապես Ձեր հետ տեղի ունեցածից հետո անկախ դատական համակարգ ունենալու երազանքը հօդս չի ցնդել, չի փլվել։

-Ոչ, չի փլվել, ավելին, տեսնելով՝ ինչ է կատարվում դատական իշխանության հետ, գնալով համոզվում եմ, որ պատանեկան երազանքներս իրագործելը չափազանց կարեւոր է եւ արդիական։

-Բայց կարծես Դուք միայնակ եք մնացել այդ պայքարում, քանի որ նույնիսկ դատական համակարգի անկախության համար պայքարող Ձեր դատավոր գործընկերները առնվազն հրապարակային Ձեզ աջակցություն չեն ցուցաբերել անգամ սկանդալային ձայնագրությունից հետո, նույնիսկ Դատավորների միությունը հայտարարություն չտարածեց սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո։

-Շատ կարեւոր հարց տվեցիք, այո, հանրային աջակցություն չեն հայտնել, բայց հավատացեք, որ անձնական զրույցների ընթացքում ոչ միայն աջակցություն եմ ստացել, այլ նաեւ երախտիքի խոսքեր։ Դատական իշխանությունը միշտ եղել է զուսպ, նաեւ՝ պահպանողական, եւ շարունակում է մնալ այդպիսին։ Բացի նրանից, որ դա օրենքի պահանջն է, դա ճիշտ է։

-Բայց մի շարք այլ դեպքերում, օրինակ՝ Բորիս Բախշիյան, Վազգեն Ռշտունի եւ այլն, մենք տեսել ենք հրապարակային արձագանքներ, ինչը Ձեր դեպքում չեղավ։ Ինչեւէ, չե՞ք կարծում, որ դատական համակարգի անկախության համար պայքարը պետք է կուլիսներում եւ տետատետ զրույցներում չլինի, այլ լինի համակարգային, հրապարակային եւ միասնական։

-Ոչ, չեմ կարծում, որ դատավորները պետք է հանրային լինեն եւ համակարգված դիրքորոշում ունենան․ խիստ ծանրաբեռնվածության պայմաններում դատավորները պարտավոր են արդյունավետ արդարադատություն իրականացնել եւ չզբաղվել հանրային գործունեությամբ, բացառությամբ Դատավորների միության, որի ուղիղ գործառույթն է պաշտպանել դատավորների շահերը, եւ ԲԴԽ-ի, որի սահմանադրական առաքելությունն է պաշտպանել դատարանների անկախությունը, որը, ցավոք, իմ պարագայում ոչ միայն չպահպանեց, այլեւ խախտվեց։ Իմ պայքարը ոչ թե դատական համակարգի դեմ է, այլ կոնկրետ մարդկանց, որոնք, ինչ-ինչ քաղաքական դրդապատճառներից ելնելով, ուղղակի վաճառվել են։ Ապագայում ես նրանց բոլորին անդրադառնալու եմ կոնկրետ գործերով եւ փաստերով։

-Դեռ չհրապարակված ձայնագրություններ ունե՞ք։

-Ունեմ հայտնի ձայնագրության չհրապարակված մասը, որը երբեք եւ ոչ մի պարագայում չեմ հրապարակելու, քանի որ այն վերաբերում է այլ անձանց։ Այլ ձայնագրություններ չունեմ։ Իմ կողմից կոնկրետ անձանց մասով ներկայացվելիք փաստերը կապված չեն որեւէ ձայնագրության հետ, այլ ունեն կոնկրետ քրեաիրավական բնույթ, որին իրավական գնահատական պետք է տրվի։

-Անդրադառնանք ժողովին, որին Ձեր մի շարք գործընկերներ չեն մասնակցել, բոյկոտել են։ Ինչպե՞ս եք վերաբերում այս հանգամանքին։

-Վերաբերում եմ հարգանքով, քանի որ բոյկոտը նույնպես դիրքորոշում հայտնելու եղանակներից մեկն է։

-Պարոն Վարդազարյան, քննարկվում էր նաեւ այն հարցը, թե արդյոք դատավորները պետք է կին անդամ ընտրեն, գուցե դա կարող էր անել խորհրդարանը՝ կին գիտնական առաջադրելով, որպեսզի ԲԴԽ-ում ապահովեն կանանց 30 տոկոս ներկայություն։

-Գենդերային հարցը կարգավորված է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, իմ խորին համոզմամբ, դա օրենքի բացն է, հարցն այն է, որ գենդերային հավասարությունը պահպանելու պարտավորությունը դրված է միայն դատական իշխանության վրա, իսկ ԱԺ-ն նման պարտավորություն չունի։ Վստահ եմ, որ հետագայում օրենսդրական բարեփոխումներ կատարելիս այդ հարցը նույնպես կդառնա քննության առարկա։

