Երևան +18°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:53 20-03-2023

Մեսրոպ Մակյանի հետ երկար տարիների ընկերությունը թույլ չի տալիս, որ վատ բաներ ասեմ․ Ռուբեն Վարդազարյան

Oragir.News-ը զրուցել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։

- Պարոն Վարդազարյան, ԲԴԽ նախագահն ամփոփելով իր պաշտոնավարման կիսամյակը՝ խոսել է այն մասին, որ 10 տարի առաջ, երբ ՄԻՊ էր աշխատում՝ խոսում էր «անիրավ դատավորներին հարված հասցնելու մասին»։ Նա ասաց նաև, որ անցած 10 տարիներին այն ժամանակ պաշտոնավարող 230 դատավորից 114-ը դուրս է եկել համակարգից ու համակարգն ինքնամաքրվել է։ Ստացվում է, որ համակարգից դուրս եկած բոլոր դատավորները «անիրավ դատավորնե՞ր էին»։

- Ես լսել եմ այդ ելույթը և ինձ մոտ էլ տպավորություն ստեղծվեց, որ պարոն Անդրեասյանը հենց այդպես է նկարագրում իրականությունը, բայց վստահ եմ, որ եթե պարոն Անդրեասյանից մեկնաբանություն ուզեք՝ նա կհերքի և կասի, որ իրականում դա նկատի չի ունեցել։ Ես ավելի քան վստահ եմ, որ դա նկատի չի ունեցել, որովհետև դա չէ իրականությունը։ Այո, եղել են և ինքնամաքրման դեպքեր, եղել են մարդիկ, ովքեր առողջության պատճառով են դուրս եկել համակարգից, եղել են մարդիկ, որոնց կենսաթոշակի տարիքն է լրացել, շատ բուռն է եղել այդ ժամանակահատվածը և, եթե մեկ բառով ասեմ՝ ամեն ինչ եղել է։

Ես մեկ այլ երևույթի վրա ևս երեկ ուշադրություն դարձրի, որի հետ համաձայն չեմ, այնպես ստացվեց, որ կաշառակերությունը այն հիմնական խնդիրն է, որ հուզում է դատական իշխանությանը, որ այդ կաշառակերությունը դատական համակարգի հիմնական խնդիրն է։ Բացարձակ համաձայն չեմ նման մոտեցման հետ։ Գտնում եմ, որ կաշառակերությունը չարիք է, որի դեմ պետք է պայքարել, բայց դա միակ չարիքը չէ։ Կաշառակերության դեմ դատական իշխանությունում հեշտ է պայքարել և հասնել արդյունքի՝ ընդամենը ոչ ազնիվ դատավոր թաթիկին 1-2 անգամ խփելով՝ ամբողջ համակարգը շատ արագ կարելի է ինչպես ժողովուրդն է ասում՝ «խելքի բերել»։

Շատ ավելի վտանգավոր է, երբ դատական իշխանության ներկայացուցիչները, փորձում են քաղաքական իշխանության քիմքին հաճո դատական ակտ կայացնել, սա շատ ավելի լուրջ խնդիր է և ավելի վտանգավոր երևույթ է, քան կաշառակերությունը։

-Արդյոք վերջին ամիսներին լիազորությունները դադարեցված դատավորների հեռանալով՝ դատական համակարգն ավելի մաքրվեց։

-Միանշանակ պնդում եմ, որ վերջին շրջանում լիազորությունները դադարեցված դատավորներից և Նախշքարյանի, և Սուքոյանի, և Անտոնյանի լիազորությունների դադարեցումը ոչ միայն դրական չէ, այլև բացասական է։ Օրինակ՝ դատական իշխանությանը մոտ կանգնած մարդիկ, կհասատեն, որ ես չեմ ստում կամ փորձում ձևափոխել իրականությունը։ Տիկին Նախշքարյանը և պարոն Անտոնյանը իմ պաշտոնավարման ժամանակ ամենախիստ քննադատներն ու ընդդիմախոսներն են եղել՝ և որպես դատարանի նախագահի, և որպես ԲԴԽ նախագահի, բայց իմ մտքով երբեք չի անցել վրեժխնդիր լինել ու նրանց լիազորությունները դադարեցնելու հարց բարձրացնել։

Ավելին, նման անձանցով ձևավորված դատական իշխանության պայմաններում միայն կարելի էր խոսել անկախ դատական իշխանություն ունենալու մասին։ Եթե ինձ հարցնեին՝ ում լիազորությունները կդադարեցնեի, եթե նման լիազորթյուն ունենայի՝ ես կընտրեի որևէ դատական ակտ, որն ակնհայտ իշխանահաճո է՝ այդ դատավորի լիազորությունը կդադարեցնեի, դրա դրական ազդեցությունը շատ ավելի բարձր կլիներ։

-Օրինակ, պարոն Մակյանի լիազորությունները կդադարեցնեի՞ք, նա այն դատավորն է, որ բավարարել է Գրիգորի Խաչատուրովի կալանքի միջնորդությունը, իսկ այսօր Խաչատուրովի փաստաբանները բացահայտեցին, թե առհասարակ գործի, թե կայացրած որոշման չհիմնավորվածությունը։

-Թույլ տվեք՝ ես այդ հարցին չպատասխանեմ մեկ հասկանալի ու պարզ պատճառով, ես երկար տարիներ պարոն Մակյանի հետ ընկերություն եմ արել, և չէի ուզենա՝ առանց դատական ակտը կարդալու, առանց ասուլիսը դիտելու՝ կարծիք հայտնել։ Այս պահին դեռ թույլ տվեք չպատասխանել։ Դրանց ծանոթանալուց հետո՝ պատրաստ կլինեմ պատասխանել այդ հարցին, անկախ նրանից, որ պարոն Մակյանի հետ ընկերություն եմ արել։

Բայց անգամ ԲԴԽ-ում իմ հարցի քննարկման ժամանակ պարոն Մակյանը այնպիսի դիրքորոշում է ունեցել, որ ես ուղղակի ապշած եմ, և այդ երկար տարիների ընկերությունը թույլ չի տալիս, որ ես պարոն Մակյանի հասցեին վատ բաներ ասեմ։

- Անդրեասյանը նաև նշել է, որ գործող 280 դատավորներից 144-ին նշանակվել են հեղափոխությունից հետո։ Կիսո՞ւմ եք նրա ոգևորությունը՝ կապված այդ դատավորի ազնվության և անկաշառության հետ կապված։ Որքանով նրանք զերծ են քաղաքական կոռուպցիայից։

-Այդ դատավորներից շատերը նշանակվել են քաղաքական պայմանավորվածության արդյունքում։ Պայմանն այն է, որ ես քեզ նշանակում եմ դատավոր, բայց դու պետք է ինձ համար դատական ակտեր կայացնես, այսինքն՝ գործարք է՝ դու ինձ, ես՝ քեզ սկզբունքով, այդպիսի դատավորներ այսօր կան և դրանք բավականին շատ են։

Հակակոռուպցիոն բլոկը հենց այդ պայմանավորվածության արդյունքում է նշանակվում, կարող եք նայել ցանկացած վարույթ Հակակոռուպցիոն դատարանում, կտեսնեք, որ իմ ասածը ճշմարտություն է, բոլոր պատասխանող կողմի կամ ամբաստանյալների բոլոր միջնորդությունները մերժվում են։ Դա քաղաքական պայմանավորվածության արդյունք է։

- Անդրեասյանը նաև առաջարկել է «Դատավորի օր» ընտրել, Դուք ո՞ր օրը կառաջարկեիք և ինչո՞ւ։

-Դա տեխնիկական հարց է, ես հիշում եմ, որ այդ ոլորտին առնչվելիս, փաստաբան եղած ժամանակ, դատավոր եղած ժամանակ, դատարանի նախագահ, նաև ԲԴԽ նախագահ եղած ժամանակ այդ հարցը միշտ քննարկվել է և հարցը եղել է նրանում, թե արժե արդյոք նման օր սահմանել, թե՝ ոչ։

Անկախության 30 տարիների փորձը ցույց է տվել ու եկել ենք այն եզրակացության, որ ցանկացած օր էլ դատավորի օր է և դատավորի օր սահմանելու անհրաժեշտություն չկա։ Կարելի է ունենալ Դատական ծառայողի օր։ Կարծում եմ, որ դա տարվա ցանկացած օր կարող է լինել, կարող է կապված լինել, ինչպես եկեղեցական «Անիրավ դատավորի» օրվա հետ, այնպես էլ Մխիթար Գոշի հետ կապված որևէ օր։

Իրականում, Դատական ծառայողի օր կարող է լինել, որովհետև այդ ոլորտում աշխատող մարդիկ աշխատում են ազնվորեն և անձնուրաց։