-Պարոն Վարդազարյան, կա տպավորություն եւ կարծիք, որ տիկին Հովսեփյանին ընտրել են որպես հերոս զինվորի մայր, ինչի պատճառով էլ մի շարք դատավորներ, ունենալով այլ, իրենց կարծիքով ավելի արժանավոր թեկնածու, չեն մասնակցել ժողովին։ Արդյոք հերոսի մայր լինելը դեր խաղացե՞լ է եւ արդյոք ԲԴԽ-ն՝ որպես դատական համակարգի անկախության սահմանադրական երաշխավոր միակ մարմին, այն կառույցն է, որտեղ կարելի է համակարգի կողմից ուղարկել անձի՝ բարոյական պարտքից ելնելով։

-Ցանկանում եմ, որ տիկին Հովսեփյանը իր գործունեությամբ ապացուցի, որ արժանի թեկնածու եւ զոհված հերոսի մայր լինելու հանգամանքը ազդեցություն չի ունեցել ընտրական պրոցեսի վրա։

-Պարոն Վարդազարյան, բայց տիկին Հովսեփյանը ընդամենը 84 ձայն է ստացել, այսինքն՝ նա վայելում է համակարգի ընդամենը 27-28 տոկոսի վստահությունը, եւ նման ցածր քվեով ընտրված դատավորը որքանո՞վ արդյունավետ կկարողանա պաշտպանել համակարգի շահերը։

-Ձեր բարձրացրած հարցը շատ կարեւոր է, բայց դա օրենքի խնդիր է։ Տիկին Հովսեփյանի ընտրությունը եղել է լեգալ եւ լեգիտիմ, նա ընտրվել է։ Եթե ես գրեի «Դատական օրենսգիրքը», կամ իմ կարծիքը հաշվի առնվեր, ապա ԲԴԽ դատավոր անդամները կընտրվեին դատավորների ընդհանուր թվի 3/5-ով, այսինքն՝ կլիներ նույն կարգավորումը, ինչ գործում է խորհրդարանում իրավաբան-գիտնականներին ընտրելիս։

-Պարոն Վարդազարյան, այսօրվա իրականության մեջ, երբ դատական համակարգը կիսահանձնված վիճակում է, ի՞նչ կարող է անել տիկին Հովսեփյանը։ ԲԴԽ ներսում պայքարելը հնարավո՞ր է, երբ հավասարակշռությունը խախտվել է, թե կտեսնենք իրավաբան-գիտնականների հետ ձայն-ձայնի տված քվեարկող հերթական դատավորին, որը այս կառույցում իր պաշտոնը կօգտագործի որպես տրամպլին իր առաջխաղացման համար։

-Ես տիկին Հովսեփյանից ակնկալում եմ ազնիվ աշխատանք, ասեմ ավելին՝ երբ ես դարձա ԲԴԽ նախագահ, մենք առնվազն դատավոր անդամներով եկանք ջենտլմենական համաձայնության, որ ԲԴԽ-ն որպես կարիերայի տրամպլին չենք օգտագործելու։ Այդ պայմանավորվածությունը վերջերս խախտվել է պարոն Չիչոյանի կողմից, չնայած ուրիշ ի՞նչ էինք սպասում Չիչոյանից։ Հուսով եմ, որ այս վատ օրինակը վարակիչ չի լինի։ Չեմ կարծում, որ դատական համակարգը կիսահանձնված վիճակում է, խիղճն ու մասնագիտությունը վաճառքի հանած մի քանի սրիկա դատավորների եւ ԲԴԽ գիտնական անդամների պատճառով չի կարելի պիտակավորել ամբողջ համակարգը։

-Մի խոսքով, տիկին Հովսեփյանը Ձեզնից լա՞վ ԲԴԽ անդամ կաշխատի, թե՞ ոչ, արդյոք կկարողանա՞ ավելի արդյունավետ պաշտպանել դատական համակարգի անկախությունը։

-Էվոլյուցիայի կանոններից ելնելով՝ տիկին Հովսեփյանը ուղղակի պարտավոր է ինձնից արդյունավետ աշխատել։

-Պարոն Վարդազարյան, հայտնի խոսքը հիշեցի՝ թող լավ լինի, բայց նաեւ զգույշ, օրինակ՝ «մարտակոչերով» հանդես չգա, ո՞րն է Ձեր պատգամը ձեր իրավահաջորդին։

-Նախեւառաջ՝ լինել համարձակ եւ սկզբունքային, ինչու ոչ՝ թող լավ լինի, բայց նաեւ զգույշ (ծիծաղում է-խմբ)։


Ինգա Մարտինյան